«Հայաստանի վիշիստները հիմա ամբողջացնում են մեր պետությունը թուրքերին ու ադրբեջանցիներին մատաղ անելու ծրագրի վերջին ու հիմնական արարը»

Նարեկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գյումրիում Նիկոլ Փաշինյանն ազդարարեց «յաշիկ առ յաշիկ» հետ բերելու իր ծրագիրն ու բացեց քաղաքական հետապնդումների հերթական արարը։

Նկատենք, որ յոթ տարի իշխանության ղեկին գտնվող Նիկոլ Փաշինյանը (իսկ նա արդեն ավելի երկար է կառավարել, քան ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը) հերթական անգամ դաշտ է նետում «քյաբաբ առ քյաբաբի» կուտը՝ հասարակության շրջանում Ռոբին Հուդի կերպարը վերականգնելու համար։ Այսօր արդեն հայտարարվեցին Սերժ Սարգսյանի, Տարոն Մարգարյանի և… Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրգործեր հարուցելու մասին, որը, քպ-ականների համոզմամբ, թերևս ինչ-որ շրջան կպահի հասարակությանը գամված հեռուստացույցին ու գաթջեթներին։

Հայտարարությունը, սակայն, որ արվեց Գյումրիում, նպատակ չունի ծառայելու Գյումրիի ընտրություններին, որտեղ «ՄերՍարիկ» օպերացիան, ամենայն հավանականությամբ, с треском ձախողվելու է։ Փաշինյանական շոուների հիմնական նպատակն առաջիկայում Ալիևի հետ սպասվելիք ստորագրվող թղթի վրայից հասարակության ուշադրության շեղումն է։

Իսկ դա լինելու է թուղթ, որով Հայաստանն աշխարհի քաղաքական քարտեզի վրա դառնալու է թուրք-ադրբեջանական backyard՝ հետնաբակ կամ, թերևս ավելի ճիշտ է գրել, խորդանոց։

Արդեն այսօր Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Բաքվի հետ քննարկում են երրորդ երկրների ուժերի տեղակայումը ընդհանուր սահմանին բացառող ու միջազգային ատյաններից բոլոր հայցերի հետքաշման հարցը։

Պետք է հիշել, որ մինչ այդ փաշինյանական ագիտպրոպը հայտարարում էր, թե երրորդ երկրների ուժերը՝ իսկ այս պարագայում ԵՄ դիտորդները, կարող են դուրս գալ արդեն սահմանազատված հատվածներից, այսօր այդ մասին Միրզոյանը ոչինչ չի ասում։

Բաքվում գերության մեջ տառապող մեր հայրենակիցների ֆոնին բոլոր միջազգային հայցերից հրաժարվելը նշանակում է նրանց ազատ արձակման վերջին խաղաթղթերից մեկը զոհել, ինչպես նաև փակել Երևանի և Բաքվի միջև հարաբերություններում մեզ համար նպաստավոր միակ հանգամանքը։

Սրան պետք է գումարել ադրբեջանական քարոզչամեքենայի՝ պատերազմ սկսելու մասին ուղիղ հայտարարությունները, որպեսզի պատկերը դառնա ամբողջական, թե ինչպես են պասերով խաղում ՔՊ-ն ու Ալիևը, բայց արյունոտ գոլ խփում անպաշտպան դարձած Հայաստանի դարպասին։

Միով բանիվ, Հայաստանի վիշիստները հիմա ամբողջացնում են մեր պետությունը թուրքերին ու ադրբեջանցիներին մատաղ անելու ծրագրի վերջին ու հիմնական արարը, իսկ այն հասարակության մեջ հնարավորինս անաղմուկ անցկացնելու համար անհրաժեշտ է իրականացնել շոուներ, դատավարություններ, հարուցել աղմկոտ քրգործեր ու խոստանալ «քյաբաբ առ քյաբաբ» օպերացիաներ։

Այս զարհուրելի սցենարը կանխելու համար պետք է առաջնորդություն, համախմբում, օրակարգ։ Մի բան, որ այս պահին դեռևս, ցավոք, չի երևում»։

Տեսանյութեր

Լրահոս