
Փաշինյանը զայրացել է. Գերմանիայում ՀՀ դեսպանը հետ կկանչվի՞. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Եթե Ամերիկայի Միացյալ Նահանգներում Նիկոլ Փաշինյանի հանդիպումը «հայ համայնքի ներկայացուցիչների» հետ պարզապես ձախողված էր, ապա Մյունխենում համանման «հանդիպումը», մեղմ ասած, խայտառակություն է եղել:
Երեկ տեղեկություններ տարածվեցին, որ հանդիպմանը հայկական Սփյուռքի որևէ կառույցի և կազմակերպության անդամ ներկա չի եղել։ «Հանդիպումին չէին մասնակցել ո՛չ Հայոց Թեմը, ո՛չ 16 եկեղեցական միություններից մեկը, ո՛չ էլ Գերմանահայ Կեդրոնական խորհուրդը կամ անդամ համայնքի կազմակերպություններից որևէ մեկը»,- մասնավորաբար գրել էր Գերմանահայ Կենտրոնական խորհրդի վարչության նախագահ Ջոնաթան Շփանգենբերգը՝ հավելելով, որ չկար մեկ ճանաչված անձնավորություն կամ մտավորական, իսկ Մյունխենի Հայ միության նոր ընտրված վարչությունից ներկա է եղել միայն մեկ անդամ:
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս հանգամանքից սարսափելի նեղված ու զայրացած է եղել Նիկոլ Փաշինյանը: ԱԳՆ մեր աղբյուրի փոխանցմամբ, նա պարզապես «պատեպատ է տվել» Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանին, որ պատշաճ հանդիպում չի կարողացել կազմակերպել: Ավելին, կան տեղեկություններ, որ դեսպանը նույնիսկ կարող է հետ կանչվել»