ՀՀ-ԱՄՆ փաստաթուղթը ռազմավարական երկխոսության արդյունքներն ամրագրող  փաստաթուղթ է․ վերլուծաբան

«Հայ-ամերիկյան նոր փաստաթուղթն ամենայն հավանականությամբ ամրագրում է հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության բովանդակությունը, արդյունքները»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց   վրացի քաղաքական վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին՝ անդրադառնալով նախօրեին Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջև ստորագրված ՀՀ-ԱՄՆ Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի կանոնադրությանը։

Ըստ  վերլուծաբանի, սա պետք է ընկալել՝ որպես գործընկերության մեկնարկ, որին կարող են հաջորդել գործընկերության մյուս՝ ավելի խոր փուլերը երկկողմ քաղաքական կամքի պարագայում։

«Ամենայն հավանականությամբ, հեռացող Բայդենի վարչակարգն ակտիվ աշխատեց Հարավային Կովկասում Երևանի և Բաքվի միջև, Բայդենն առաջարկեց անձամբ իր միջնորդությունը կողմերին, որը բացառիկ իրադարձություն էր։ Ռեգիոնալ լարվածությունն ու աշխարհաքաղաքական իրավիճակն այնքան բարդ է, մրցակցությունն այնքան խորն է, որ Բայդենի այս առաջարկն անտեսվեց, սակայն այս վարչակարգը որոշեց երկխոսությունն ամրագրել նման փաստաթղթով։

Գուցե այն ուղիղ երաշխիքներ չի պարունակում, սակայն աջակցության միջոցով ավելացնում է ՀՀ դիմակայունությունը։ Կարելի էր ավելին ակնարկել, սակայն այդ գործընկերությունը ևս որոշակի ճանապարհ է ենթադրում»,- ասաց վերլուծաբանը։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի ու Իրանի հնարավոր բացասական արձագանքին, ապա վերլուծաբանը գտնում է, որ սա Հայաստանին աջակցություն ենթադրող փաստաթուղթ է, որն ուղղված չէ երրորդ երկրների դեմ։

Կարդացեք նաև

«ՀՀ դիվանագիտությունից այս առումով շատ բան է կախված, թե ինչպես է նախապես բանակցում մյուս գործընկերների, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ, ներկայացնելով սեփական շահերը բոլոր կենտրոնների հետ հարաբերություններում։ Հաշվի առնելով Թրամփի արտաքին քաղաքականության առանձնահատկությունները, կարծում եմ՝ ԱՄՆ բոլոր գործընկերները, այդ թվում՝ արևմտյան, հարավկովկասյան, պետք է պատրաստ լինեն ԱՄՆ քաղաքականությունում փոփոխությունների և ԱՄՆ-ից ավելի պակաս ներգրավված քաղաքականություն»,- նկատեց նա։

Տեսանյութեր

Լրահոս