«Առագաստ» սրճարանի փոխտնօրենը «Mercedes»-ով բախվել է երկու «Opel»-ի. կա վիրավոր
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարեւորագույն գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում ապրիլի 24-ին Երեւանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Այս մասին գրում է shamshyan.com-ը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16:30-ի սահմաններում ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 133 էլ. սյան դիմաց Քանաքեռ 9-րդ փողոցի բնակիչ 36-ամյա Սամվել Կարապետյանը, վարելով «Mercedes-Benz» մակնիշի՝ 40 SU 040 համարանիշի ավտոմեքենան, ընդհարվել է Շիրակի փողոցի բնակիչ, 26-ամյա Հարություն Երջանյանի վարած «Opel» մակնիշի՝ 33 SD 985 համարանիշի ավտոմեքենային, որից հետո Խաղաղ Դոնի փողոցի բնակիչ, 44-ամյա Հարություն Աճեմյանի վարած «Opel» մակնիշի՝ 33 TT 282 համարանիշի ավտոմեքենային:
Վթարի հետեւանքով վարորդ Հ. Երջանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Mercedes»-ի վարորդ Ս. Կարապետյանն աշխատում է «Առագաստ» սրճարանում որպես փոխտնօրեն: