Ալիևը նախապատրաստվում է պատերազմի. արդեն չի էլ թաքցնում, որ առաջինն է սկսելու պատերազմը. Կարեն Իգիթյան

Ալիևը հերթական սպառնալիքներն է հնչեցրել Հայաստանի հասցեին։ Ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում նա Հայաստանը որակել է՝ որպես «ֆաշիստական» երկիր։

«Այս երկիրը մոտ 30 տարի ղեկավարել են ֆաշիստական գաղափարախոսության կրողները, նրանք այս երկիրը կերտել են իրենց կերպարով։ Ուստի ֆաշիզմը պետք է ոչնչացվի։ Այն կկործանի կամ Հայաստանի ղեկավարությունը, կամ մենք։ Մենք այլ ելք չունենք»,- ասել է Ալիևը:

Նա նաև սպառնացել է՝ ««Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի, և այն բաց կլինի»։ Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, նա հայտարարել է. «Եթե ​​Երևանին խաղաղության պայմանագիր պետք չէ, ապա Բաքվին էլ դա հարկավոր չէ։ Մենք կարող ենք ապրել առանց խաղաղության պայմանագրի»:

Այսօր Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Արմենպրեսին» և արձագանքել Ալիևի հայտարարություններին՝ ասելով. «Արվում են ագրեսիվ հայտարարություններ՝ հաշվարկով, թե Երևանից կհնչեն ագրեսիվ պատասխաններ։Մենք չենք գնալու այս ճանապարհով, հավատարիմ ենք մնալու խաղաղության ռազմավարությանը և հետևողականորեն շարունակելու ենք խաղաղության օրակարգի իրագործումը»։

Կարդացեք նաև

Կովկասագետ Կարեն Իգիթյանի բնորոշմամբ՝ ակնհայտ է, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր ագրեսիայի՝ զենք է գնում, անցկացնում է զորավարժություններ, նաև տեղեկատվական քաղաքական նախապատրաստում է  տեղի ունենում։

«Այն ամենը, ինչ Ալիևն ասել է վերջին ամիսների ընթացքում ու հիմա՝ պատերազմի նախապատրաստում է։ Այսինքն՝ Ալիևը նախապատրաստում է միջազգային հանրությանը և իր «հիմնավորումներն» է տալիս, թե ինչու է նա սկսելու այդ պատերազմը։ Ալիևն արդեն չի էլ թաքցնում, որ նա է սկսելու այդ պատերազմը, ասելով՝ «եթե Հայաստանը զինվում է, ապա մենք կհարվածենք», չի փորձում նույնիսկ մեղքը գցել հայկական կողմի վրա, ինչպես անում էր նախկինում»,- 168.amի հետ զրույցում նշեց Կարեն Իգիթյանը։

Ինչ վերաբերում է Ալիևի հայտարարություններին Նիկոլ Փաշինյանի արձագանքին, Կարեն Իգիթյանն ասաց՝ եթե ՀՀ-ում լիներ ազգային իշխանություն, ապա մինչև Ալիևի հայտարարություններին պատասխանելը պետք է ստեղծեր այնպիսի դաշինքներ, որոնք կբալանսավորեին թուրք-ադրբեջանական դաշինքը։

«Հիմա ՀՀ օրվա իշխանությունն ասում է, թե մենք մնացել ենք միայնակ թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ, սակայն չեն ասում, թե ինչու է այդպես ստացվել։ Օրինակ, Մակրոնն իր վերջին հայտարարությունում ասաց, որ Հայաստանի վարչապետը միակն էր, ով դիմակայեց Ռուսաստանին, ու տեսեք՝ ինչ եղավ։ Այսինքն՝ ասում է, որ Փաշինյանի գործողություններից բխեց այն, որ Հայաստանը մնաց մենակ թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ։ Այստեղ պետք է խոսել ոչ թե նրա մասին, թե ինչ պետք է ասի ՀՀ ղեկավարությունը՝ շատ բան կարող է ասել, այլ՝ ինչ պետք է աներ ու ինչ չպետք է աներ վերջին տարիների ընթացքում։ Հիմնական խնդիրը ՀՀ ղեկավարության գործողությունների մեջ է»,- հավելեց կովկասագետը։

Հարցին՝ տվյալ իրավիճակում ադրբեջանական ագրեսիայի ժամանակ Հայաստանի հնարավոր աջակիցը կարո՞ղ են լինել Ֆրանսիան կամ Միացյալ Նահանգները, Կարեն Իգիթյանը պատասխանեց, որ կարծում է՝ կլինի այնպես, ինչպես եղել է 2022 թվականի սեպտեմբերին, երբ Հայաստանն Ադրբեջանի կողմից ենթարկվեց ագրեսիայի Ջերմուկի ու Սյունիքի ուղղությամբ։

«Եթե մենք նայենք սա պատերազմի մասշտաբներով, ապա սա մի քանի անգամ մասշտաբներով ավելի մեծ էր, քան ապրիլյանը։ Եթե համեմատենք ապրիլյանի հետ, 2022 թվականի սեպտեմբերին ունեցել ենք 3 անգամ ավելի զոհեր, ունեցել ենք նաև 15 անգամ ավելի շատ տարածքային կորուստներ, քան ապրիլյանին։ Ի՞նչ արեցին Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, ելույթներ ունեցան, որ այդ ամենը սխալ է, դեմ են դրան և այլն, բայց չեղավ որևէ գործնական քայլ»,- շեշտեց Կարեն Իգիթյանը։

Հաջորդ հարցին՝ եթե Ադրբեջանին «խաղաղության պայմանագիրն» անհրաժեշտ չէ, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումների օրակարգն ինչի՞ շուրջ է լինելու այսուհետև, մեր զրուցակիցը հիշեցրեց՝ բազմիցս են ասել, որ Ադրբեջանին խաղաղություն պետք չէ, գուցե պայմանագիր պետք է, բայց՝ ոչ խաղաղություն։

«Բոլոր բանակցություններում Ադրբեջանը մեկ նպատակ է հետապնդում՝ թուլացնել Հայաստանն առանց պատերազմի, որպեսզի հետո արդեն պատերազմով վերցնի այն ամենը, ինչ մնալու է։ Հիմա բանակցությունները շարունակվելու են այդ օրակարգով։ Ալիևը սպառնում է, որը դեմ է միջազգային օրենքներին, որովհետև ուժի սպառնալիքի տակ կնքված որևէ փաստաթուղթ ուժ չունի, բայց մենք տեսնում ենք, որ նա ակնհայտ ուժով է սպառնում, որ կամ այսպես է լինելու, կամ մենք հարվածելու ենք։ Բայց դրան ի պատասխան՝ ՀՀ ղեկավարն ասում է, թե մենք կշարունակենք այս օրակարգով։ Ալիևը փաստացի պահանջում է Հայաստանի բանակի կազմալուծում, որպեսզի Հայաստանը մնա անզեն, ու երբ Ադրբեջանը ցանկանա ուժի լեզվով  խոսի, հետո անցնի ռազմական ագրեսիայի, ահա սա է ամբողջ օրակարգը»,- ընդգծեց Կարեն Իգիթյանը։

Տեսանյութեր

Լրահոս