«Առաջին մեծ ճնշումն Ադրբեջանի վրա պետք է լինի Հայաստանի կողմից, միջազգային հանրության ճնշումները լինելու են հայտարարությունների մակարդակի». Դավիթ Գալստյան

Այսօր Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի շրջանակներում տեղի կունենա քննարկում Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների վերաբերյալ։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակիցը փոխանցել է, որ ԵԽ լիագումար նիստում մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության խախտման դեպքերի վերաբերյալ դեբատների շրջանակում եվրախորհրդարանականների ուշադրության կենտրոնում կլինեն նաև Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիները՝ «Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրագույն քաղաքական ներկայացուցիչների անօրինական ձերբակալություններն ու կեղծ դատավարությունները» խորագրի ներքո։

Նույն հարցի առնչությամբ հրատապ բանաձևը քվեարկության կդրվի վաղը՝ մարտի 13-ին։

Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը խոսելով ԵԽ նիստի ու ակնկալիքների մասին, ասաց՝ չի նկատում, որ այսօր Ադրբեջանի վրա որևէ ճնշում կա հայ գերիների, պատանդների հարցով։

Կարդացեք նաև

«Առաջին մեծ ճնշումն Ադրբեջանի վրա պետք է լինի Հայաստանի կողմից, որպեսզի աշխարհը ևս որոշակի քայլեր անի։ Իսկ միջազգային հանրության ճնշումները լինելու են հայտարարությունների մակարդակով, ինչպես տեսել ենք Արցախի բլոկադայի ժամանակ, մենք դրա միջով անցել ենք ու գիտենք։ Եթե ՀՀ իշխանությունն իր ունեցած գործիքակազմը չի օգտագործում, ապա մնացած բոլոր հարթակներում ամեն ինչ լինելու է հայտարարությունների մակարդակի»,- 168.am հետ զրույցում նշեց Դավիթ Գալստյանը։

Մեր զրուցակիցը ևս մեկ անգամ հիշեցրեց՝ Հայաստանի իշխանությունները գերիների ու պատանդների հարցով որևէ քայլ չեն իրականացնում։

«Առ այսօր տեսանելի դաշտում այս իշխանությունները որևէ գործողություն չեն արել և իրենց անգործությունը փորձում են ներկայացնել, իբր թե, որ գերիներին չվնասեն։ Սակայն հասարակության մեծ ճնշման ներքո որոշակի հայտարարություն արեց արտգործնախարարը և փորձում են ինչ-որ այլ հարթակներում բարձացնել հարցը։ Սակայն այն գործիքակազմը, որն այսօր ունի իշխանությունը, լիարժեք չի օգտագործում գերիներին հետ բերելու համար։ Իշխանությունները խոսում են ամեն ինչից, բանակցություններ են վարում, առաջարկներով հանդես գալիս, բայց երբևէ գերիների վերադարձը՝ որպես նախապայման, առաջ չեն քաշել, ինչպես Ադրբեջանն է բազմաթիվ նախապայմաններ առաջ քաշում»,- շեշտեց Դավիթ Գալստյանը։

Նա ըnդգծեց, որ ՀՀ իշխանությունը կարող է նախապայման առաջ քաշել, որ մինչև գերիների հարցը չլուծվի, որևէ քննարկում Ադրբեջանի հետ չի իրականացնի, և դա աշխարհը կընդունի։ Միայն այդ գործողությունից հետո Ադրբեջանի վրա ճնշումները կմեծանան միջազգային հարթակներում։

Ինչ վերաբերում է վաղը ՀՀ-ում Շվեjցարիայի դեսպանատան մոտ սպասվող ակցիային, Դավիթ Գալստյանը նկատեց՝ ակնկալիքներ ունի Շվեյցարիայից, որի խորհրդարանի Վերին պալատը հաստատել է Ստորին պալատի առաջարկը՝ արցախահայերի վերադարձի համար համաժողով անցկացնելու համար։

«Հայաստանի պատկան մարմինները չեն խոսում արցախահայերի վերադարձի մասին, մեր միակ հույսը, ցավոք, ոչ թե Հայաստանն է, որը հանդիսացել է Արցախի անվտանգության երաշխավորը, այլ՝ օտարերկրյա պետությունները։ Մեզ համար ցավալի է, որ այլ երկրներում ավելի շատ են արցախահայերի մասին խոսում, քան ՀՀ օրվա իշխանությունները»,- ընդգծեց Դավիթ Գալստյանը։

Տեսանյութեր

Լրահոս