Ուղեղային մորմոքից՝ բանականության վիժում
Մի քանի հազարամյակի հայկական պատկանելություն ունեցող Արցախի համար պայքարը, հանուն Արցախի ազատության ու ինքնորոշման հայ ժողովորդի կրած զրկանքները հղիության հետ մինչև օրս չէր համեմատել անգամ որևէ շիզոֆրենիկ ազգայնական ադրբեջանցի։
Որովհետև ով՝ ով, բայց ադրբեջանցիներն ամենալավը գիտեին, որ եթե այդ հարցում հղիության հետ համեմատության եզր կար, ապա հղիի դերում Ադրբեջանն էր՝ այդ հասկացության՝ ամենևին ոչ պառլամենտական ամբիոնից հնչեցման համար կարելի իմաստներով։
Բայց Ադրբեջանն ավելի քան երկու տասնամյակի հղիությունից հետո գնաց որդեգրման ճանապարհով, ինչը հնարավորություն տվեց Հայաստանի ԱԺ ամբիոնից լսել այն, ինչն աներևակայելի կարող էր համարվել անգամ Միլի մեջլիսում։
Արցախի հարցը լուծված համարելով՝ Նիկոլ Փաշինյանն արդեն մի քանի տարի հայ ժողովրդին ֆիզիկական կորուստների ու հոգևոր այլասերման հասցնող իր քաղաքականությունն արդարացնում է հայազգի հանճարեղ գրողների գործերի սեփական խեղաթյուրված ընկալման միջոցով։
Սկզբում Չարենցի «Երկիր Նաիրին» էր, որի միանգամայն այլ ուղերձն ու նպատակը հասկացվել էր սեփական ուղեղային մորմոքի հանգույն։
Հիմա Թումանյանի «Անկեղծ չենք» հոդվածն է, որի անկեղծության մասին գլխավոր գաղափարը հասկացվել է սեփական խոհանոցի տեսարաններն ի ցույց դնելը որպես անկեղծություն ներկայացնելու մակերեսայնությամբ։ Այդուհանդերձ, այս պատմության մեջ հիմնարարն ուղեղային մորմոքի ախտանիշն է, որի չբժշկված զարգացումը հանգեցրել է ազգատյացության այնպիսի դրսևորման, որ դրա կրողը հաղթանակած ժողովրդի հազարավոր զավակների նահատակության մեջ անմիջական մեղավորություն ունենալով, այսօր արդեն նրան մեղադրում է աշխարհին որպես «ազգ նահատակ» ներկայանալու մեջ։
Արցախյան հարցի համեմատությունը հղիության հետ ունի ևս մեկ նպատակ, որի մասին ուղիղ չի ասվում։ Միևնույն ելույթում հերոսների թեմայի արծարծումը՝ հղիության հնարավոր ելքերի թվում մեռելածնության մատնանշմամբ, ոչ այլ ինչ է, քան հայ իրականության մեջ արմատացած ու պատերազմի զոհերի ընտանիքներին բնութագրող «հերոսածին» կաղապարը մեռելածնությամբ փոխարինելու այլասերված քաղաքականության մեկնարկ։
Բայց այնպես չէ, որ դա նրա մոտ չնախատեսված հղիության նման ուղեղի անսպասելի մթագնում է. տարիներ շարունակ հայտարարվում է, որ Արցախը եղել է Հայաստանի վզին գցված թոկ, որն այլք օգտագործել են Հայաստանը խեղդելու համար, տևական ժամանակ ասվում է՝ Արցախի հանձնումը Հայաստանի իրական անկախության գրավականն է, և այդպես շարունակ։
Այդ տրամաբանությունը ենթադրում է, որ հանուն Արցախի նահատակված հազարավոր զոհերը հանցագործներ են, որոնք պայքարել են Հայաստանի իրական անկախության դեմ։ Հետևաբար, նրանց ծնողները չեն կարող լինել հերոսածին, ըստ այդ՝ ուղեղային մորմոքի արգասիք հանդիսացող, բայց արդեն պետական քաղաքականություն դարձած մոտեցման։
Զարմանալի զուգադիպությամբ, Նիկոլ Փաշինյանի ելույթն ԱԺ-ում հնչեց այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Օքսֆորդի անգլերեն բառարանը տարվա բառ է ընտրել brain rot (ուղեղի քայքայում) արտահայտությունը, որով բնութագրվում է տեղեկատվության, հատկապես՝ առցանց բովանդակության չափից ավելի սպառման արդյունքը, որն իմաստալից արժեք չունի և բացասաբար է ազդում մարդու ճանաչողական կարողությունների վրա։
Կառավարությունից դեռևս պաշտոնապես չեն արձագանքել Օքսֆորդի բառարանի հեղինակների քայլին, իսկ ԱԳՆ-ն դեռևս բողոքի նոտա չի հղել Մեծ Բրիտանիային՝ Հայաստանի՝ «պետական պաշտպանության ենթակա պաշտոնյայի» անձնական տվյալները համաշխարհային հանրության սեփականությունը դարձնելու կապակցությամբ։
Հարություն Ավետիսյան