Հայաստանը քայքայող «անտեսանելի ձեռքերից» մեկը
Հայաստանում հաճախ կարելի է լսել քաղաքական մտածողության փոփոխության անհրաժեշտության մասին: Ու դժվար է վիճարկել դրա անհրաժեշտությունը: Սակայն Հայաստանի համակարգային խնդիրների կուտակումն ու տարիների հանրագումարում դրանց տարաբնույթ ծանր հետևանքները՝ ամենատարբեր, իսկ վերջին տարիներին՝ պարզապես ողբերգական մետաստազների տեսքով, տեղի է ունեցել, թերևս, ոչ միայն քաղաքական մտածողության բացակայության կամ անառողջության հետևանքով:
Մեզանում թերագնահատվում է տնտեսական մտածողության դերը, ըստ այդմ՝ Հայաստանում տնտեսական վերնախավի ձևավորման դերը, որն իր մտածողության ու աշխարհընկալման մեջ կպարփակի ոչ միայն փող աշխատելու բանալ խնդիրը, այլ նաև տնտեսական գործունեության միջավայրի լայն ընկալումները՝ թե հանրային, թե ներպետական, թե նաև միջազգային մասշտաբով:
Անկասկած է, որ շահույթ ստանալը, և ավելի մեծ շահույթ ստանալը բիզնեսի առանցքային նպատակն է: Տնտեսական վերնախավը, սակայն, առանձնանում է ոչ միայն այդ պարզ նպատակով, որը բնորոշ է ցանկացած մասշտաբի տնտեսվարողի, այլ նաև իր մտածողության առավել բարդ շերտավորում ունեցող բուրգով: Իսկ այդտեղ արդեն առանցքային է դառնում տեսադաշտի ընդլայնման ու հայացքի խորության հարցը, երբ բիզնեսը սկսում է ժամանակը չափել հնարավորինս երկարաժամկետ տարածության մեջ՝ խորհելով արդեն ոչ միայն՝ ընթացիկ շահութաբերության, այլ նաև՝ տնտեսական գործունեության միջավայրի ռազմավարական խորություն ստանալու մասին:
Դրանով է տարբերվում տնտեսական բնազդը տնտեսական մտածողությունից:
Տնտեսական բնազդը Հայաստանում աշխատել է, այլապես բավականին բարդ ու կիսաշրջափակված պայմաններում ծավալվող Հայաստանի տնտեսությունը կլիներ շատ ավելի ծանր վիճակում:
Չի ձևավորվել, ըստ այդմ չի աշխատել տնտեսական մտածողությունը: Դա իր խորքային հետևանքն է ունեցել մի քանի առանցքային ուղղություններով: Մասնավորապես, տնտեսական մտածողության բացակայությունը եղել է կապիտալի ու քաղաքականության հարաբերության աղճատվածության պատճառներից մեկը: Դրա հետևանքով այդ երկու կարևոր դաշտերը միմյանց հետ ավելի շուտ գործակցել են ոչ թե՝ ընդհանուր ռազմավարական խորք ձևավորելու հետաքրքրության, այլ «համատեղ հանցանքի» ավելի ու ավելի ծանրության շուրջ:
Աղճատվել է նաև կապիտալի ու հանրության հարաբերությունը: Կապիտալը դիտարկվել ու դիտարկվում է հանցագործ, թշնամի, հարստահարող, իսկ արտաքին կապիտալը, ի լրումն այդ ամենի՝ գաղութարար, նվաճող: Մինչդեռ, այդ ընկալումները հանրությանը ոչ թե դարձրել են սոցիալ-իրավական մակարդակում առավել պաշտպանված, այլ՝ առավել էմոցիոնալ, հետևաբար՝ առավել խոցելի, այդպիսով վերածելով ներքին ու արտաքին քաղաքական զանազան անկասելի մանիպուլյացիաների օբյեկտի:
Ընդ որում, խոշոր կապիտալի կրող շերտերի գերակշռող մեծամասնությունը՝ հազվադեպ բացառություններով, հենց ընդգրկուն ու հիմնարար տնտեսական մտածողության բացակայության հետևանքով ի վիճակի չեն եղել բավարար չափով պատկերացնել, որ այդօրինակ պարզունակ դատողություններով և նախապաշարումներով ներարկված ու անպաշտպան հանրությունը ժամանակի ընթացքում դառնում է խնդիր հենց տնտեսական գործունեության բարվոք միջավայրի համար: Այդօրինակ ընկալումներով հանրությունը տնտեսական վերնախավին թույլ չի տալիս ձևավորել երկարաժամկետ տնտեսական գործունեության ռազմավարական խորք:
Այյդ հանգամանքը բավարար խորությամբ չպատկերացնելու հետևանքով, Հայաստանում կապիտալի կրող հազվադեպ սուբյեկտներ են աշխատել ու աշխատում հանրային տնտեսական մտածողության արդիականացման, կաղապարազերծման ուղղությամբ, անգամ ներդնում այդ խնդիրը լուծելու միջոցներ:
Իսկ դրանք ռազմավարական ներդրումներ են՝ թե իրենց բնույթով, թե նաև այն կարևոր հատկանիշով, որ՝ ի տարբերություն, օրինակ, քաղաքական սուբյեկտների գերազանցապես ճառասացության բնույթին, կապիտալի կրողների այդ ներդրումները պարունակում են հանրային արդիականացման շատ կոնկրետ գործնականություն:
Թեև Հայաստանում այդ դրսևորմամբ աչքի են ընկնում այդուհանդերձ ոչ մեծ թվով տնտեսվարող սուբյեկտներ, այդուամենայնիվ, տվյալ գործնականությունն է տնտեսական վերնախավի բնորոշող կարևոր առանձնահատկությունը, որը կարող է Հայաստանում ձևավորել տնտեսական մտածողության իրապես խորքային արդիականացման հեռանկար, հետևաբար՝ պետության տնտեսության ռազմավարական խորք, որը պետական անվտանգության ռազմավարական խորության թերևս ողնաշարային բաղադրիչն է:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