Նայե՛ք Սիրիային և չկասկածե՛ք, Նիկոլ Փաշինյան անունով այս խեղկատակը մեր ժողովրդի դեմ կօգտագործի իր գնած պաշտպանական զենքը, ոստիկանական գվարդիան և թուրքական հատուկ ջոկատայիններին. Աբրահամ Գասպարյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Հալեպի վիլայեթը Մետաքսի ճանապարհի՝ դեպի Հնդկաստան ու Չինաստան գնացող ամենահանգուցային կետն է։
- Հալեպն առանց Իդլիբի ոչինչ է։ Որովհետև, եթե Հալեպից պետք է շարժվես Թուրքիա, առանց Իդլիբի դա հնարավոր չէ։ Իդլիբը Թուրքիայի անմիջական հարևանությամբ է գտնվում։ Հալեպը Թուրքիայի պետական սահմանից 60 կմ հեռու է գտնվում։
- Սիրիայում կան ԱՄՆ ռազմաբազաներ: Մոտ 900 անձնակազմով, ռազմատեխնիկապես բավականին լավ համալրված ամերիկյան զորախումբ կա, որը հսկողություն է սահմանում սև ոսկու՝ նավթի պաշարների վրա։
- Սիրիայի մոտ 700 կմ-ի վրա Թուրքիան ունի վերահսկողություն՝ շնորհիվ զինյալ ռադիկալների։ Կա նաև քրդական գոտի, իսկ անկախ դավանաբանական ու այլ տարբերություններից՝ քրդական գործոնը մի օր կարող է ակտիվանալ։
- Էրդողանն օգտվեց աշխարհաքաղաքական ստեղծված պատուհանից՝ ռուսական գործոնի գերզբաղվածություն, և այլն, նաև քովիդի ընձեռած հնարավորությունից օգտվելով՝ թուրք զինյալներին զինեց։
- Բաշար Ասադի ճակատագրական սխալն էր Թուրքիայի հետ 2006թ․ մեղրամսի գնալը։ Ես այդ ժամանակ էլ էի ասել, որ սա շատ ծանր է նստելու Սիրիայի և սիրիացի ժողովրդի համար։ Երբ 2009թ․ գնացի Սիրիա, պատերազմ չկար, բայց ես իմ ծննդավայրը չէի ճանաչում․ ամենուր թուրքական դրոշներ էին։ Տնտեսական էքսպանսիան կլանել էր Սիրիան։ Թող սա դաս լինի Հայաստանի համար:
- Բաշար Ասադի հայրը՝ Հաֆեզ Ասադը, իր 30 տարվա պաշտոնավարման ընթացքում Մերձավոր Արևելքի միակ ղեկավարն էր, ով ընդամենը մի անգամ էր այցելել Թուրքիա, այն էլ՝ ոչ թե Անկարա, այլ Ստամբուլ։ Որդին՝ Բաշար Ասադը, այլ քաղաքականություն որդեգրեց։
- Եթե չլիներ Ամերիկան, Բաշար Ասադն իշխանության չէր մնա, որովհետև նա Մերձավոր Արևելքի միակ ղեկավարն էր, ով ոչ սպանվեց, ոչ բանտարկվեց՝ ի տարբերություն Սադամ Հուսեյնի, Քադաֆիի…
- Ասադ ընտանիքի կապվածությունը ռուսական հատուկ ծառայությունների հետ խոր արմատներ ունի՝ դեռևս ԽՍՀՄ ժամանակներից։
- Որոշումների ընդունման սիրիական կենտրոնը՝ Դամասկոսը, բավական լուրջ ճնշման տակ է եղել ռուսական և իրանական ազդեցության կողմից։ Այն, ինչ կատարվում է այսօր Սիրիայում, Բաշար Ասադի չկողմնորոշվածության արդյունքն է։ Որպեսզի Ասադը մնա իշխանության, բոլոր տենդերները տրվել են չինական ընկերությանը, սիրիացի ժողովուրդը տաքանում էր իրանական գազով, բայց դոմինանտ էր Ռուսաստանը։ Սա, իհարկե, չէր կարող անտարբեր թողնել Իրանին։
