
Անկարան պատրաստ է ցանկացած դեր խաղալ՝ նպաստելու Ուկրաինայում խաղաղությանը․ Ֆիդան

Թուրքական TRT World հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է և պատրաստ է ցանկացած դեր խաղալ՝ նպաստելու Ուկրաինայում խաղաղությանն ու այս երկրի վերականգնմանը։
Հիշեցնելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կողմ է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «անհապաղ զինադադարին»՝ նա նշել է՝ «պոտենցիալ խաղաղության ծրագրի իրագործումը բարդ խնդիր է, բայց արժե փորձել»։
Ըստ Ֆիդանի՝ նախևառաջ անհրաժեշտ է պատրաստել կենսունակ և երկարաժամկետ խաղաղության ծրագիր։
«Այս պահին ԱՄՆ վարչակազմը, եվրոպացիները, մենք․ մենք բոլորս աշխատում ենք հնարավոր հրադադարի և խաղաղության ծրագրի տարբեր ասպեկտների շուրջ: Այդուհանդերձ հույժ անհրաժեշտ է կարճաժամկետ արտակարգ հրադադարի համաձայնեցումը երկարաժամկետ ռազմավարական խնդիրների լուծման հետ: Սա հենց այն է, ինչի շուրջ մենք հիմա աշխատում ենք»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը։
Ընդգծելով, որ Անկարան իր տարածքում հրադադարի բանակցություններ անցկացնելու առաջարկ է արել՝ Ֆիդանը վերահաստատել է՝ Թուրքիան պատրաստ է կազմակերպել այդ բանակցությունները։
«Իդեալական աշխարհում մենք, իհարկե, կցանկանայինք տեսնել Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանումը։ Բայց հիմա պատերազմ է գնում, և, ցավոք, պատերազմի այս պահին մենք պետք է որոշակի ընտրություն կատարենք, որոշ տհաճ որոշումներ կայացնենք»,- հայտարարել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ հավելելով, որ այժմ բոլոր կողմերը կենտրոնացած են առաջնահերթությունների մշակման վրա։