Ասադի տապալման հայաստանյան վտանգները․ ի՞նչ սպասել Հարավային Կովկասում և Երևան-Բաքու գործընթացում
Սիրիայում 13 տարի շարունակվող պատերազմի և նույնքան տևած Բաշար ալ Ասադի կառավարության դիմադրության տապալումը 13 օրվա ընթացքում մեծ ցնցում դարձավ ողջ աշխարհի համար։
Թուրքիայի աջակցությունը վայելող «Հայաթ Թահրիր աշ-Շամ» ահաբեկչական խմբավորումը, որը երկար ժամանակ իշխում էր Իդլիբում և ահաբեկչական խմբավորում էր ճանաչվել ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Թուրքիայի կողմից, օրերի ընթացքում կարողացավ հասնել Պալմիրա, Հոմս, Դումա, և վերջին հանգրվանը, որտեղ արձանագրվեց Ասադի անկումը՝ մայրաքաղաք Դամասկոս։ Սակայն Ասադի իշխանության դեմ նաև մարտնչում էին այլ խմբավորումներ ևս՝ «Սիրիական ազգային բանակը» և «Սիրիական ազատ բանակը», որոնք ևս աջակցություն են ստանում Թուրքիայից:
Հեղինակավոր վերլուծաբանների դիտարկումների համաձայն, Դամասկոսի անկումը հնարավոր եղավ ռեգիոնալ հիմնական խաղացողների միջև որոշակի կոնսենսուսի պայմաններում աշխարհաքաղաքական մեծ առևտրի շրջանակում։ Սակայն ակնհայտ է նաև, որ սիրիական պետության հետ տեղի ունեցածից շահում են Թուրքիան, Իսրայելը, քրդերը և ԱՄՆ-ը, ում հովանու ներքո մեծամասամբ նրանք գործում են։ Ի տարբերություն Թուրքիայի և Իսրայելի, Ռուսաստանն ու Իրանը, որոնք երկար տարիներ աջակցեցին Ասադի կառավարմանը և երկարաձգեցին այն, էականորեն թուլացրին իրենց դիրքերը Մերձավոր Արևելքում։ Ուշադրության է արժանի օրերս Գազիանթեփում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ Էրդողանի արած հայտարարությունը, որ աշխարհում միայն երկու առաջնորդ է մնացել՝ ինքը և Պուտինը։
Քիչ չեն խոսակցություններն այն մասին, թե ինչի դիմաց է Ռուսաստանը համաձայնության եկել Թուրքիայի հետ կամ գուցե նահանջել ինչ-որ բանի դիմաց, այնուամենայնիվ ակնհայտ է, որ ՌԴ ռեսուրսները չբավարարեցին Ասադի իշխանությանն անվերջ աջակցելու համար։ Չնայած ՌԴ-ն հայտարարում է, որ վերջին փուլի բանակցություններին չի մասնակցել, փորձում է փաթեթավորել իր պատասխանատվության մասնաբաժինն այս ամենում տարատեսակ հայտարարություններով, ընդունել է Մոսկվայում Ասադին ու նրա ընտանիքին՝ ապահովելով նրանց անվտանգությունը։
Ուշագրավ է և այն, որ մեծ ահաբեկչությունների առնչված Միացյալ Նահանգները բավականին դրական վերաբերմունք ունի հատկապես «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման և նրա ղեկավար (Աբու Մուհամեդ) ալ-Ջուլանիի նկատմամբ, ով կարողացել էր միավորել տարբեր խմբերի և հույսեր արթնացնել, որ Ասադին ու նրա աջակիցներին հաղթել հնարավոր է։ Արևմուտքն ալ-Ջուլանիին համարում է առաջադեմ, կազմակերպում է հարցազրույցներ և նույնիսկ դիտարկում է «Հայաթ Թահրիր աշ-Շամի» բացառումն ահաբեկիչների ցուցակից։ ԱՄՆ պաշտոնյաներից մեկը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ը նախատեսում է փոխգործակցել այդ խմբի հետ ամերիկյան շահերի համապատասխան, բայց նշել է, որ ներկա պահին չի կարող մեկնաբանել, թե կմնա՞ արդյոք «Հայաթ Թահրիր աշ-Շամն» ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում։ «Մենք այս հարցը կդիտարկենք ապագայում»,- նշել է նա։
