Լեգիտիմության ճգնաժամ, կամ ինչո՞ւ է Լևիաթանի ուրվականը շրջում Հայաստանում
Իրենց պտղից կը ճանաչեք նրանց։
Ավետարան ըստ Մատթէոսի (7:16)
Ողբերգություն
Տպավորություն է ստեղծվում, թե երկրի գլխավոր բանակցողն անկեղծացել է։
Ամիսներ առաջ նա խոստովանեց, որ 2018թ. սխալվեց՝ հանրությունից թաքցնելով իր անձնական համոզմունքն Արցախի պահպանման աննպատակահարմարության վերաբերյալ։ Օրերս էլ Վաշինգտոնում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նա հռչակեց, որ 2020թ. պատերազմում կրած պարտությունը թույլ է տալիս ամրացնել Հայաստանի ինքնիշխանությունը։
Նա թքած ունի, որ երկրի տարբեր տարածքներ բռնազավթված են Ադրբեջանի կողմից, որ սահմանազատման քողի ներքո մեկնարկել է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով երկրի ռազմավարական դիրքերի՝ թշնամուն միակողմանի շնորհման գործընթացը, որ թշնամիների ճնշմամբ հող է նախապատրաստվում վերանայելու ազգային և պետական խորհրդանիշները։ Հետևաբար, նման մեկնաբանություններն անհրաժեշտ է դիտարկել բացառապես իր ստանձնած հանձնառությունների կոնտեքստում. երկրի գլխավոր բանակցողը հանդիսանում է ֆաուստյան գործարքի կողմ, և եկել է մեֆիստոֆելին փոխհատուցելու պահը:
Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ ինքնիշխանության վերաբերյալ նրա մեկնաբանությունն իրականում ինքնախոստովանություն է: Պատերազմում պարտությունից, Արցախը հանձնելու ևդաշնակցային պարտավորություններից հրաժարվելու արդյունքում մեր արտաքին քաղաքականությունն իսկապես ստացել է մանևրելու ազատություն[1], միայն թե այս պարագայում տեղի է ունենում ոչ թե Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ամրապնդում, այլ ինքնիշխանության խեղում։
Բացատրեմ միտքս։
Ինքնիշխանության անատոմիա
Եվրոպական Լուսավորականության ժամանակներից ի վեր քաղաքական ինքնիշխանությունը (sovereignty) ներառում է նաև ժողովրդի ինքնիշխանությունը, ըստ որի՝ իշխանության աղբյուրը ժողովուրդն է, որն ունի պետության կառավարմանը մասնակցությամբ իր ճակատագիրը որոշելու գերագույն իրավունք։
«Իշխանությունը պատկանում է ժողովրդին» սկզբունքն իրականացվում է, նախևառաջ, ընտրությունների միջոցով իշխանություն ձևավորելու, այն վերահսկելու և օրենսդրական գործընթացներին մասնակցելու ժողովրդի անօտարելի իրավունքի միջոցով։ Ի տարբերություն միապետի իշխանության, որը համարվում է ի վերուստ տրված, ժողովրդի ինքնիշխանությամբ պայմանավորված՝ ժամանակակից ազգային պետություններում իշխանությունը ձևավորվում է ժողովրդի համար, ժողովրդի կամքով և հանուն ժողովրդի կամքի արտահայտման։
Անաչառությունը պահանջում է խոստովանել, որ առարկայական և ենթակայական հանգամանքներից ելնելով, 1990 թվականից սկսած ժողովրդի ինքնիշխանության սկզբունքը հաճախ ստորադասվել է պետական ինքնիշխանության սկզբունքին։
Պետականաշինության առաջնահերթությունների աստիճանակարգման հետևանքով ազգային ինքնիշխանությանը տրված նախապատվությունը հնարավոր դարձրեց ճակատագրական փուլերում ապահովել նորանկախ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնմխելիությունը, արցախահայության անվտանգությունը, իրականացնել ինքնուրույն արտաքին և ներքին քաղաքականություն՝ առանց կողմնակի թելադրանքի։
Փոխլրացման արտաքին քաղաքականությունը, որը, թեև երբեմն աշխարհաքաղաքական լարվածություն էր առաջացնում որոշ միջազգային դերակատարների հետ փոխհարաբերություններում, այնուամենայնիվ, բավական բարենպաստ պայմաններ ստեղծեց Հայաստանի միջազգային համագործակցության համար: Այս հայեցակարգն ավելի քան երկու տասնամյակ նպաստեց, մասնավորապես, ԵԱՀԿ հովանու ներքո Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի զարգացմանը և Արցախի սուբյեկտայնության բարձրացմանը, օգնեց հաստատել Անկարայի հետ հաղորդակցություն և ապահովել Հայոց ցեղասպանության միջազգային լայն ճանաչում, խթանել Հայաստանի համագործակցություն՝ ինչպես ՀԱՊԿ-ի, այդպես էլ՝ ՆԱՏՕ-ի հետ, խորացնել արտոնյալ տնտեսական գործընկերությունը թե՛ ԵԱՏՄ-ի, թե՛ ԵՄ-ի հետ։ Ես պնդում եմ, որ ընդհանուր առմամբ արտաքին ինքնիշխանությունը մինչև 2018 թվականը բավականին ներդաշնակորեն համակցված էր ներքին ինքնիշխանության հետ։
L’État, c’est moi[2]
Իրավիճակն արմատապես փոխվեց այն բանից հետո, երբ երիտհեղափոխականները զավթեցին իշխանությունը։ Ակնհայտ անիրատեսական և կեղծ խոստումների միջոցով մարդկանց բացահայտ խաբելը, արտաքին ճակատում աղետների շարքը և ներքին խնդիրների սրացումը լրջորեն խաթարեցին հանրության զգալի մասի վստահությունը ոչ միայն իշխող կուսակցության, այլև Հայաստանի քաղաքական կյանքի նկատմամբ առհասարակ։ Տոտալ հանրային ապատիան բացահայտվեց թե՛ 2021 թվականի ԱԺ ընտրություններում, թե՛ 2024 թվականի Երևանի ավագանու ընտրություններում ընտրազանգվածի չափազանց ցածր մասնակցությամբ։ Եթե անգամ ենթադրենք, որ անցած ընտրությունները քիչ թե շատ համապատասխանել են օրենքին, ապա դա ընդամենը կնշանակի իշխանությանօրինականություն (legality), որը զուտ իրավական կատեգորիա է և արտահայտում է «իշխանությունը՝ ըստ օրենքի» սկզբունքը։
Վիճահարույց է վարչախմբի լեգիտիմությունը (legitimacy), որը լինելով սոցիալ-հոգեբանական կատեգորիա, արտահայտում է «իշխանություն համաձայնությամբ» սկզբունքը: Լեգիտիմության առաջնային չափանիշներն են՝ լայն հանրային վստահությունը, հուզային և բարոյա-հոգեբանական ընդունելիությունը, որոնք պայմանավորված են իշխանության հանրային ընկալմամբ, նրա արդարության ու կառավարման բարոյական իրավունքի նկատմամբ հավատով:
Այս առումով չափազանց կարևոր են նախընտրական խոստումները՝ յուրատեսակ «քաղաքացիական պայմանագրեր», որոնք կուսակցությունները հանում են քաղաքական շուկա: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2021թ. հունիսին հանրությանը հրամցրեց այնպիսի մի «զվարճալի» քաղաքական ծրագիր, որը թեև թույլ տվեց կորզել հաղթանակ, սակայն շատ շուտ ստիպեց հեղինակներին հրաժարվել հայտարարագրած պայմանադրության առաջնային թեզերից և իրագործել ճիշտ հակառակը։ Նկատի ունեմ, մասնավորապես, Արցախի հիմնախնդրի, Ցեղասպանության միջազգային ճանաչման, Հայաստանի արտաքին և անվտանգային քաղաքականության հետ կապված դրույթները։ Այս ամենը կասկածի տակ դրեց քաղաքական թիմի լեգիտիմությունը, ինչի վկայությունն է 2021 թվականից մինչ օրս ազատ անկման մեջ գտնվող իշխող կուսակցության վարկանիշը։ Որպես հետևանք՝ կառավարությունը կանգնեց երկընտրանքի առաջ՝ ինչպե՞ս կառավարել ստեղծված պայմաններում։
Հանրային համաձայնությաննվազումն արագ փոխհատուցվեց հարկադրանքի ուժեղացմամբ: Արդյունքում՝ իշխանությունների տարանջատման վերջնական վերացումը, դատական համակարգի և խորհրդարանի լիարժեք ենթակայությունը գործադիր իշխանությանը, կոռուպցիան և քավոր-սանիկությունը, հակակոռուպցիոն մարմինների վերափոխումը քաղաքական հաշվեհարդարի գործիքի և պետական ծախսերի անբավարար թափանցիկությունը պետությունը վերածեցին կալվածքի։ Վերջնականապես ջնջվեցին պետություն-իշխանություն սահմանագծերը և հավասարության նշան դրվեց իշխանության ու պետության շահերի միջև։
Պատերազմի վայելքը
Հայաստանում իշխանության աննախադեպ կենտրոնացումը կառավարության ղեկավարի ձեռքում միջնադարյան ինքնիշխանության բացահայտ դրսևորում է։ Ժամանակակից քաղաքական փիլիսոփայության հիմնադիրներից մեկի՝ 16-րդ դարի անգլիացի փիլիսոփա Թոմաս Հոբսի պատկերացմամբ՝ ինքնիշխանությունը պետության բացարձակ և անբաժանելի իշխանությունն է, որն անհրաժեշտ է հանրային քաոսը կանխելու համար, և որի կրողն ու անձնավորումն է միապետը։
Թ. Հոբսի պատկերացմամբ՝ վերջինիս բացարձակ իշխանությունը ենթադրում է նրա վեր լինելը օրենքից. ստեղծելով օրենքներ, նա պարտավոր չէ դրանց ենթարկվել։ Իշխանությունն անբաժանելի է (չկա իշխանությունների բաժանում) և անօտարելի (ժողովուրդը չի կարող տիրանալ իշխանությանը)։ Քաղաքացիների ազատությունն էլպայմանավորված է միապետի ցանկությամբ. ժողովուրդը ոչ թե քաղաքականության սուբյեկտ է, այլ օբյեկտ։
Ինձ հետ շատերը կհամաձայնեն, որ այս ամենի ականատեսն ենք մենք «իրական» Հայաստանում, որտեղ արմատավորվում է ժողովրդի ինքնիշխանության հակաթեզը՝ հոբսյան ինքնիշխանությունը։ Ուստի, պետք է գիտակցել, որ երբ երկրի գլխավոր բանակցողը հիշատակում է պետության ինքնիշխանության ամրապնդումը, նա դրա տակ հասկանում է նախևառաջ իր անձնական իշխանության ամրապնդում։ Հենց այդ պատճառով է, որ 2020 թվականի պատերազմում կրած պարտությունը հնարավոր է դարձրել ոչ թե մեր Հայրենիքի ինքնիշխանության ամրապնդումը, այլ դրա խեղումը։
Ձեռնպահ կմնամ անդրադառնալ Հայաստանում օրենքի գերակայության հանդեպ իշխանության ոտնձգությունների կապակցությամբ ժողովրդավարության արևմտյան կառույցների կուրության դրդապատճառներին. դրանց մասին շատ է խոսվում։ Այդ զավեշտալի լռությունն է այսօր Հայաստանի ինքնիշխանության առավել նշանավոր դրսևորումը։
ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր (1990-95թթ.)
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (1995-99թթ.)
ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան
[1] Սրա մասին ինքս ամիսներ առաջ գրել եմ «Россия в глобальной политике» ամսագրում.
[2] Ֆրանսիայի թագավոր Լուի XIV-ի (Լուի Մեծ) հայտնի արտահայտությունը, որը թարգմանվում է՝ որպես «Պետությունը ես եմ»։