Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով
Գերմանական Mercedes-Benz մեքենաշինական ընկերությունը թարմացրել է Apple սմարթֆոնների համար նախատեսված իր հավելվածը և որոշ գործառույթներ հարմարեցրել Apple Watch «խելացի» ժամացույցի համար։ Այս մասին տեղեկացնում է autopilot.ru-ն։
Այժմ Mercedes-Benz մեքենաների սեփականատերերը կարող են «շփվել» իրենց մեքենաների հետ՝ առանց սմարթֆոնն օգտագործելու։ Օգտագործելով հավելվածը «խելացի» ժամացույցի վրա՝ կարելի է ստուգել մեքենայի մարտկոցի կամ վառելիքի մակարդակը, հեռակա կարգով կողպել կամ ապակողպել մեքենան, որոշել դրա գտնվելու վայրը և ստուգել՝ արդյոք բոլոր պատուհաններն ու դռները, վառելիքի լցոնիչի կափարիչը և բեռնախցիկը փակ են:
Հավելվածի առանձնահատկությունն այսպես կոչված «հետիոտնի ուղեցույցն» է, որը որոշում է, թե որտեղ է կայանված մեքենան և երթուղի է կառուցում դեպի այն։
Նոր գործառույթներն արդեն հասանելի են Եվրոպայում Apple Watch-ի օգտատերերին, իսկ ավելի ուշ հավելվածը կգործարկվի ԱՄՆ-ում, Չինաստանում և Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: