
Ո՞վ է եղել Ռուբեն Վարդանյանի դեմ ցուցմունք տվողը

Մարտի 11-ին շարունակվել է Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին վերագրվող գործի քննությունը։
Ադրբեջանական «Ազերթաջ» պետական լրատվական գործակալությունը այս դատական նիստի առնչությամբ նշել էր, թե դատական նիստին` գործով «տուժողները» Ռուբեն Վարդանյանի դեմ ցուցմունքներ են տվել և թե իբր պատմել են` ինչ վնասվածքներ են ստացել պատերազմի ժամանակ և ինչ պայմաններում:
Ցուցմունք տվածները, ըստ այդ լրատվամիջոցի, նաև Ռուբեն Վարդանյանի համար առավելագույն պատիժ են պահանջել:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ռուբեն Վարդանյանի դեմ ցուցմունք տվողները Մուշեղ Գրիգորյանն ու Կամո Հայրապետյանն են եղել։
Վերջինի մասին, ի դեպ, հետաքրքիր մանրամասներով ֆեյսբուքյան գրառում է կատարել Արցախից Արմինե Մարտիրոսյանը.
«Ի դեպ, թուրքի դատարանում ցուցմունք տվող Կամոյի հորը ադրբեջանցիները սպանել են Բաքվում՝ մետրոյի «Գյանջլիկ» կայարանի դիմաց՝ հակամարտության սկզբում։ Կամոն նրան գտել է շտապօգնության հիվանդանոցի դիահերձարանում. նրան ստիպել են` «բացատրական գրություն» գրել, թե հայրը մահացել է սրտի կաթվածից, երբ նրա մարմնին դանակի 17 հարված է եղել։ Կամոն հորը թաղել է հայրենի գյուղում՝ Մարաղայում։ Հետագայում գյուղը գրավվեց ադրբեջանցիների կողմից և մինչև վերջ մնաց նրանց վերահսկողության տակ»։
Այս տեղեկությունները նորից փաստում են` ինչպես և սպասելի էր, ադրբեջանական դատարաններն ուղղակի ճնշումների տակ են կորզում կեղծ ցուցմունքները, ինչը ևս մեկ անգամ ցույց տալիս բեմականացված դատավարության ողջ թշվառությունը։