Սերժ Սարգսյանի ևս մեկ գործարք է անվավեր ճանաչվել. հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի մոտ 298 մլն դրամ
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանի կնքած՝ հողամասի առուվաճառքի հերթական պայմանագիրն է անվավեր ճանաչվել. հօգուտ Հայաստանի կբռնագանձվի մոտ 298 մլն դրամ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայց էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանի և ֆիզիկական անձի միջև 2005 թվականի դեկտեմբերի 17-ին կնքված՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Ծովակալ Իսակով պողոտայում գտնվող՝ 1.4514 հա մակերեսով հողամասի առուվաճառքի պայմանագիրը:
Դատարանը, բավարարելով հայցը, անվավեր է ճանաչել առուվաճառքի պայմանագիրն ու, որպես պայմանագրի անվավերության հետևանք, վճռել՝ ֆիզիկական անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել հողամասի արժեքը՝ 297 միլիոն 980 հազար դրամ:
Վճիռը մտել է օրինական ուժի մեջ, տրամադրվել է կատարողական թերթ:



