Ինչո՞ւ իշխանությունը շահագրգռված չէ արագ ավարտել «Հոկտեմբերի 27»-ի գործի հետ համեմատվող «Հյուսիսային տերևաթափի» գործը
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում՝ դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, պետք է շարունակվեր «Հյուսիսային տերևաթափի» գործով դատական նիստը:
Նիստի մեկնարկից շուրջ 1.5 ժամ առաջ, սակայն, դատավորի աշխատակազմից մեղադրյալների պաշտպաններին տեղեկացրել էին՝ այն չի կայանա:
Հիշեցնենք՝ նախորդ նիստերից մեկը կրկին հետաձգվել էր, քանի որ մեղադրյալներին դատարան չէին ներկայացրել: Եվ առհասարակ տարօրինակ է, որ Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության հետ համեմատված գործի դատավարությունն իշխանությունը շահագրգռված չէ կարծես թե արագ հանգուցալուծել: Դատական նիստերը պարբերաբար տեղի չեն ունում կա՛մ ուղեկցող գումարտակի կողմից մեղադրյալներին չներկայացնելու, կա՛մ հանրային մեղադրողի՝ գործուղման մեկնելու, կա՛մ էլ այլ պատճառներով:
Հիշեցնենք, որ 2023թ. նոյեմբերի 2-ին Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաղորդագրություն տարածեց ահաբեկչության նախապատրաստության դեպքի բացահայտման մասին:
Քրեական վարույթի շրջանակներում, ըստ ԱԱԾ-ի, ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա հանցավոր խմբի 5 անդամների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ, ներկայացվել են մեղադրանքներ: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց՝ կիրառվել է կալանքը:
«Խուզարկությունների արդյունքում հայտնաբերված գրառումների և այլ նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը կրել է «Հյուսիսային տերևաթափ» անվանումը»,- ասված էր ԱԱԾ հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք նաև, որ նախորդ դատական նիստում հանրային մեղադրողը ներկայացրեց մեղադրյալների հեռախոսազանգերի վերծանումները: Ըստ նախաքննական մարմնի՝ դրանք ահաբեկչության նախապատրաստությանն ուղղված զրույցներ էին, թեպետ հասկանալի չէր, թե ինչ կապ ունի, ասենք, մեղադրյալներից մեկի մոր առողջական վիճակի մասին խոսակցությունը կամ երկաթյա խողովակների տրամաչափերի կամ երեխայի մանկապարտեզի հանդեսի մասին զրույցներն ահաբեկչության նախապատրաստության հետ:
Երևի նախաքննական մարմինն ահաբեկչություն է դիտարկել այն, որ մեղադրյալներն իրենց հեռախոսազրույցում քննարկել են հավանաբար Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա այցը, նրա ռուսերեն խոսելը: