Բաժիններ՝

ՌԴ–ում հարյուրհազարավոր ապօրինի միգրանտներ կան. Վոլոդինը` նոր կարգի մասին

Ռուսաստանում անօրինական կերպով գտնվում են հարյուրհազարավոր միգրանտներ, նրանց արտաքսում է սպառնում. սեպտեմբերի 1-ի դրությամբ վերահսկվող անձանց ռեեստրում (երկրի տարածքում ապօրինի գտնվող քաղաքացիների տվյալների բազա) 770 հազար միգրանտ կա, որոնց մեկ երրորդը կանայք և երեխաներ են: Max սոցիալական ցանցում Ռուսաստանի ՆԳՆ-ի այս տվյալները ներկայացրել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։

«Բոլոր նրանք, ովքեր չեն օրինականացրել իրենց կացության կարգավիճակը Ռուսաստանում, պարտավոր են լքել մեր երկիրը՝ հայտնելով մեկնման ամսաթիվը, վայրը և երթուղին։ Հակառակ դեպքում միգրանտին սպառնում է հարկադիր արտաքսում՝ տուգանքի նշանակմամբ։ Դրանից հետո առնվազն հինգ տարի նրա համար փակ կլինի Ռուսաստանի մուտքը,- գրել է Վոլոդինը։
Դատական կարգադրիչների դաշնային ծառայության տվյալներով՝ 2025 թվականի ութ ամիսների ընթացքում Ռուսաստանից արտաքսվել է մոտ 35 հազար օտարերկրյա քաղաքացի, որոնք խախտել են միգրացիոն օրենսդրությունը:

Ռեեստրում գրանցված վերահսկվող անձանց նկատմամբ սահմանվել է արտաքսման ռեժիմ։ Այն նախատեսում է վերահսկողության միջոցառումների ընդլայնում և մի շարք իրավունքների սահմանափակում, այդ թվում՝ վարորդական իրավունքի ստացման արգելք, անշարժ գույքի և տրանսպորտի հետ կապված գործարքների գրանցման, ամուսնությունների կնքման, ինչպես նաև բանկային հաշիվների բացման և դրամական միջոցների փոխանցման արգելքներ։

Վոլոդինի խոսքով՝ ստեղծված համակարգը նպաստում է միգրացիոն ոլորտում կարգուկանոնի հաստատմանը և օտարերկրյա քաղաքացիների կողմից ՌԴ օրենքների պահպանման վերահսկողությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս