Նիկոլ Փաշինյանին հորդորում ենք հրապարակել բոլոր բանակցված փաստաթղթերը և թե ինչ են պատասխանել նախագահները. Էդուարդ Շարմազանով

«Այո, 2022թ. ապրիլի 23-ին ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ կարճ ճեպազրույցի ընթացքում առաջարկեց լրագրողին, որպեսզի նրանք պահանջեն Նիկոլ Փաշինյանից՝ հրապարակել, թե 2019թ. ապրիլ-հունիս ամիսներին ի՞նչ պաշտոնական առաջարկ են ներկայացրել ԵԱՀԿ ՄԽ համանախագահները՝ կապված արցախյան կարգավորման հետ: Նիկոլ Փաշինյանը ծպտուն չհանեց»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ ընդգծելով՝ այն ժամանակ չէին պահանջում, որպեսզի ամբողջ բանակցային փաթեթը հրապարակվի, քանի որ կար Լեռնային Ղարաբաղի գործընթաց, Արցախում կային 120-150 հազար հայեր, և փաստացի ՄԽ համանախագահությանը պահանջ՝ Ադրբեջանն ու Հայաստանը միասին չէին ներկայացնում:

«Այսօր և՛ իմ, և՛ ՀՀԿ-ի անունից հստակ առաջարկում ենք, հորդորում ենք, պահանջում ենք Փաշինյանից՝ թող հրապարակի արցախյան կարգավորման բոլոր միջնորդների պաշտոնական առաջարկները և Հայաստանի պաշտոնական պատասխանները: Թող հրապարակի: Մենք մտահոգվելու բան չունենք, կոնկրետ Երրորդ նախագահի թիմը, և կարծում ենք՝ Առաջին և Երկրորդ նախագահի թիմերն էլ մտահոգվելու բան չունեն, որովհետև երեք նախագահների ժամանակաշրջանում Արցախը եղել է հայկական և փաստացի անկախ: Սերժ Սարգսյանի վերջին բանակցած պաշտոնական փաստաթուղթը եղել է կազանյան փաստաթուղթը, որը հրապարակվել է, և Նիկոլ Փաշինյանն է ասել, որ կազանյան փաստաթուղթը երբևէ առաջարկված ամենալավ տարբերակն է եղել: Կազանյան փաստաթղթից հրաժարվել է ոչ թե Սերժ Սարգսյանը, այլ Իլհամ Ալիևը, և դրա մասին 2016թ. ապրիլին Երևանում Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նշեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Թող հրապարակի: Ոչ թե զազրախոսությամբ զբաղվի, ֆոկուսներով զբաղվի, սրա-նրա վրա շառ անի, այլ հրապարակի՝ ինքն ինչ է պատասխանել, մինչև իրեն ինչ են առաջարկել, և մերոնք ինչ են պատասխանել»,- ասաց նա:

Դիտարկմանը՝ Փաշինյանն ասում է՝ թող գրասենյակները հրապարակեն, նա արձագանքեց. «Գրասենյակները չեն կարող, որովհետև դա պետական գաղտնիք է, գրասենյակներն այդ լիազորությունը չունեն: Ես էլ շատ բան գիտեմ, բայց այդ իրավունքն ու լիազորությունը չունեմ: ինքը պետք է հրապարակի: Թող հրապարակի՝ հայ ժողովուրդն էլ տեսնի»:

Էդուարդ Շարմազանովն ասաց, որ 2020թ. հոկտեմբերի 19-ին արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն իր հարցին ի պատասխան, թե ինչ է առաջարկվում պատերազմը կանգնեցնելու համար, ասել է՝ 5+2. «5+2-ի մեջ ո՛չ Շուշի է մտնում, ո՛չ Հադրութ, ո՛չ Ստեփանակերտ, ո՛չ Մարտակերտ, ո՛չ Ճարտար, ո՛չ էլ Ասկերան: Ինքն է տվել: Սերժ Սարգսյանի ստորագրությունը դրված է 1992թ. Շուշիի ազատագրման օպերացիայի քարտեզի վրա և 1994թ. զինադադարի փաստաթղթի վրա: Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը դրված է 2020թ. նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի տակ և 2022թ. հոկտեմբերի 6-ի Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու փաստաթղթի տակ: Ինչ վերաբերում է նրան, որ Քոչարյանը Մեղրին տալիս էր… Քոչարյանը Մեղրին տալիս էր, Ալիևն էլ չէր վերցնո՞ւմ: Ռոբերտ Քոչարյանի բանակցային ժառանգության արդյունքը մադրիդյան փաստաթուղթն է, որի տրամաբանական շարունակությունը կազանյան փաստաթուղթն է: Էդ ո՞նց եղավ, որ երեք նախագահները տալիս էին, Ալիևը չէր վերցնում, Նիկոլը չէր տալիս, բայց վերցրին»:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս