Ստեփան Սաֆարյանը` ՀՀԿ-ին. «Բա որ էդքան ձայն ունեք, ինչո՞ւ եք գզիրի նման ընկել դռնեդուռ»
Այսօր Հայաստանում «Գելափ» միջազգային կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչը, ըստ «Արմնյուզ» հեռուստաընկերության, հրապարակել է մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու քարոզարշավի վերաբերյալ հարցումները, ըստ որի` եթե ընտրությունը կայանար այս կիրակի, երևանցիների 41,5 տոկոսը ձայնը կտար Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին: Իսկ ընտրություններին մասնակցող մյուս կուսակցությունների ձայները, ըստ Գելափի սոցհարցման, բաշխվել են հետևյալ կերպ` «Բարգավաճ Հայաստան»` 14.5 տոկոսը, «Բարև, Երևան» դաշինք` 7.9 տոկոսը, ՕԵԿ-ին` 3.7 տոկոս, Հայ հեղափոխական դաշնակցություն` 3.1 տոկոս, Հայ ազգային կոնգրես` 2.9 տոկոս:
Այսօր Երևանի Էրեբունի վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ «Բարև, Երևան» դաշինքի ներկայացուցիչ, «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Ստեփան Սաֆարյանը, անդրադառնալով վերոհիշյալ սոցհարցման արդյունքներին, նշեց, որ իշխանությունները վերջին ընտրությունների ժամանակ որոշել են, այսպես կոչված, «ֆիրմա» սոցիոլոգիական ընկերություններ հրավիրել Հայաստան:
«Դրանցից մեկի անունը «Գելափ» է, այդ կազմակերպությունն ամերիկյան հայտնի կազմակերպություն է, և պիտի ասեմ, որ երբ այնտեղ կամ աշխարհի որևէ այլ անկյունում հարցումներ են անում, դրանց ճշգրտությունը չի գերազանցում մի քանի տոկոսը: Հիմա այդ կազմակերպության անունը Մերձբալթիկայում ապրող մի ավանտյուրիստ կին ուղղակի գրանցել է և հաճելի գործարք է իրականացնում Հայաստանի կառավարող շրջանակների հետ միասին: Փողը տալիս են, գալիս են այստեղ ճգիտես` ինչպես իբրև թե հարցումներ են անում»,- ասաց Ս.Սաֆարյանը:
Նա մեջբերեց հեռուստաալիքներից մեկով «Գելափի» ներկայացուցչի հայտարարությունը, թե, ըստ հարցման, Երևան քաղաքի բնակիչների մեծամասնությունը քաղաքում փոփոխություն չի ուզում: «Այս կարգի սուտ ուղղակի անպատկերացնելի է որևէ բանական մարդու համար»,- նշեց նա:
«Ներկայացնում են, թե իբրև գործող քաղաքապետը և իր թիմն արդեն ունեն 41 տոկոս: Բա որ 41 տոկոս ունեք, ինչո՞ւ եք Հանրապետության բոլոր մարզպետներին բերել Երևան, գրասենյակներ վարձել, և այստեղ դարձել են շտաբի պետեր և մարզերում ապրող մարդկանց պարտադրում են Երևանում ապրող իրենց հայրենակիցներին պարտադրել, որպեսզի քվեարկեն: Բա որ էդքան ձայն ունեք, ինչո՞ւ եք գզիրի նման ընկել դռնեդուռ, ավարտեք քարոզարշավը, մայիսի 6-ին ուղղակի կարթնանաք և կիմանաք, թե որքան ձայն ունեք»,- ավելացրեց Ստեփան Սաֆարյանը: