Մեծ Բրիտանիայի վարչապետը Թրամփին կոչ է արել աջակցել Ուկրաինային
Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ նրան կոչ է արել ապահովել աջակցությունն Ուկրաինային: Այս մասին ասվում է բրիտանական կառավարության կողմից տարածված հաղորդագրության մեջ։
«Վարչապետը կրկնել է՝ անհրաժեշտ է, որ դաշնակիցները կանգնեն Ուկրաինայի կողքին Ռուսաստանի ագրեսիայի պայմաններում և ապահովեն, որ Ուկրաինան հնարավոր ամենաուժեղ դիրքերում լինի», – նշված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, Թրամփի հետ կայացած զրույցում Մեծ Բրիտանիայի վարչապետն ընդգծել է Մերձավոր Արևելքում խաղաղության ու անվտանգության ապահովման համար համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը։
Երկու երկրների ղեկավարները հայտարարել են, որ ակնկալում են համատեղ աշխատանք միջազգային անվտանգության և տնտեսական աճի բնագավառում: