Մի՛ կպեք մեր պլպլան թվերին
Տնտեսական լրահոսի ուշադրության կենտրոնում կրկին նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն է՝ նախորդ տարվա ՀՆԱ-ի 7.2%-անոց աճը կասկածի տակ դնող իր գրառմամբ։
Երեկ այս թեմային անդրադարձել է նաև ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը՝ նշելով, որ Հրանտ Բագրատյանը մի անձնավորություն է, որն իրեն վերագրում է բարձրագույն տնտեսագիտական տիտղոսներ, սակայն տարրական սխալներ է անում իր հաշվարկներում: Հիշեցնենք, որ ըստ Հրանտ Բագրատյանի, 7.2% տնտեսական աճը ստացվել է թվային մանիպուլյացիաների միջոցով։ Մասնավորապես, ՀՆԱ-ի դեֆլյատորը հաշվարկել է բացասական մեծությամբ` -1.6%, և ուռճացրել աճի ցուցանիշը։ Մեր քաղաքացիներից ոչ բոլորը գիտեն թե ինչ է ՀՆԱ-ն, առավել ևս` ՀՆԱ-ի դեֆլյատորը։ Կփորձենք հնարավորինս պարզ և հակիրճ ներկայացնել, որից հետո կանցնենք բուն նյութին։
Օրինակ՝ ենթադրենք՝ ձեր տնտեսությունը կազմված է միայն պոմիդոր-վարունգի արտադրությունից։ Տարվա ընթացքում արտադրել և իրացրել եք 4կգ պոմիդոր (1կգ-ն՝ 500 դրամ արժեքով) և 5կգ վարունգ (1կգ-ն` 300 դրամ)։ Այսինքն, ձեր «ՀՆԱ»-ն կլինի 3500 դրամ։ Դուք հիշում եք, որ նախորդ տարի պոմիդոր-լոլիկի իրացումից ստացել էիք 3000 դրամ։ Ու ուրախացած հայտարարում եք, որ ձեր «տնտեսությունն» աճել է 500 դրամով կամ 16.6%-ով։
Եվ հանկարծ այդտեղ ձեր ուրախությունն ընդհատում է ձեր հարևանը (կամ բարեկամը) ու ասում՝ բարեկամ, կհիշեցնե՞ս, թե նախորդ տարի վարունգն ու պոմիդորն ի՞նչ արժեին։
Նախորդ տարի պոմիդորն արժեր 450 դրամ, իսկ վարունգը` 250 դրամ։ Եթե այս տարվա բերքը նախորդ տարվա գնով վաճառեիր` որքա՞ն կլիներ քո տնտեսությունը՝ 3050 դրամ։ Նշանակում է՝ իրականում քո տնտեսությունն աճել է ոչ թե 500 դրամով, այլ ընդամենը 50 դրամով (1.6%-ով)։ Այսինքն՝ երբ գները ճշգրտում ես, 16.6% աճը դառնում է 1.6%։
Դեֆլյատորի իմաստը հենց սա է՝ գների ազդեցության բացառումը: Երբ այս տարվա արտադրանքդ հաշվում ես նաև նախորդ տարվա գներով և տարբերությունը հաշվի առնում՝ աճը հաշվարկելիս։
Եթե դեֆլյատորը դրական մեծություն ունի, այսինքն՝ այս տարվա գներն ավելի բարձր են եղել, ապա տնտեսական աճի ցուցանիշը նվազում է (ինչպես մեր նշած օրինակում)։ Իսկ եթե դեֆլյատորը բացասական է, այսինքն՝ այս տարի գների նվազում է եղել, ապա ձեր արձանագրած աճը կավելանա։ Իմաստը սա է։
Ինչ վերաբերում է ՀՆԱ դեֆլյատորին, ապա Ազգային վիճակագրական ծառայության մեթոդաբանության մեջ նշվում է. «ՀՆԱ-ի ինդեքս-դեֆլյատորն` ընթացիկ գներով հաշվարկված ՀՆԱ-ի հարաբերությունն է` նախորդ տարվա համադրելի գներով հաշվարկված ՀՆԱ-ի ծավալին»։ Այսինքն՝ այն, ինչ մենք ցույց տվեցինք օրինակով։
Հիմա վերադառնանք բանավեճին։ Հայաստանում ՀՆԱ-ի դեֆլյատորը 2001 թվականից ի վեր եղել է դրական։ Օրինակ՝ 2011 թվականին եղել է 4.2%, 2010-ին՝ 7.8% և այլն (տես՝ այստեղ)։ Այսինքն՝ գներն աճել են։ Եվ յուրաքանչյուր տարի ՀՆԱ-ի աճն այդքանով նվազեցվել է։
Իսկ հիմա հանկարծ պարզվել է, որ 2012 թվականի ՀՆԱ-ի դեֆլյատորը եղել է բացասական՝ -1.6%։ Ինչի արդյունքում` ՀՆԱ-ի աճն ավելացել է ևս 1.6%-ով և կազմել 7.2%։
Ու հիմա Հրանտ Բագրատյանը հարցնում է` պարոնայք, ինչպե՞ս է ստացվել, որ դեֆլյատորը բացասական է եղել, եթե գներն էլ են աճել, աշխատավարձերն էլ։
Նրան պատասխանում են` գները դեֆլյատորի հետ կապ չունեն։ Իսկ դեֆլյատորի վերաբերյալ ԱՎԾ-ից նրան պատասխանում են՝ «Ի տարբերություն ապրանքների ծառայությունների սպառողական գների ինդեքսի` դեֆլյատորը բնութագրում է աշխատանքի վարձատրության, շահույթի հիմնական կապիտալի սպառման, ինչպես նաև զուտ հարկերի դեֆլյատորը` անվանական փոփոխություններ»։
Իսկ փոխնախարար Վ. Արամյանն ասել է, որ նախկին վարչապետը «խառնել է» դեֆլյատորը, քանի որ, ըստ փոխնախարարի, դեֆլյատորը չի ներառում ներմուծման գների փոփոխությունը, իսկ սպառողական գները դրանք ներառում են: Եվ հենց այդ պատճառով դեֆլյատորը 2012 թ. կազմել է -1.6%, իսկ սպառողական գների աճը` 2.6% (թեպետ Բագրատյանը ներմուծման մասին ընդհանրապես չի խոսել):
Այժմ փորձենք «մարսել» այս ամենը։ Թե ինչ է ՀՆԱ-ն՝ բովանդակային առումով, արդեն նշեցինք։ Իսկ ինչպե՞ս է այն հաշվարկվում տեխնիկապես։ Կան տարբեր մոտեցումներ՝ ըստ եկամուտների և ըստ արտադրական եղանակի։
ՀՀ ԱՎԾ-ն ՀՆԱ-ի հաշվարկը ներկայացրել է արտադրական եղանակով (տես այստեղ)։ Արտադրական եղանակով ՀՆԱ-ն, շուկայական գներով, հաշվարկվում է որպես տնտեսությունում ըստ գործունեության տեսակների` արտադրված համախառն ավելացված արժեքի (հիմնական գներով) ու արտադրանքի զուտ հարկերի (առանց սուբսիդիաների) հանրագումար: Ընդ որում, ըստ գործունեության տեսակների ավելացված արժեքի ծավալները որոշվում են ապրանքների և ծառայությունների թողարկման և միջանկյալ սպառման տարբերությամբ: Այսինքն՝ հաշվարկվում են տարբեր ոլորտների արտադրանքի արժեքն ու հարկերը։ Չեն հաշվարկվում ֆինանսական անուղղակի միջնորդության ծառայությունները։
Աղյուսակում, որը կազմել ենք ԱՎԾ-ի ՀՆԱ-ին վերաբերող փաստաթղթի հիման վրա, երևում են ՀՆԱ-ի հաշվարկը 2012 և 2011 թվականների համար և դեֆլյատորը։
ՀՆԱ-ի եռամսյակային և տարեկան նախնական տվյալների ներկայացումն` ըստ Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի դասակարգչի 2-րդ խմբագրության (ՏԳՏՀԴ Խմբ.2)` արտադրական եղանակով։
Ինչպես երևում է այս աղյուսակից՝ ՀՀ պաշտոնական վիճակագրության համաձայն, եթե այս տարվա ՀՆԱ-ն հաշվարկվեր նախորդ տարվա գներով, ապա ավելի մեծ ցուցանիշ կլիներ։ Աղյուսակից երևում է, թե յուրաքանչյուր ոլորտ որքան ավելացված արժեք է ստեղծել։ Սա արդեն վիզուալ ցույց է տալիս, որ դեֆլյատորը կապ ունի գների հետ։ Օրինակ՝ դեֆլյատորի բացասական ցուցանիշին ամենից շատ նպաստել է գյուղատնտեսության ոլորտը։ Ոլորտի արտադրանքը 2012 թվականին կազմել է 758.4 միլիարդ դրամ։ Մենք ավելացրել ենք նաև լրացուցիչ սյունակ՝ որտեղ երևում է նաև դեֆլյատորը՝ ըստ առանձին ճյուղերի։ Ստացվում է, որ եթե գյուղատնտեսական ոլորտի արտադրանքը հաշվվեր 2011 թվականի գներով, ապա ցուցանիշը կկազմեր 834.7 միլիարդ։ Այսինքն՝ պաշտոնական վիճակագրությունը մեզ համոզում է, որ գյուղատնտեսական ոլորտի արտադրանքը 2012 թվականին ավելի էժան է եղել, քան 2011-ին։
Իսկ սա արդեն տարօրինակ է, որովհետև 2012 թվականի ընթացքում գյուղատնտեսական գրեթե բոլոր ապրանքների գները (բացառությամբ միրգ-բանջարեղենի) աճել են։ Հատկապես մսամթերքի գինը։
Համոզված ենք, որ պաշտոնական վիճակագիրներն ու պետական մյուս կառույցների ներկայացուցիչներն ինչ-որ բացատրություն կգտնեն այս թվերը հիմնավորելու համար։ Ի վերջո, մեթոդաբանությունը կարծես դիտավորյալ այնպես են խճճել, որ ոլորտի մասնագետ չհանդիսացող մարդուն կարող են հազար ու մի «սողանցք» ցույց տալ։
Սակայն խնդիրը մեծ հաշվով սա էլ չէ։ Ավելի մեծ խնդիր է այն, որ այս թվերը մեծ հաշվով ոչինչ չեն նշանակում։ Դեռ նախորդ տարի հայրենի իշխանությունները հայտարարեցին, որ այսուհետ իրենց համար առաջնահերթություն է ոչ թե տնտեսական աճի (ՀՆԱ-ի աճի) ցուցանիշը, այլ` տնտեսական զարգացման։ Այսինքն՝ կապ չունի՝ աճը 1% է, թե 11%։ Առավել կարևոր է, որ այդ աճը իրական փոփոխությունների բերի, մարդիկ դա զգան՝ իրենց կենսամակարդակի բարելավման տեսքով։
Սակայն, ինչպես տեսնում ենք՝ ուշադրության կենտրոնում կրկին թվերն են՝ չոր ու ոչինչ չասող թվերը։ Կարևորը՝ 7.2% աճի ցուցանիշն է, որը ոչ ոք իրավունք չունի կասկածի տակ դնել։ Իսկ այն, որ 7.2% աճ ունեցող երկրում մարդկանց 40%-ը պատրաստ է արտագաղթել, դրա պատճառները ոչ ոքի հետաքրքիր չեն։