Թուրքական աղբյուրներն էլ նշում են, որ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորումը, որը զավթել է իշխանությունը Դամասկոսում, կարող է փոխել անվանումը, որպեսզի լեգիտիմություն ձեռք բերի։ Այսինքն՝ չի բացառվում, որ խմբավորումն Աֆղանստանի թալիբների ճանապարհով շարունակի ընթացքը։
Կարիք կա հասկանալ նաև, թե ում հետ են համագործակցում, ում են ընդունում Թուրքիան և Միացյալ Նահանգները։
«Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ը կամ Լևանտի ազատագրման կազմակերպությունը հիմնադրվել է 2011 թվականին սիրիական հակամարտության ժամանակ։ Ի սկզբանե այն կոչվում էր «Ջաբհաթ ալ-Նուսրա»՝ գործելով Ալ-Քաիդայի անմիջական հովանու ներքո։ Ալ-Քաիդան, հիշեցնենք, այն միջազգային ահաբեկչական կազմակերպությունն էր, որը ԱՄՆ-ում իրականացրեց ամենամեծ ահաբեկչությունը 2001 թվականի սեպտեմբերի 11-ին։ Իսկ Ալ-Նուսրան ջիհադական գաղափարախոսությամբ կազմակերպություն էր, որը նպատակ ուներ տապալել Բաշար ալ-Ասադի կառավարությունը և հանրապետության տարածքում ստեղծել խալիֆայություն, որում բոլորը կապրեին շարիաթի օրենքներով։ 2016-ին խմբավորման առաջնորդ Աբու Մուհամմադ ալ-Ջուլանին հրապարակավ գժտվեց Ալ-Քաիդայի հետ, լուծարեց ալ Նուսրան և ստեղծեց նոր կազմակերպություն, որը մեկ տարի անց, մի քանի այլ նմանատիպ խմբերի հետ միաձուլվելուց հետո դարձավ «Հայաթ Թահրիր աշ-Շամ»:
Ալ-Քաիդայի հետ խզումից ի վեր խմբավորման նպատակները սահմանափակվել են Սիրիայում արմատական իսլամական իշխանություն հաստատելու փորձով, այլ ոչ թե ավելի լայն խալիֆայություն ստեղծելով:
Մինչ վերջերս «Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ը սիրիական հակամարտությունը լայնածավալ վերսկսելու և երկրի մեծ մասում Ասադի իշխանությունը կրկին մարտահրավեր նետելու փորձի որևէ նշան ցույց չէր տվել: Սակայն վերջին օրերի իրադարձություններն ամեն բան գլխիվայր շրջեցին Սիրիայում՝ էական դիրքավորում տալով Թահրիր աշ-Շամ-ին և նրա առաջնորդ ալ-Ջուլանիին։ Թե ինչ է ներկայումս սպասվում Սիրիային, վարկածները շատ տարբեր են՝ մասնատումից մինչև պատերազմի ընդլայնում Սիրիայի ներկայիս սահմաններից դուրս։
Հայաստանն անմիջականորեն սահմանակցում է Մերձավոր Արևելքին։ Մերձավոր Արևելքին ՀՀ առնչությունը ոչ միայն աշխարհագրական է, մերձավորարևելյան «խաղատախտակի» հիմնական խաղացողները նաև Հարավային Կովկասում ունեն լուրջ հավակնություններ՝ խոսքը թե Թուրքիայի և նրա դաշնակից Ադրբեջանի մասին է, այլև ավանդական ազդեցություն ունեցող Ռուսաստանի, ապա Իրանի, ինչպես նաև ԱՄՆ-ի մասին է։ Երեկ երեկոյան Սպիտակ տանն իր ելույթում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ընդունելով, որ Սիրիայում իրավիճակն անկայուն է և հղի է նոր ռիսկերով, խոստացել է օգնել տարածաշրջանի երկրներին և Սիրիային անցումային այս շրջանում։ Բայդենն ընդունել է նաև, որ իրավիճակը լի է մարտահրավերներով։ Մի շարք աղբյուրներ պնդում են, որ չի բացառվում՝ այս ամենից հետո Թուրքիան Ադրբեջանի միջոցով փորձի լուծել իր մյուս նպատակները Հարավային Կովկասում, խոսքը նաև, այսպես կոչված, միջանցքի թուրք-ադրբեջանական տանդեմի ցանկության մասին է։
168.am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Վլադիմիր Եվսեևն ասաց, որ շատ կարևոր է հստակեցնել, թե ովքեր են կանգնած սիրիական զարգացումների ետևում։
Նրա խոսքով, սիրիական հակամարտության հիմնական ստվերային խաղացողը եղել է ոչ թե ԱՄՆ-ը, այլ Բրիտանիան։ Թուլացած սիրիական բանակը, նրա խոսքով, ի վիճակի չէր լուրջ դիմադրության, իրենց հաշվարկներում դանդաղեցին նաև Իրանն ու Ռուսաստանը։ Եվսեևը գտնում է, որ հետագա զարգացումներից ևս շատ բան է կախված, թե ինչ սցենարով կգնան իրադարձությունները։
«Կարծում եմ, Անդրկովկասում ևս իրադարձությունները կբարդանան, ինչը պայմանավորված է այս փոփոխություններով։ Կարծում եմ՝ Իրանից ու Ռուսաստանից պահանջվում է է՛լ ավելի բարձր կոորդինացիա, թեև զուտ Երևանի ու Բաքվի քաղաքականությունն է այս դեպքում էական։ Երևանը հենվում է ներկայումս Արևմուտքի՝ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի վրա, Ռուսաստանի հետ հարաբերություններ հատկապես անվտանգային ոլորտում գրեթե չկան։ Ուստի փորձելու է նաև Թրամփի օրոք ամեն բան համակարգել Արևմուտքի հետ»,- ասաց վերլուծաբանը՝ ուշադրություն հրավիրելով նրա վրա, որ Թրամփը սիրիական վերջին «դրամայում» ցույց տվեց, որ ԱՄՆ-ը չի միջամտելու, ԱՄՆ-ը այնտեղ անելիք չունի, և ամեն բան թող ընթանա այնպես, ինչպես պետք է ընթանա։
Նրա որակմամբ, ռեգիոնալ խաղացողները վերադիրքավորման կարիք ունեն։ «Դա վերաբերում է նաև Անդրկովկասին, քանի որ սա հարված էր թե Իրանի, թե Ռուսաստանի համար, ուստի առջևում բարդ ժամանակներ են թե Մերձավոր Արևելքի, թե հարևան ռեգիոնների համար, որոնց համար ևս կան մարտահրավերներ, նման փուլերում ռազմական վտանգներն աճում են, ուստի դիվանագիտական աշխատանքն ուղղված զսպմանը, ինչպես նաև ռազմական ամրապնդումը չափազանց կարևոր են»,- նման կարծիք հայտնեց փորձագետը։
Եվսեևն ընդգծեց, որ այնուամենայնիվ չպետք է մոռանալ, որ ՌԴ-ն ու Իրանն ունեն առաջնային օջախներ և թշնամական ուղղություններ, Ռուսաստանի դեպքում՝ հավաքական Արևմուտքն Ուկրաինայում, իսկ Իրանի դեպքում՝ Իսրայելը։
«Սա ենթադրում է, որ այլ ռեգիոններում նրանց գործողությունները բխում են առաջնահերթություններից»,- նկատեց նա։
Եվսեևի գնահատմամբ՝ Հայաստանի դեպքում արտաքին քաղաքականությունն անհասկանալի է, հաշվարկները՝ անբացատրելի։
«Բարդ է ասել, թե ինչ հաշվարկի վրա է հիմնվում ՀՀ իշխանությունը՝ լքելով ՀԱՊԿ-ը, սերտացնելով համագործակցությունն ԱՄՆ-ի հետ, օրերս էլ տեղի ունեցան հանդիպումներ Պենտագոնում։ Արդյոք, բացի հանդիպումները և հարաբերություններին քաղաքական բարձր մակարդակ հաղորդելու ցուցադրությունները, ունե՞ն բովանդակություն։ Ռուսաստանի դիրքորոշումը պարզ է՝ ՀՀ-ն իր ինքնիշխան որոշումներն է կայացրել, այդ մասով ՌԴ-ն ոչինչ չունի ասելու, շարունակում է համագործակցությունը ԵԱՏՄ-ում և անհրաժեշտության դեպքում մասնակցելու է բանակցությունների, եթե կողմերը ցանկանան, ուստի առաջ է մղելու ռեգիոնալ պրոյեկտներում նոյեմբերի 9-ի տրամաբանությունը։
Տեսնում ենք Ադրբեջանի ղեկավարի պահանջատիրական դիրքավորումը, Թուրքիայի դիրքորոշումներն այս փուլում Ադրբեջանի համար կարևոր են լինելու, և կողմերն ավելի համակարգված են աշխատելու։ Բոլոր կողմերի հետ ճիշտ աշխատելու Երևանի քաղաքականությունից պարզ է, որ չափազանց էական բան է կախված»,- ասաց Եվսեևը։