Բժիշկներն այս պատերազմում գնացել են խելահեղության. իսկապես այդ մարդիկ 2020 թվականի հրեշտակներն էին. Ջիվան Ավետիսյան

2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմում առաջնագծում ու թիկունքում  մարդկային կյանքեր փրկած բժիշկների մասին կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանը նոր ֆիլմ է նկարահանում, որը կոչել է «20 20-ի հրեշտակները»։ Ֆիլմն ամբողջովին հիմնված է իրական փաստերի վրա. բժիշկները, որոնք անցել են պատերազմի թոհ ու բոհով, իրենց տեսածը նույնությամբ ներկայացնում են ֆիլմի դերասանական անձնակազմին, որպեսզի դերասաններն էլ կարողանան եղած իրադարձությունները փոխանցել մարդկանց։

Ռեժիսորը ֆիմի վրա սկսել է աշխատել 2021 թվականի հունվարից՝ հրադադարից մոտ երկու ամիս անց։

168.amհետ զրույցում Ջիվան Ավետիսյանը խոսեց ֆիլմի ստեղծման գաղափարի, Արցախի նկատմամբ եղած կարոտի, Արարատին հասնելու երազանքի և հայության անելիքների մասին։

Կարդացեք նաև

Բժիշկներն այս պատերազմում գնացել են խելահեղության

«Այս ֆիլմի գաղափարը ծնվել է պատերազմի ժամանակ ու ծնվել է՝ որպես մեծ երախտիքի խոսք դեպի բժիշկները։ Արցախում պատերազմի ժամանակ տարբեր վայրերում տեսա բժիշկների կատարած աշխատանքը՝ իսկապես ցնցող էր, անհավանական։ Ես սիրում եմ ասել, որ բժիշկներն այս պատերազմում գնացել են խելահեղության, բազմիցս խիզախել են, որպեսզի կարողանան կյանքեր փրկել, կյանքեր փրկել այն ժամանակ, երբ մարդկանց կյանքը խլելը շատ դյուրին էր դարձել։ Դու կարող էիր լինել այս վայրկյանին ու հաջորդ վայրկյանին չլինել։ Զինվորը սահմանի ողջ երկայնքով կռիվ էր տալիս, ու կյանքը նվիրել հանուն 1 թիզ հողի, բժիշկն էլ կռիվ էր տալիս հանուն 1 կյանքի։ Որքան էլ հիմա հետ եմ վերադառնում՝ չեմ կարողանում հիշել՝ ֆիլմ ստեղծելու գաղափա՞րն է ավելի շուտ ծնվել, թե՞ ֆիլմի վերնագիրը՝ «20 20-ի հրեշտակները». իսկապես այդ մարդիկ 2020 թվականի հրեշտակներն էին։ Սահմանի խորքում, Ստեփանակերտում, հյուսիսային ու հարավային թևում ինչ որ տեսել եմ՝ անբացատրելի էր։

Մինչև այժմ հանդիպել եմ 50-ից ավելի բժիշկների, նաև զոհված բժիշկների հարազատների հետ։

Մեր թիմի նպատակն է, որպեսզի կարողանանք արժեքավոր գործ ստեղծել, մեծ երախտիքի խոսք ասել բժիշկներին»։

«2023 թվականի Արցախի  բլոկադայի, 1-օրյա պատերազմի մասին այլ ֆիլմ կլինի»

«Իրականության մեջ կան բժիշկներ, որ զենքը ձեռքին մասնակցել են պատերազմին, և ես անպայման ուզում եմ, որ թեկուզ փոքր, բայց ֆիլմի ինչ-որ դրվագում նրանք լինեն։

2023 թվականի դեպքերն այս ֆիլմում չեն լինելու։ Աստծուց առաջ չեմ ընկնում, բայց մեր թիմը նաև աշխատում է նոր այլ ծրագրի ու ֆիլմի ուղղությամբ, որտեղ ընդգրկված են բլոկադան, 1-օրյա պատերազմը, հայության տարհանումը, և այլն։ Այդ ժամանակ էլ բժիշկները կրկին անհավանականն են արել, բայց 2023 թվականի վերաբերյալ ֆիլմը բժիշկների մասին չի լինելու, իրենք կլինեն, բայց ֆիլմն այդ օրերի մասին է պատմելու։

Արցախում պատերազմի գրեթե յուրաքանչյուր օրը տպված է իմ հիշողության մեջ, նաև այն լուսանկարները, տեսանյութը որ ունեմ, ամսաթվով ֆիքսված պահում եմ։ Շատ ուշ եմ սկսել դիտել այդ լուսանկարները, չէի կարողանում։ Ամեն օրը հիշում եմ, այդ սոսկումը, տառապանքի հասնող մղձավանջը մինչև օրս զգում եմ, երբ ամեն օր դու զգում ես, թե քո հայրենիքի սահմաններն ինչպես են սեղմվում։ Պետք է ասեմ, որ բժիշկներն այդ զգացողության առաջին վկաներն են, որովհետև երբ վիրավորները հասնում էին բժիշկներին, նրանք հարցնում էին՝ «Արցախի ո՞ր հատվածում ես վիրավորվել»։ Բժիշկները խոսել են այն մասին, որ անընդհատ՝ վիրավորների քանակի հետ մեկտեղ, զգում էին, թե ինչպես է փոքրանում Արցախը, քանի որ վերջին օրերին արդեն Ստեփանակերտի մատույցներում էին զինվորները վիրավորում ստանում»։

Մոռանալ չի լինում, մոռանալը դավաճանություն է, բա խղճի՞դ ինչպես նայես

«Արցախում իմ տեսած ամեն բանն եմ հիշում ու իրականության մեջ չեմ էլ ուզում մոռանալ, որովհետև դա այնքան պարտավորեցնող է, դա կարևոր մաս է դարձել իմ կյանքում, ոչ թե նրա համար, որ ես ուզում եմ անընդատ հիշել ու ինքնս ինձ տանջել, ո՛չ, մոռանալը դավաճանություն է։ Հետո էլ՝ բա խղճի՞դ ինչպես նայես։ Ես այսօր նույնիսկ հիշում եմ Արցախի առաջին պատերազմից մարդկանց, դրվագներ, որոնք փորձում եմ ներկայացնել իմ ֆիլմերում, հիմա էլ եմ հիշում։ Հիշում եմ շատ մարդկանց, որոնց ես թողել եմ առաջնագծում, որովհետև նկարահանումներն ավարտելուց հետո գնացել ենք թիկունք՝ առաջնագծում թողնելով երևելի երիտասարդների։ Չգիտեմ՝ նրանցից ո՞վ կա, ո՞վ՝ ոչ, նայում եմ տեսանյութերը, լուսանկարները ու մտածում՝ ո՞ւր են այս մարդիկ։ Եղել են դեպքեր, որ կարողացել են պահի տակ հեռախոսահամարս վերցնել՝ ասելով, որ՝ եթե ողջ մնանք, զանգահարելու ենք, լուսանկարները վերցնենք։ Հիմա ինքս այդ զանգերն այնքան ուրախությամբ եմ ընդունում, ցավոք, շատ չեն»։

Աշխարհի մեծագույն գագաթն Արարատն է՝ մի մեծ երազանք ու նպատակ

«Քրիստոնյայի կյանքի իմաստն այն է, որ այնպես ապրես, որպեսզի վերջում արժանանաս երկրային թագավորությանը։ Իսկ հայի կյանքի իմաստը ո՞րն է, այս հարցի շուրջ շատ եմ մտածում։ Կարծում եմ՝ այն է, որ կարողանաս չուրանալ բոլոր այն նահատակներին, որոնք նահատակվել են հանուն մեծագույն սրբության՝ հայրենիքի, և կարողանաս քեզ տրված կյանքը, օրը, ինչ-որ բան փոխես այդ երկրում և ավելի ու ավելի մոտենաս Արարատին։

Աշխարհում ես շատ բարձր գագաթներ գիտեմ, բայց միշտ ասում եմ՝ աշխարհի մեծագույն գագաթն Արարատն է։ Եվ Արարատը լեռ չէ, որ պետք է կարողանաս բարձրանալ՝ 5165 մետրը, ու գերես նրան, այլ դա մի մեծ երազանք ու նպատակ է, պետք է կարողանաս ծառայել այդ նպատակին և Արարատն ամեն ինչից վեր համարես։

Իմ նախորդ 3 ֆիլմերը ստեղծվել են հաղթանակած Արցախի ժամանակ, հիմա իմ հաջորդ ֆիլմերը ստեղծվում են դաժան իրականության մեջ։ Մենք պետք է աղաղակենք այս անարդարացիության դեմ, դրա համար առաջ եմ մղում իմ ֆիլմերը։ Ինքս փորձում եմ հասկանալ՝ որո՞նք են հայությանը հուզող հարցերը, և խոսել դրանց շուրջ։ Իհարկե, դա ինձ պետք է հուզի՝ որպես մարդու։ Ես փորձում եմ իմ արվեստը ծառայեցնել իմ երկրին»։

Եթե գիտակցեիր, որ Տիգրանակերտը որևէ մեկինը չէ, հենց քոնն է, այդպես չէիր վարվի այդ հողի հետ

«Կարծում եմ՝ այսօր մենք առաջնայինը երկրորդայինից տարբերելու խնդրի առջև ենք, բայց այնպես չէ, որ եկել եմ որևէ մեկին բան սովորեցնելու։ Ինքս ինձ հարց եմ տալիս՝ ինչո՞ւ մենք հայտնվեցինք այս հանգրվանում, որովհետև չկարևորեցինք յուրաքանչյուր նահատակի, չկարևորեցինք յուրաքանչյուր թիզ հողը։ Յուրաքանչյուր մարդ պետք է իրեն այս հարցերը տա, գոնե ես կարծում եմ, թե հայությունը շատ է հեռացել ինքն իր տեսակից։ Գուցե ռոմանտիկ է, բայց եթե դու համարում ես, որ Տիգրան Մեծի ժառանգորդն ես, չես փորձում առաջին իսկ պատահած մարդուն խաբելով՝ քո հաջողությունը գտնել։ Եթե համարում ես, որ Սարդարապատում քո պապն է դուրս եկել, ու դու ուղիղ ժառանգորդն ես նրա, չես փորձի որևէ մեկին խաբել։ Ես մտածում եմ՝ եթե դու գիտակցեիր, որ Տիգրանակերտն Արցախում որևէ մեկինը չէ, հենց քոնն է, ապա դու այդպես չէիր վարվի այդ հողի հետ։ Հիմա ամեն մեկս ինչպե՞ս ենք նայում Արարատին, եթե հարցադրումը տալիս ես, որ դու ուղիղ ժառանգորդն ես Հայկի, ու Արարատը քոնն է, սկսում ես այլ կերպ ապրել»։

Արցախի հարցը փակված չէ, Արցախի հարցը յուրաքանչյուրիս ձեռքում է

«Արցախի հարցը երբեք չի կարող փակված լինել, եթե Արցախը քո սրտում ու քո ուղեղում է։ Ի վերջո, սրբությունը որտե՞ղ է լինում՝ սրտում ու գլխում, բայց սա չի նշանակում, որ Արցախը դու կրես քո սրտում, բայց ամեն բացվող օրվա հետ չարարես։ Ինքս խորապես համոզված եմ՝ գնալու եմ մեր գյուղ, իմ ամենասիրելի վայրը՝ մոլորակի երեսին, նստեմ իմ պապական այգում, նայեմ լեռնաշղթաներին։ Ամեն օր եմ մտովի տեղափոխվում իմ գյուղ, երբ երեկոն իջնում է, ու ձայները հեռվից սկսում են մոտենալ, հետո գալիս-հասնում է գյուղամեջին՝ մեղվի փեթակի բզզոցի նման։ Սարերի հեռվից վարագույրի նման փակվում-փակվում ու մութը հասնում է քեզ, ու տիրում է լռություն։ Հաջորդ օրվա առավոտյան բնությունը կրկին ձայնում է… Վստահ եմ՝ այս զգացողությունն իրականում ապրելու եմ իմ գյուղում։ Վստահ եմ նաև, Արցախի հարցը փակված չէ, այն յուրաքանչյուրիս ձեռքում է։ Ինչպես բժիշկները, այնպես էլ մենք պետք է գնանք խելահեղության, նվիրումի»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս