Բաժիններ՝

Ասադի տապալումից հետո Մոսկվան պետք է վերանայի իր ներկայությունը Սիրիայում. անցումային կառավարության խոսնակ

Սիրիայի նոր անցումային կառավարության քաղաքական բաժնի խոսնակ Օբեյդա Առնաուտը կոչ է արել Ռուսաստանին վերանայել երկրում իր ներկայությունը՝ Մոսկվայի դաշնակից, նախկին նախագահ Բաշար ալ Ասադի տապալումից հետո։ Այս մասին հայտնում է Euronews-ը։

«Ես կարծում եմ, որ Ռուսաստանը պետք է վերանայի սիրիական տարածքում իր ներկայությունը և իր շահերը»,- ասել է Առնաուտը։

Նրա խոսքով, Մոսկվան կարող է համագործակցել նոր վարչակազմի հետ՝ ցույց տալու, որ «սիրիայի ժողովրդի նկատմամբ թշնամություն չունի»։

Ռուսաստանը Սիրիայում ունի երկու ռազմաբազա՝ Լաթաքիա նավահանգստի մոտ գտնվող «Հմեյմիմ» ավիաբազան և Միջերկրական ծովի ափին գտնվող «Տարտուս» ռազմածովային բազան։ Մոսկվան և Դամասկոսը 2017 թվականին համաձայնագիր են ստորագրել այնտեղ 49 տարի ժամկետով ռուսական ռազմական ուժերի ներկայության մասին։ Հենակետերը համարվում են Կրեմլի ռազմավարական կարևորագույն օբյեկտներից մեկը։

«Տարտուս» բազան հատկապես կարևոր է, քանի որ այն Ռուսաստանին ապահովում է իր միակ ուղիղ ելքով դեպի Միջերկրական ծով և ծառայում է որպես ռազմածովային զորավարժությունների և ռազմանավերի տեղակայման կետ, նշում է հրատարակությունը։

Արևմտյան վերլուծաբաններն ու հետախուզական ծառայությունները հայտնում են Սիրիայից ռուսական զորքերի լայնածավալ դուրսբերման մասին, սակայն Մոսկվան դեռ չի հաստատել այդ տեղեկությունը։

Ավելի վաղ տեղեկություններ կային, որ ռուսական ռազմական տեխնիկայի մեծ շարասյունը Լաթաքիայից հեռացել է Տարտուսի ուղղությամբ։ Մասնագետները վերլուծել են արբանյակային պատկերները և հայտնաբերել բեռնատարներ և զրահափոխադրիչներ, որոնք ժամանել են «Տարտուս»:

Սիրիայի նոր անցումային կառավարության խոսնակ Առնաուտի խոսքով՝ Ռուսաստանի վերջին տեղաշարժերը Սիրիայում միանշանակ չեն: Նա ընդգծել է, որ նավատորմի նավերը նավահանգիստներից հեռացնելու և ռազմակայաններից ռազմական մեքենաների շարասյուները տեղափոխելու որոշումը հստակ չի ցույց տալիս, թե արդյոք Կրեմլն իսկապես նահանջում է, թե դա նրանց կանոնավոր տեղաշարժերի մի մասն է:

«Կարծում եմ, որ Ռուսաստանը պետք է վերանայի իր ներկայությունը սիրիական տարածքում, ինչպես նաև իր շահերը: Նրանց շահերը կապված էին Ասադի հանցավոր ռեժիմի հետ։ Նրանք կարող են վերանայել և նախաձեռնություններ ձեռնարկել՝ կապ հաստատելու նոր վարչակազմի հետ՝ ցույց տալու, որ իրենք թշնամություն չունեն սիրիացի ժողովրդի նկատմամբ, և որ Ասադի ռեժիմի դարաշրջանը վերջապես ավարտվել է», – եզրափակել է Առնաուտը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս