«ՔՊ-ին չի հաջողվելու Գյումրիում վերցնել իշխանությունը, եթե հաջողվեր՝ վաղուց կվերցներ». Կարեն Մալխասյան
Երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Գյումրիում դեկտեմբերի 7-ին, 8-ին և 9-ին տեղի կունենան նախնական ընտրություններ։
«Մենք կխնդրենք, որ ՔՊ-ի անդամների, համակիրների, համախոհների շրջանակից առաջադրվեն կամ ինքնառաջադրվեն թեկնածուներ, որոնց քաղաքական որոշակի չափանիշներով կգրանցենք, ոմանց գրանցումը հնարավոր է՝ մերժենք, որից հետո Գյումրիի բնակիչների շրջանում, իհարկե, ոչ բոլորի շրջանում, որոշակի սկզբունքով, ինչ-որ առումով՝ նաև պատահականության սկզբունքով, կիրականացնենք քվեարկություն։ Քվեարկության արդյունքներով հաղթած թեկնածուին կնշանակեմ Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար, որը, մեծ հավանականությամբ, կլինի նաև մեր թեկնածուն՝ Գյումրիի ավագանու առաջիկա ընտրություններում։
Այսպես ասած՝ փրայմերիզներ, մինչ այդ ես կնշանակեմ համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- հայտնել է Նիկոլ Փաշինյանը։
Գյումրու ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար, իրավաբան Կարեն Մալխասյանի խոսքով՝ նախնական ընտրություն ասվածը բոլորի մոտ թյուրիմացություն է առաջացրել, բոլորը հետաքրքրվում են, թե ի՞նչ ընտրության մասին է խոսքը։ Հետո երբ բացատրում են, մարդիկ հասկանում են, որ դա ՔՊ-ի նեղ կուսակցական հարցերն է, որն ուղղակի հանրայնացնում է իշխանությունը և այս ձևաչափով ուզում իրենց թեկնածուին ընտրել։
«Սա իրենց խնդիրն է, բայց եթե մենք ընդօրինակում ենք ավելի կայացած երկրներին՝ Եվրոպային կամ Միացյալ Նահանգներին, ապա այնտեղից օրինակելու այլ բաներ կան, քան կոնկրետ այս ձևաչափը։
Քաղաքապետի պաշտոնակատար նշանակելը կրկին ՔՊ-ն այնպես է մեկնաբանում, որ իրենք կարող էին պաշտոնակատար նշանակել, բայց հիմա պետք է փրայմերիզներ ասվածն անեն, որպեսզի կարողանային նշանակել։ Բայց նման բան չկա, այս պահին գործող օրենքը նման հնարավորություն չի տալիս Կառավարությանը կամ Կառավարության ղեկավարին պաշտոնակատար նշանակել։ Ուղղակի իրենք պետք է մարդկանց ճիշտն ասեին՝ ասեին, որ գնում են այլ ճանապարհով և ուզում են, որ օրենքը փոխելու արդյունքում նշանակեն պաշտոնակատար, և որը լինելու է ՔՊ-ի թեկնածուն և որն էլ կազմակերպելու է ընտրությունը»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Կարեն Մալխասյանը։
Նրա կարծիքով՝ ՔՊ-ն նախնական ընտրությունով ուզում է ապացուցել, թե՝ տեսեք, ինչ ժողովրդավար են, որ ցույց են տալիս, հանրությանը ներկայացնում են, թե ում են ուզում ներկայացնել՝ որպես համայնքի թեկնածու։
«Անկախ նրանից, թե ինչ նախնական ընտրություն են անելու կամ իրենց թեկնածուին ինչ ձևաչափով են որոշելու՝ իրենց գործն է։
Իսկ կոնկրետ Գյումրու հետ կապված օրենքն ասում, որ արտահերթ ընտրություն պետք է լինի, բայց ո՞ր պարագայում կարող է տեղի ունենալ արտահերթ ընտրությունը։ Նախատեսված է երկու դեպք՝ առաջինը, որ նիստ պետք է գումարվի և համայնքի ղեկավար ընտրվի։ Եվ երկրորդը՝ մեկ նստաշրջանի արդյունքում 3 անգամ նիստ չի գումարվում։ Մենք տեսանք, որ առաջին նիստը չկայացավ՝ քվորում չլինելու պատճառով։ Այս հիմքով մենք դիմել ենք Կառավարությանը, որպեսզի լուծարեն ավագանին և նշանակեն արտահերթ ընտրություն, սակայն մինչև օրս պատասխան չունենք»,- հավելեց Կարեն Մալխասյանը։
Նա նաև նկատեց՝ եթե Կառավարությունը դա հիմք չի համարում, որ նիստ է գումարվում, այդ պարագայում ավագանու 11 անդամները, որոնք ստորագրել են արձանագրություն՝ առնվազն այդ հարցում կոմպետենտ չեն և այդ պայմաններում ցանկանո՞ւմ էին ղեկավարել համայնքը։
«Իշխանությունների քայլերի տրամաբանությունը տանում է նրան, որ օրենքի փոփոխությամբ նիստեր չկայանալու հիմքով լուծարեն ավագանին և նշանակեն պաշտոնակատար։ Դրանից հետո էլ անորոշ է, թե ինչ ժամկետների մասին է խոսքը։ Լավ, մի պահ ընդունենք, որ օրենքը փոխեցին և այդ ձևաչափով քաղաքային իշխանությունը վերցրեցին, ե՞րբ է նշանակվելու արտահերթ ընտրությունը՝ այդ մասին խոսք չեն ասում։
Իրենք կարող են նշանակել այնպիսի պաշտոնակատար, ով չի լինի ՔՊ-ի թեկնածուն, այլ միայն կկատարի համայնքապետի գործառույթները, մինչև կձևավորվի իշխանությունը։ Նույնիսկ այս հարցում ազնիվ չեն գյումրեցու հետ։
ՔՊ-ին չի հաջողվելու Գյումրիում վերցնել իշխանությունը, զարգացումը բոլորիս աչքի առաջ է տեղի ունեցել, եթե հաջողվեր, ապա վաղուց վերցրած կլիներ։ Իմ հասկանալով՝ օրենքի բացն իրենք ուզում են հօգուտ իրենց օգտագործել, անհայտ է, թե այդ պաշտոնակատարը որքան է կառավարելու։ Արդար ու բարոյական չէ, որ ՔՊ-ի նշանակած անձը վարչական ռեսուրսն օգտագործելով՝ իր ընտրությունն է կազմակերպելու։ Ունենք փաստ արձանագրված, որ Անի խոշորացված համայնքում ՔՊ-ն 5+1 տոկոս ձայն չհավաքեց, բայց պաշտոնակատար նշանակելուց հետո այդ անձը կազմակերպեց ընտրություն ու հավաքեց այդ ձայնը»,- եզրափակեց Կարեն Մալխասյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի վերջին ԿԸՀ-ն հայտնել էր, որ Գյումրին ընդգրկող թիվ 31 ԸԸՀ-ն ստացել է ավագանու 14 անդամի, այդ թվում՝ համայնքի ղեկավարի պարտականությունների վաղաժամ դադարեցման արձանագրություններ:
Գյումրիի իշխող՝ «Բալասանյան» դաշինքն այս որոշումն ընդունել է դաշինքի հետ սերտորեն կապված նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի, նրա որդու և ևս երեք մերձավորների նկատմամբ քրեական հետապնդումից հետո։ Վերջիններս անցնում են Գյումրիի Սև բերդի հարակից հողատարածքների օտարման գործով։
ԱՄՆ-ում գտնվող Բալասանյանին ձերբակալելու որոշում կա։ Իսկ նրա որդին՝ ձերբակալվել, ապա 70 միլիոն դրամ գրավի դիմաց՝ տնային կալանքի տակ է։