Թուրքիայի փափուկ ուժը՝ Կենտրոնական Ասիայի երկրների կրթական համակարգում

1990-ական թվականներից սկսած՝ Թուրքիան օգտագործում է միջազգային կրթական ծրագրերը՝ որպես փափուկ ուժի կարևոր գործիք՝ խորացնելով կապերը Կենտրոնական Ասիայի թյուրքական երկրների հետ, առաջարկելով լեզվական ծրագրեր, մշակութային միջոցառումներ և մեդիա նախաձեռնություններ:

Թուրքիայի մշակութային և հասարակական ազդեցությունը համակարգելու համար 1992 թվականին հիմնադրվել է TİKA-ն (Թուրքական համագործակցության և համակարգման գործակալություն), որն առանցքային դեր ունի սոցիալ-տնտեսական, կրթական, մշակութային և այլ ոլորտների զարգացման գործում: Օրինակ՝ 1993 թվականին Թուրքմենստանում բացվել է TİKA-ի համակարգման առաջին գրասենյակներից մեկը, որն իրականացրել է ավելի քան 500 ծրագիր՝ հիմնականում կրթության, առողջապահության, ենթակառուցվածքների, արտադրության և վերականգնման ոլորտներում: Տաշքենդի գրասենյակը Ուզբեկստանում գործարկվել է 1994 թվականին և մինչ օրս իրականացրել է մոտ 900 ծրագիր: Ղազախստանում TİKA-ի գրասենյակը հիմնադրվել է 1995 թվականին Ալմաթիում, իսկ 2008 թվականին տեղափոխվել Աստանա՝ իրականացնելով մոտ 500 ծրագիր՝ ներառյալ Հոջա Ահմեդ Յասավիի դամբարանի վերականգնումը: Ղրղզստանում TİKA-ի գրասենյակը բացվել է 1993 թվականին․ իրականացվել է մոտ 1300 ծրագիր:

TİKA-ն, Յունուս Էմրե ինստիտուտի հետ համատեղ, աջակցում է նաև ուսուցիչների և գիտնականների վերապատրաստմանը: Այս ծրագրերի շրջանակներում 2011-2016 թվականներին 460 ղազախ մանկավարժներ վերապատրաստվել են Թուրքիայում: Կրթական այս մոդելով Թուրքիան ամրապնդում է իր դիրքերը տարածաշրջանում։

Կենտրոնական Ասիայի երկրների կրթական ոլորտում ազդեցության տարածման գործիք են հանդիսանում թուրքական դպրոցները։ Ներկայում կարևորվում են Մաարիֆ հիմնադրամի դպրոցները, սակայն, մինչև այդ դպրոցների բացումն, այդ երկրներում ակտիվորեն գործում էին, այսպես կոչված, գյուլենական դպրոցները։ Դրանց գործունեությունն անհանգստություն էր առաջացրել այդ երկրներում։ Վերջիններս կրոնական ու թուրքամետ գաղափարների տարածումը դիտարկում էին որպես սպառնալիք իրենց պետությունների աշխարհիկ հիմքերին: Այդ հարցը սուր էր դրվել հատկապես Ուզբեկստանում՝ Թուրքիայի հետ լարված հարաբերությունների ֆոնին, երբ 2000-ական թվականների սկզբին փակվեցին այդ դպրոցները, իսկ Թուրքմենստանում՝ 2011 թվականին: Թուրքիայում պետական հեղաշրջման անհաջող փորձից հետո՝ 2016 թվականին, գյուլենական դպրոցները թիրախավորվեցին հենց թուրքական իշխանությունների կողմից: Վերջիններս ճնշումներ էին գործադրում տարբեր երկրների իշխանությունների վրա՝ գյուլենական դպրոցները փակելու կամ դրանց վրա Թուրքիայի պետական վերահսկողություն սահմանելու համար։ Մաարիֆ հիմնադրամի վերահսկողությանը փոխանցվեցին գյուլենական համարվող կրթական բազմաթիվ հաստատություններ։ Թուրքիայի նման պահանջները համարելով միջամտություն իրենց ներքին գործերին՝ Ղազախստանն ու Ղրղզստանը մերժեցին կատարել այդ պահանջները:

Թուրքիան Կենտրոնական Ասիայի երկրներում հիմնել է մշակութային տարբեր կենտրոններ ևս, որոնցից է Յունուս Էմրե ինստիտուտը, որը սեմինարների և մշակութային ծրագրերի միջոցով քարոզում է թուրքական մշակույթն ու լեզուն։ Թեև այս կազմակերպության ներկայացուցչությունն այս պահին գործում է միայն Ղազախստանում, սակայն ակտիվ գործունեություն է ծավալում նաև մյուս երկրներում:

Թուրքական կառավարությունը կրթաթոշակներ է տրամադրում Կենտրոնական Ասիայի ուսանողներին՝ հնարավորություն ընձեռելով նրանց սովորել Թուրքիայում։ Դրանց մեջ հատկանշական է Türkiye Scholarships-ը, որն ամեն տարի թուրքական համալսարաններ է ներգրավում Կենտրոնական Ասիայից հազարավոր ուսանողների: 2023 թվականին 163 երկրներից 117․367 ուսանողներ են դիմել այդ ծրագրին մասնակցելու համար։ Օրինակ՝ Ղազախստանից այդ թվականին հիշյալ ծրագրից օգտվել է 262 ուսանող։

Համագործակցության ծրագրեր են հաստատվել թուրքական և Կենտրոնական Ասիայի երկրների համալսարանների միջև։ Այսպես՝ Ղրղզստանում գործում է Թուրք-ղրղզական Մանաս համալսարանը, Ղազախստանում՝ Թուրք-ղազախական Ահմեդ Յասավիի համալսարանը։

Թուրքիայի կրոնական հարցերի տնօրինությունը (Diyanet) կրոնական փափուկ ուժն առաջնորդող առանցքային հաստատություն է, որը ոչ միայն կառուցում ու վերականգնում է մզկիթներ, այլև իրականցնում է կրոնական կրթություն: Այդ շրջանակներում է գործում TDV հիմնադրամը, որն ծրագրեր է իրականացնում Կենտրոնական Ասիայի իմամների և կրոնագետների համար։ 2019 թվականի դրությամբ աշխարհի 80 երկրներից մոտ 1185 աշակերտներ իրենց կրթությունը շարունակել են Թուրքիայի միջազգային Իմամ Հաթիփ միջնակարգ դպրոցում: Diyanet-ն ակտիվ գործունեություն է ծավալում նաև Կենտրոնական Ասիայում, հատկապես՝ Ղազախստանում և Ղրղզստանում:

Այսպիսով՝ Թուրքիայում և այլ երկրներում գործող կրթական հաստատություններում ներկայացված ծրագրերը մեծ ուշադրություն են դարձնում թյուրքական և իսլամական ժառանգությանը, որը կապում է Թուրքիան և Կենտրոնական Ասիան: Դրա նպատակն է զարգացնել միասնության և ընդհանուր ինքնության գաղափարն այդ տարածաշրջանի բնակչության շրջանում՝ այդպիսով փորձելով Թուրքիային դարձնել տարածաշրջանում մշակութային ոլորտի առանցքային դերակատար։ Այս քաղաքականությունը վերապահությամբ է ընդունվում Կենտրոնական Ասիայի երկրներում, որոնք կողմնակից են ավելի հավասարակշռված հարաբերությունների և զգոնություն են ցուցաբերում կրթական և մշակութային ոլորտներում Թուրքիայի ազդեցության ընդլայնման հարցում:

«Գեղարդ» հիմնադրամ

Տեսանյութեր

Լրահոս