Ի՞նչ վտանգներ է պարունակում 4-րդ կարգի ցորենը առողջության համար
«Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանը 4-րդ կարգի ցորենի օգտագործման բացասական հետևանքներն է ներկայացրել։
Հիշեցնենք՝ Ադրբեջանի տարածքով Հայաստան ներմուծված ցորենը հենց 4-րդ կարգի է։ Այն նվազ որակի հացահատիկ է, հիմնականում օգտագործվում է որպես կենդանիների համար նախատեսված կեր։
«Ցորենի 4-րդ կարգը ինքնին վտանգավոր չէ, եթե այն պատշաճ մաքրված է և չի պարունակում բորբոս կամ թունավոր մնացորդներ։
Սակայն այն նվազ որակի հացահատիկ է, և դրա երկարաժամկետ օգտագործումը կարող է բացասաբար ազդել առողջության վրա։
Ի՞նչ վտանգներ կարող է ունենալ
Սննդային արժեքի պակաս – քիչ սպիտակուց և գլյուտեն, հետևաբար, հացն ու մակարոնը դառնում են «դատարկ»՝ առանց բավարար սննդարար նյութերի։
Բորբոսի և միկոտոքսինների ռիսկ – պահեստավորման ընթացքում կարող են առաջանալ սնկեր, որոնք վնասում են լյարդը և թուլացնում իմունային համակարգը։
Մարսողական խնդիրներ – օտար նյութերը (քարիկներ, կեղևներ, մոլախոտեր) կարող են գրգռել մարսողական համակարգը՝ առաջացնելով ծանրություն և փքվածություն։
Գլյուտենային և ալերգիկ ռեակցիաներ – վատ որակի գլյուտենը դժվար է մարսվում նույնիսկ առանց ցելիակիայի ունեցող մարդկանց մոտ։
Ե՞րբ վտանգ չկա
Եթե ցորենը պատշաճ մաքրված է, չորացված և փորձաքննություն անցած է, օգտագործվում է խառնուրդի ձևով՝ բարձր կարգի ցորենի հետ, ապա այն չի առաջացնում լուրջ առողջական խնդիրներ, պարզապես սննդային արժեքը պակասում է։
Հացը, առողջ լինելու համար, պետք է լինի ոչ միայն թարմ, այլև որակյալ»,- նշել է մասնագետը։

