Բաժիններ՝

«Վայլդբերիսից էի առել դանակը, 2000 դրամ». «սնարյադի բեկորները» 44-օրյա պատերազմից էին բերել, զենքն էլ պապենական է, օրինական գրանցված. «Հյուսիսային տերևաթափի» գործով ուսումնասիրվեցին իրեղեն ապացույցները

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում՝ դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, շարունակվում է «Հյուսիսային տերևաթափի»  գործով դատական նիստը:

Նախորդ դատական նիստի մեկնարկից շուրջ 1.5 ժամ առաջ դատավորի աշխատակազմից մեղադրյալների պաշտպաններին տեղեկացրել էին՝ այն չի կայանա:

Հիշեցնենք՝ նախորդ նիստերից մեկը կրկին հետաձգվել էր, քանի որ մեղադրյալներին դատարան չէին ներկայացրել: Եվ առհասարակ տարօրինակ է, որ Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության հետ համեմատված գործի դատավարությունն իշխանությունը շահագրգռված չէ կարծես թե արագ հանգուցալուծել: Դատական նիստերը պարբերաբար տեղի չեն ունենում կա՛մ ուղեկցող գումարտակի կողմից մեղադրյալներին չներկայացնելու, կա՛մ հանրային մեղադրողի՝ գործուղման մեկնելու, կա՛մ էլ այլ պատճառներով:

Ինչևէ, նախատեսված ժամից շուրջ 40 րոպե հետո սկսված դատական նիստի ընթացքում շարունակեցին հետազոտվել գրավոր ապացույցները՝ մեղադրյալների հեռախոսազանգերի վերծանման արդյունքները: Դրանք հերթով կարդում էին հանրային մեղադրող Հովակիմյանն ու դատավոր Ջոն Հայրապետյանը:

Կարդացեք նաև

Ընդհանուր առմամբ կենցաղային զրույցների արանքում ուշադրություն գրավեց մեղադրյալ Սերգեյ Մկրտչյանի հեռախոսազրույցի բովանդակության այն հատվածը, որ ինքն Արարատի մարզ այցելության ժամանակ պետք է հանդիպի նաև Արամ Զավենի Սարգսյանին, սակայն պատասխանող կողմը փոխանցում է, որ նա հարցազրույցի է և առաջարկում է թողնել ընտրություններից հետո: Հիշատակվում էր նաև Ժիրայր Սէֆիլյանի անունը:

«Ինձ պետք չի Ժիրոյին տեսնել. Իրենք սուտի են»,- ասում է մեղադրյալներից մեկը:

Այնուհետ հանրային մեղադրողը ներկայացրեց՝ ինչ են հայտնաբերել Վազգեն Ոսկանյանի բնակարանից՝ զինվորական դանակ, ծալովի դանակ, թղթե տուփով դանակ, կացին, ձեռնաշղթաներ, որսորդական փամփուշտներ, զինվորական վերնազգեստ, զինվորական գլխարկ, գոտի, անձրևանոց, քնապարկ, զրահաբաճկոն, բաժակ, ջրի շիշ:

Վազգեն Ոսկանյանը, հիշեցնենք, մասնակցել է 44-օրյա պատերազմին:

Հիշեցնենք, որ 2023թ. նոյեմբերի 2-ին Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաղորդագրություն տարածեց ահաբեկչության նախապատրաստության դեպքի բացահայտման մասին:

Գրավոր ապացույցների հետազոտումից հետո դատարանն անցավ իրեղեն ապացույցների հետազոտմանը, ինչից առաջ հայտարարվեց 2 րոպե ընդմիջում, ինչից հետո դատական նիստերի դահլիճ բերվեցին իրեղեն ապացույցները՝ փաթեթավորված:

Հետազոտվեցին Վազգեն Ոսկանյանի տնից հայտնաբերված հրացանը, զինվորական հանդերձանքը, համակարգչի մոնիտորը, անձնագիրը, զինվորական գրքույկը, բջջային հեռախոսը: Պաշտպան Զորայր Հարությունյանը նշեց՝ Վազգեն Ոսկանյանի ընտանիքին պատկանող օրինական զինվորական հրացան է, որը գրանցված է Վազգեն Ոսկանյանի անունով: Իսկ մնացած իրերը՝ զինվորական հանդերձանքի պարագաները, բերվել են 44-օրյա պատերազմից հետո:

Վազգեն Ոսկանյանի բնակարանից հայտնաբերված իրեղեն ապացույցների թվում էր նաև դրոնը՝ անօդաչու թռչող-նկարահանող սարք: Պաշտպան Զորայր Հարությունյանը նկատեց՝ այն պատկանում է Վազգեն Ոսկանյանի եղբորը: Դատավորը սարքը միացրեց ու ներկայացրեց դրա բովանդակությունը՝ կիսակառույց շենքի նկարներ, տեսանյութ: Տունը Վազգեն Ոսկանյանի ընտանիքին պատկանող, Աղձքում գտնվող առանձնատունն էր:

Էդգար Ծատինյանին պատկանող իրեղեն ապացույցներն էլ էին գրեթե նույնը: Ավելացել էին միայն «սնարյադի բեկորները», որը վերջինս բերել էր 44-օրյա պատերազմից՝ «Դեկոր էինք ուզում սարքել»:

Էդգար Ծատինյանին պատկանող իրեղեն ապացույցների միջից նաև դանակ հայտնաբերվեց:

«Վայլդբերիսից էի առել, 2000 դրամ»,- ասաց նա:

Մյուս մեղադրյալների պարագայում իրավիճակը նույնն էր:

Ապա ուսումնասիրվեցին իրեղեն ապացույց փաստաթղթերը՝ թռուցիկ, գրառումներ, արձանագրություններ, փորձարարական նմուշներ:

Հաջորդիվ ուսումնասիրվեցին լազերային կրիչները, ինչից հետո դատական նիստը հայտարարվեց փակված: Հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 19-ին՝ ժամը 16:00-ին:

Քրեական վարույթի շրջանակներում, ըստ ԱԱԾ-ի, ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա հանցավոր խմբի 5 անդամների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ, ներկայացվել են մեղադրանքներ: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց՝ կիրառվել է կալանքը:

«Խուզարկությունների արդյունքում հայտնաբերված գրառումների և այլ նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը կրել է «Հյուսիսային տերևաթափ» անվանումը»,- ասված էր ԱԱԾ  հաղորդագրության մեջ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս