Ինչո՞ւ է Փաշինյանն օրակարգ բերել դարի գործարքի գաղափարը
Նիկոլ Փաշինյանը, ով օրերս ոչ միայն հայ ժողովրդին, այլև նույնիսկ Ադրբեջանին ու ՀՀ գործընկեր երկրներին բացասական առումով հերթական անգամ զարմացրեց ՀՀ Անկախության հռչակագրի վերաբերյալ «մտորումներով»՝ հայտարարելով, թե այն նրա մասին է, որ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ, զուգահեռաբար խոսեց Ադրբեջանի հետ ռազմավարական գործարք կնքելու անհրաժեշտության մասին։ Ի դեպ, Փաշինյանի խոսքից ոչ ավել, ոչ պակաս, կարելի է ենթադրել, որ այն պետք է կարգավորի Երևանի ու Բաքվի հարաբերություններն առաջիկա 100 տարվա կտրվածքով։
ԱԺ-ում նա մասնավորապես ասել է. «Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղ համակեցության և գոյակցության համար ունեն ոչ միայն խաղաղության պայմանագրի, այլև՝ ռազմավարական գործարք կնքելու կարիք»:
Ըստ նրա, Կազանում Ալիևի հետ շփումը կարևոր էր։ «Ամենակարևոր հատվածն իմ տեսակետից այն է, որ միտք է հնչել, և ես կարծում եմ՝ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղ համակեցության ու խաղաղ գոյակցության համար ունեն ոչ միայն խաղաղության ու տարբեր պայմանագրերի կարիք, այլև ունեն ռազմավարական գործարք կնքելու կարիք, այն մասին, թե ինչ բանաձևերի շրջանակներում են առաջիկա 100 տարիներում, որպես անկախ պետություններ, իրար կողք կողքի ապրելու։ Կարծում եմ՝ սա ամենաֆունդամենտալ ու կարևոր հարցն է»,- նշել էր Նիկոլ Փաշինյանը։
Նա նաև ասել է, որ անձամբ նշված ռազմավարական գործարքի վերաբերյալ ունի որոշակի պատկերացումներ, որը հենվում է իրական Հայաստանի հայեցակարգի վրա։
«Այս տեսանկյունից այդ խոսակցությունը շատ կարևոր եմ համարում, որը պետք է ունենա քաղաքական դրսևորումներ, բայց պետք էլ չէ ակնկալել, որ նման խոսակցություններն ինքնաբերաբար քաղաքական դրսևորումներ ունենալու են։ Այն, որ մենք մոտ ենք խաղաղության պայմանագրի տեսքի համաձայնեցմանը, Արարատ Միրզոյանն արդեն ասել է»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը դեռ փակագծերը չի բացել, թե ինչ նկատի ունի՝ Ադրբեջանի հետ ռազմավարական գործարք ասելով, սակայն այն արդեն լայնորեն քննարկվում, քննադատության է ենթարկվում ոչ միայն Երևանում, ՀՀ-ում, այլև Ադրբեջանում, որտեղ, թվում է՝ պետք է առանձնահատուկ ոգևորված լինեին Անկախության հռչակագրի վերաբերյալ փաշինյանական հայտարարություններից։
Նախ՝ բոլոր վերլուծաբանները հիշեցնում են, որ Ալիևը Փաշինյանի հետ շփումների ողջ ընթացքում, հատկապես՝ պատերազմից հետո, չի ընդունել նրա որևէ առաջարկ, որոնցից վերջինները Փաշինյանի իշխանության առաջարկներն էին՝ Երևան-Բաքու համաձայնագիրն առանց համաձայնեցված դրույթների ու ձևակերպումների ստորագրելու մասին, ինչպես նաև վերահսկողական մեխանիզմներ տեղակայել հայ-ադրբեջանական սահմանին։
168.am-ի հետ զրույցում վրացի քաղաքական վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին ասաց, որ նման գործարքի առաջարկը թույլ է տալիս ենթադրել, որ Երևանի ու Բաքվի միջև, բացի ներկայումս քննարկվող համաձայնագրից, հավելյալ կարգավորումների կարիք կա։
Ըստ նրա, բացի դա, խաղաղության համաձայնագիրը, որը հաջորդել է նոյեմբերի 9-ի հայտարարությանը և բանակցվել հետպատերազմյան ամենաբարդ ռեգիոնալ և աշխարհաքաղաքական փուլում, արտացոլել է հիմնականում հետպատերազմյան իրականությունը։
«Իսկ նոր գործարքը լավ բանակցության դեպքում ունակ է բալանսավորել իրավիճակը»,- ընդգծեց նա։
Վերլուծաբանի կարծիքով, դա կարող է հասցեագրել նաև կողմերի միջև առկա մնացած խնդիրները։
«Սակայն, մենք դեռ չգիտենք, թե ինչ է նկատի առնվում նման առաջարկի ներքո, ուստի հեռուն գնացող վերլուծություններ հնարավոր չէ անել։ Պարզապես հնարավոր է ասել, որ ներկայումս՝ աշխարհաքաղաքական այս միջավայրում, իսկապես հնարավոր չէ 100 տարվա համար ծրագրել, հարաբերությունների հիմքեր գցել՝ այն դեպքում, երբ չի հաջողվում բանակցություն պլանավորել և կանխատեսել անգամ մեկ տարվա կտրվածքով։ Աշխարհաքաղաքական այս իրավիճակում սա անելը չափազանց բարդ է, քանի որ աշխարհն ամեն օր փոփոխությունների փուլում է, շատ հարցեր անորոշ են՝ ինչպես ներկայի, այնպես էլ՝ ապագայի վերաբերյալ»,- նկատեց վերլուծաբանը։
Կախա Գոգոլաշվիլիի համոզմամբ՝ դժվար է խոսել մեկ այլ բնույթի պայմանավորվածության մասին, երբ դեռևս չի հաջողվում կայացնել սկզբնական պայմանավորվածությունը, կոնսենսուս ձևավորել Երևան-Բաքու բոլոր հարցերում։
«Հնարավոր է նաև, որ սա տակտիկական բնույթի առաջարկ է՝ միտված ժամանակավոր հարցեր լուծելուն, չէ՞ որ բանակցությունները բավականին բարդ ու ծանր են հատկապես այն փուլում, երբ կողմերը մոտեցել են վերջին ամենաբարդ հարցերին։ Տպավորություն է, որ փորձ է արվում խաղաղության համաձայնագրից ավելի կարևոր փաստաթղթի մասին խոսակցություն ներառել հանրային դիսկուրսում՝ գուցե ստվերելու համար ներկայիս համաձայնագիրը։ Կարծում եմ՝ փակագծերի մի փոքր բացումից հետո ավելի պարզորոշ կդառնա այս հարցը»,- նշեց վրացի փորձագետը։
Ինչ վերաբերում է ռեգիոնալ հնարավոր զարգացումներին՝ Գոգոլաշվիլին ասաց, որ մինչ բոլորի կենտրոնացումը մեծ է Թրամփի վարչակազմի քաղաքականության, նրա թիմի, նշանակումների վրա, զարգացումները թեժ են թե Թբիլիսիում, թե Աբխազիայում, ինչը կրկին պայմանավորված է աշխարհաքաղաքական զարգացումներով և արտաքին հետքով։ «Ընդհանրապես այսօր գրեթե բոլոր զարգացումները կապված են հենց այս՝ ՌԴ-Արևմուտք, Արևմուտք-Արևելք պայքարի հետ»,- ասաց Գոգոլաշվիլին։