Վրաստանի իշխանությունը քրեականացնում է «հայրենիքի դավաճանությունը»

«Վրացական երազանք»-ը նախատեսում է Քրեական օրենսգրքում (ՔՕ) «Հայրենիքի դավաճանության» մասին հոդված ավելացնել։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Սպասվող օրենսդրական փոփոխության մասին «Վրացական երազանք»-ի գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն խոսել է կուսակցության գրասենյակում կայացած ճեպազրույցում։

«Մեր որոշմամբ` Վրաստանի քրեական օրենսգրքում կավելացվի կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ կվերականգնվի դավաճանության մասին հոդվածը, որը ժամանակին «Միացյալ ազգային շարժում»-ը հանել էր Քրեական օրենսգրքից։ Որքան էլ դա զարմանալի կամ խորհրդանշական լինի, դա արվել է օգոստոսյան պատերազմից առաջ՝ 2007 թվականի ապրիլին»,- ասել է Մդինարաձեն։

Նախկինում «Վրացական երազանք»-ի միակուսակցական խորհրդարանում «Միացյալ ազգային շարժման» (ՄԱՇ) կառավարության գործունեությունը հետաքննող ժամանակավոր քննչական հանձնաժողով էր ստեղծվել։

ՄԱՇ-ի գործունեության արգելումն ու կուսակցության համար «խիստ քաղաքական ու իրավական վճիռ» կայացնելը «Վրացական երազանք»-ի նախընտրական խոստումն էր, որի համար կուսակցությունը մտադիր էր խորհրդարան մտնել սահմանադրական մեծամասնությամբ, ինչը չհաջողվեց:

2025 թվականի օգոստոսի 7-ին լրանում է 2008 թվականի օգոստոսյան պատերազմի մեկնարկի 17 տարին։ Վերջին մեկ տարվա ընթացքում «Վրացական երազանք»-ն ավելի հաճախ է խոսում ՄԱՇ-ի կառավարության պատասխանատվության մասին։

Տեսանյութեր

Լրահոս