- Արաբական քաղաքական միտքը պրակտիկ առումով սնանկ դարձավ, և դրանից օգտվեց Թուրքիան, քանի որ, երբ նստեցին բանակցությունների սեղանի շուրջ, սիրիական ընդդիմության միանգամից 47 ղեկավար հայտնվեց, ու որևէ մեկը չհաղթեց։
- Այն ամբողջ «մասկի-շոուն», որ հիմա Թուրքիան ցուցադրում է, նպատակ ունի նախ ուշադրությունը շեղել թուրք-իսրայելական խորքային համագործակցությունից։ Առանց Իսրայելի՝ Թուրքիան չէր կարող սա իրականացնել։ Ռուսական գործոնը պիտի դեր չունենա այս ամենի մեջ։
- Թուրքիան ջանում է ներքին խնդիր լուծել․ նախ՝ ձերբազատվել «Սևրի սինդրոմից», իսկ քրդական հարցում շատ հետաքրքիր քայլի է դիմում։ Վերջերս Էրդողանն ակնարկեց, որ կարող է քրդական ազատագրական շարժման առաջնորդ Աբդուլլահ Օջալանին ազատ արձակել։ Որոշակի պայմանավորվածության արդյունքում ազատ կարձակի: Քննարկվում է՝ ազատ արձակել, բայց արգելել երկրից դուրս գալը։ Պայմանավորվածության արդյունքում, փոխարենը՝ Օջալանը պաշտոնապես հայտարարում է Թուրքիայում քրդական զինված պայքարի դադարեցման մասին։ Սա շատ ուշագրավ քայլ կլինի, և լուրջ զարգացումներ կարող են լինել նաև քրդերի շրջանում:
- Գլխավոր հարցն է՝ զինյալները կսահմանափակվեն Հալեպը հսկողության տակ պահելո՞վ, թե՞ կիջնեն ներքև՝ դեպի Համան։ Թուրքիայի ծայրահեղական խմբավորումները տեղակայված են այդտեղ։
- Եթե Ռուսաստանը կործանիչներ չհանի, օդուժ չկիրառի, Սիրիան հնարավորություն չունի Հալեպը վերանվաճել։ Սիրիան հիմա շատ թույլ է։
- Սիրիայի իշխանությունն իր իշխանությունը պահելու համար իր հույսը դրեց բացառապես արտաքին գործոնի՝ Իրանի ու Ռուսաստանի վրա և իր բանակը պառակտեց, թուլացրեց։
- Ես բազմիցս խնդրել եմ չմեկնաբանել այդ բիոզանգվածի (Նիկոլ Փաշինյանի,- խմբ.) հայտարարությունները, բայց նա ամեն ինչ տանում է հրաշալի, ինչպես ծրագրված է իր հովանավորների կողմից։ Ինքն ամեն ինչ անելու է, որպեսզի Հայաստանից ստանա սպառողական հասարակություն։ Սյունիքն իրենք Արցախի հետ միասին դարձնելու են պոլիգոն՝ հակաիրանական գործողությունների համար։ Սրանք նոյեմբերից Նոր տարի են նշում, ամեն ինչ անում են, որ Հայաստանում ապրող հայը չմտածի պաշտպանվածության, իր սեփական անվտանգությունն ապահովելու մասին։ Ճիշտ նույն բանը եղել է Սիրիայում… Տեսա՞ք՝ ինչ արեցին Սիրիայի իշխանությունները, էս չի՞ ձեր թղթե տնակը։
- Փաշինյանը հրաշալի անում է այն, ինչի համար նրան բերել են։
- Սիրիական պետությունը կործանված պետություն է, բայց Ասադը մտածում է՝ մայրաքաղաք Դամասկոսում նորմալ է, Դամասկոսը քանի դեռ չի ընկել, նորմալ է։ Նույնը այստեղ է՝ Հայաստանում։ Մայրաքաղաքում լա՛վ ապրեք, երևանցիք, Շուռնուխը ո՞ւմ է հետաքրքիր։ Դամասկոսում հանգիստ ապրում են, բոլոր վայելքներից կարողանում են օգտվել։ Նրանց ինչի՞ պիտի հետաքրքրի Հալեպի ժողովուրդը…
- Հաջորդը լինելու է Իրաքը, և ամենևին պատահական չեմ համարում, որ Իրաքի աշխարհազորը, որի գլխին շիական առաջնորդ է կանգնած, Սիրիայի իր հայրենակիցներին ուզում է օգնության հասնել։
- Մեզ սպառնում է ադրբեջանական հնարավոր ներխուժում։ Թուրքիան չի ներխուժի, բայց Ադրբեջանը կանի դա։ Եվ այս խեղկատակի՝ ազգ-բանակի դեմ խոսույթը սրա մասին է։
- Այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյան անունով խեղկատակը, ոստիկանական գվարդիաներով բարիերներ ստեղծելն է։
- Հայաստան բերվում է պաշտպանական տեխնիկա, որն օգտագործվելու է ժողովրդի դեմ։ Հայաստանը ձեռք է բերում այնպիսի զինտեխնիկա, որ քաղաքական խժդժությունների, զարգացումների դեպքում օգտագործի ՀՀ քաղաքացիների դեմ։ Փաշինյանի արարքները սպիտակ եղեռնից էլ են այն կողմ անցնում…
- Չկասկածեք, որ հարկ լինի, սեփական ժողովրդի դեմ Փաշինյանը կօգտագործի նաև թուրք-ադրբեջանական տանդեմի հատուկ ջոկատայիններին…
- Վատիկան Նիկոլ Փաշինյանի և կնոջ՝ Աննա Հակոբյանի այցը՝ Էրատոյի պատկերով ականջօղերը, մեսիջ էին, որ Հայաստանի 3-րդ Հանրապետությունն այն տեսքով, ինչպիսին որ հիմա կա, չի լինելու։
- Վատիկանը շատ վատ խաղ է խաղում մեր դեմ։ Պետք է հասկանալ՝ անդրազգային ինչ կորպորացիաներ են հեղափոխություն իրականացնում ամբողջ աշխարհով մեկ, կամ ինչ նոր գլոբալիստական կազմակերպություններ են Վատիկանի կողմից ուղղորդվում։
- 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանն էր կուրացիա անում այստեղ Մեծ Բրիտանիայի քաղաքականությունը։ Մավրն արեց իր գործը, Մավրը հեռացավ։ Նիկոլ Փաշինյանը միայն ֆասադն է, նրան դրսից խաղացնողներ կան։
- Մենք պետք է շատ զգոն լինենք։ Սիրիայի իրադարձությունները շատ պիտի լուսաբանվեն։ Սիրիական նախորդ պատերազմների ընթացքում Սիրիայում հայկական դեսպանությունը միակն է եղել, որ չի փակվել, ու հիմա Հալեպում հյուպատոսը, առանց տեղյակ պահելու համայնքային կառույցներին, լքում է Հալեպը…
- Հալեպում Հայաստանի հյուպատոսը տեռորիստական հարձակումներից 24 ժամ առաջ իմացել է այդ մասին։ Եվ եթե դու 24 ժամվա ընթացքում համայնքային կազմակերպությունների ղեկավարներին չես հայտնում այդ մասին, դու ո՞ւմ շահերն ես սպասարկում։ Պարզ չէ՞, թե որ երկրից կարող էին ՀՀ արտգործնախարարության ներկայացուցչին՝ հյուպատոսին, տեղեկացնել հնարավոր ռազմական գործողությունների մասին. Թուրքիայի՛ց:
Մանրամասները՝ տեսանյութում։