
Գույքահարկը տասնապատիկ թանկացրել են՝ թալա՞ն, բնակչի գրպան մտնե՞լ, ինչպես ուզում եք՝ անվանեք. Կարեն Չիլինգարյան

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը Հայաստանում գույքահարկի սահմանած բարձր գներն անտրամաբանական է համարում՝ հաշվի առնելով մարդկանց սոցիալ-տնտեսական ծանր վիճակը։
«Ստացվում է, որ հիմա Կենտրոնում բնակարան ունեցող քաղաքացիները, կոպիտ ասած, իրենց բնակարանի ձեռքը «կրակն են» ընկել, չգիտեն՝ ապրե՞ն, թե՞ բարձր գույքահարկ վճարեն այս ծանր պայմաններում։
Գույքահարկը միշտ էլ գոտիավորված է եղել, բայց նման գներ Հայաստանում երբեք չեն եղել։ Գույքահարկը շատ են բարձրացրել, եթե նախկինում 5000 դրամ էին տալիս, հիմա 50.000 դրամ պետք է տան։ Հիմա ես չգիտեմ՝ սա ինչպես բնութագրեմ՝ թալա՞ն, բնակչի գրպան մտնե՞լ, ինչպես ուզում եք՝ անվանեք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կարեն Չիլինգարյանը՝ խոսելով գույքահարկի բարձրացման և դրա հետ կապված՝ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարության մասին։
Նրա խոսքով՝ այսօր այնպես չէ, որ ծայրամասերում գույքահարկը շատ ցածր է, հին շենքերի գույքահարկը նույնպես բարձրացել է։
«Հարց է առաջանում, այդ հին շենքերի բնակիչներն ի՞նչ անեն, բնակարանը վարձով տան, գնան ո՞ւր ապրեն՝ գյուղո՞ւմ։ Նախկինում ծայրամասում գույքահարկը 500 դրամ էր, հիմա կարծեմ՝ 7000-8000։ Մի խոսքով՝ շատ են թանկացրել, գույքահարկը տասնապատիկ թանկացրել են, տրամաբանական չէ՝ շենքը հնանում է, բայց գույքահարկը բարձրանում է»,- հավելեց մեր զրուցակիցը։
Կարեն Չիլինգարյանի բնորոշմամբ՝ Կենտրոնում ապրող բնակիչը, ով ժառանգություն է ստացել իր բնակարանը, ի՞նչ պետք է անի, վաճառի՞ իր ստացած ժառանգությունը։
«Օրինակ, մարդը, որը ժառանգություն է ստանում թանկարժեք մեքենա, նա մտածում է կա՛մ այն վաճառելու, կա՛մ վարելու մասին, եթե, իհարկե, հնարավորություն չունի բարձր գույքահարկ վճարի։ Նույնն էլ բնակարանի դեպքում է, այսքան գույքահարկի բարձրացումը, մեղմ ասած՝ անխղճություն է։
Տարբեր երկրներում տարբեր չափով են սահմանված գույքահարկի չափերը, օրինակ, եթե Անգլիայում բարձր է, ինչո՞ւ պետք է Հայաստանում էլ այնքան բարձր լինի, որքան այնտեղ է, չէ՞ որ հայաստանցին այնքան լավ չի ապրում, որքան անգլիացին։ Նկատի ունեմ, որ երկրները գույքահարկը սահմանում են՝ հաշվի առնելով մարդկանց ու երկրի սոցիալական վիճակը, ինչը Հայաստանում այդպես չէ։ Մենք ինչպե՞ս կարող ենք համեմատվել եվրոպական երկրների հետ։
Չպետք է այնպիսի պայմաններ ստեղծեն, որ մարդիկ ստիպված թողնեն իրենց սեփական բնակարանը»,- ընդգծեց Կարեն Չիլինգարյանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր նաև գույքահարկի բարձրացմանը, նշելով, որ եթե գույքահարկը բարձրացել է, դա նշանակում է, որ մարդկանց տան գինն է բարձրացել։
«Հիմա այստեղ քննարկվում է, ասում են՝ բայց դե, մարդը տունը չի վաճառում, ինքը դա չի զգում, ես էլ ասում եմ՝ այստեղ ես կարող եմ բերել իմ սեփական օրինակը։ Ես 2005 թվականին ձեռք եմ բերել բնակարան և ես նախորդ տարի իմ բնակարանը, մեր բնակարանը, այն դե յուրե իմը չէ, վաճառել ենք մեր ձեռք բերած գնից մոտավորապես 3 անգամ ավելի թանկ։ Վաճառել ենք, որպեսզի նոր բնակարան ձեռք բերենք։ Այսինքն՝ բարձր գույքահարկը նշանակում է իր գույքի արժեքի բարձրացում։
Սա այն դասական դեպքն է, երբ մենք գումարը քաղաքացու աջ գրպանից վերցնում ու դնում ենք ձախ գրպանը։ Բարձր գույքահարկը նշանակում է՝ քաղաքացին նստած իր տան մեջ՝ հարստացել է, սրա մասին է խոսքը»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։