Խնդիրներ կան. Հայաստանից դեպի ԵՄ արտահանման ժամանակավոր արտոնություն կգործի

ՀՀ կառավարությունը որոշել է դիվերսիֆիկացնել արտահանումը և դեպի Եվրամիություն արտահանման համար արտոնություն սահմանել։ Համապատասխան որոշումն ընդունվեց գործադիր մարմնի այսօրվա նիստի ժամանակ։

Արտոնությունը ժամանակավոր է և կգործի 2025 թ փետրվարի 1-ից մինչև 2026 թ, դեկտեմբերի 31-ը ներառյալ։

Ներկայացնելով նախագիծը` ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց, որ ՀՀ-ից արտահանվող պատրաստի ապրանքների հետ կապված խնդիրներ կան, տրանսպորտային ծախսեր։ Այդ իսկ պատճառով կառավարությունը որոշել է արտահանվող որոշ ապրանքների դեպքում տնտեսվարողներին տալ մաքսատուրքի չափով աջակցություն, եթե իրենց ապրանքներն արտահանում են ԵՄ 27 երկիր և Միացյալ Թագավորություն։

«Նպատակն է ավելացնել հայկական ապրանքների մրցունակությունը, ինչպես նաև վերականգնել այն մրցակցային հարաբերությունները, որոնք ձեռք էինք բերել 2009 թ. հունվարի 1-ից GSP+ համակարգի միջոցով։ Այս համակարգի շնորհիվ ՀՀ–ն օգտվում էր ԵՄ ընձեռած արտոնություններից, որոնք մեզ հնարավորություն էին տալիս մշակող արդյունաբերության հայկական ծագման ավելի քան 6 200 ապրանք ԵՄ շուկա արտահանել կա՛մ զրոյական մաքսատուրքով, կա՛մ նվազեցված մաքսատուրքով։

Այնինչ ՀՀ-ն 2022 թ. հունվարի 1-ից չի օգտվում GSP+ համակարգից. երբ Համաշխարհային բանկի կողմից երկիրը երեք տարի անընդմեջ դասակարգվում է որպես միջին կամ միջինից բարձր ունեցող տնտեսություն, ապա երկիրն այդ արտոնությունից զրկվում է։ ՀՀ-ն 2018 թվականից հետո 3 տարի անընդմեջ ճանաչվեց բարձր կամ միջինից բարձր եկամուտ ունեցող պետություն»,- հայտարարեց նախարարը։

Պապոյանը նշեց, որ այս արտոնությունը չի չի վերաբերելու ծխախոտային արտադրանքին, հիմնական մետաղների արտադրությանը, ոսկերչական արտադրատեսակների, թանկարժեք զարդերի արտադրության արտահանմանը։ Արտոնությունը կվերաբերի սննդի, տեքստիլ արդյունաբերության ապրանքների, ալյումինի փայլաթիթեղի և այլնի արտահանմանը։

Նախարարի խոսքով` այս աջակցությամբ ակնկալում են, որ ամեն տարի դեպի ԵՄ արտահանումը կաճի 20 տոկոսով։

ՀՀ վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը վստահեցրեց, որ ժամանակին հայ տնտեսվարողների 92 տոկոսը GSP+-ից չի օգտվել, ու պատճառը միայն ֆինանսական դժվարությունները չեն եղել։ Իրական պատճառները հասկանալու համար նա առաջարկեց գույքագրել, թե տնտեսվարողների համար արտահանման ինչ դժվարություններ կան և հավելյալ օժանդակություն տրամադրել նրանց, ինչպես նաև ընդլայնել ԵՄ արտահանվող երկրների ցանկը։

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իր հերթին նշեց, որ դեպի ԵՄ արտահանման ժամանակ երբեմն տնտեսվարողին խանգարում է լեզվի չիմացությունը, ինչպես նաև լոգիստիկ առումով բավարար գիտելիքներ չունենալը` ինչպես ապրանքը տանել, հասցնել, օրինակ, Գերմանիա, լրացնել համապատասխան փաստաթղթերը։ Նրա կարծիքով` պետք է ստեղծել խորհրդատվական ծառայության համակարգ։

Նշենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի` 2024 թ. հունվար–նոյեմբեր ժամանակահատվածում Հայաստանից դեպի ԵԱՏՄ (4 երկիր) արտահանումը կազմել է 3.1 մլրդ դոլար կամ 89.8 տոկոս, իսկ դեպի Եվրամիություն (27 երկիր)` 551.8 մլն դոլար կամ 81.4 տոկոս։

Տեսանյութեր

Լրահոս