«Չափազանց վիրավորական է Փաշինյանի ասածը. այդպիսի խոսք նույնիսկ Ալիևը չի ասել». Հարութ Սասունյան
Նիկոլ Փաշինյանը տասնյակ անգամներ կարդացել է Անկախության հռչակագիրը և եկել սարսափելի եզրակացության: «Անկախության հռչակագրի բովանդակությունն այն մասին է, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարող գոյություն ունենալ»,- ԱԺ-ում հայտարարել է նա:
«Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր, ամերիկահայ գործիչ Հարութ Սասունյանը Փաշինյանի այս հայտարարությունն ապազգային և վիրավորական է համարում:
«Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն ապազգային և հակահայ, հայրենիքի շահերին հակառակ հայտարարություն է: Դժբախտաբար, Փաշինյանն անընդհատ ինքն իրեն հակասում է, մի օր մի բան է ասում, երեկոյան հակառակն է ասում, հաջորդ օրը՝ նորից հակառակը: Մինչև հիմա ինքն ասում էր, որ Սահմանադրությունը փոխելու կարիք չկա, որովհետև այնտեղ չկա Արցախի հարց, ճիշտ հակառակը՝ Ադրբեջանի սահմանադրության մեջ կան նման վերագրումներ, հետո էլ ասում է, որ պետք է Սահմանադրությունը փոխենք, նորը գրենք: Երեկ էլ ասաց, որ եթե Սահմանադրությունն այսպես մնա, տանելու է Հայաստանի չգոյության: Այս մարդն ինքը նախ չի իմանում՝ ինչ է ասում, որ մենք մի բան հասկանանք: Սրանք մեր ամբողջ ազգի համար խիստ վիրավորական խոսքեր են, որ Անկախության հռչակագիրը տանում է Հայաստանի չգոյությանը: Դա, իսկապես, չափազանց վիրավորական է, որ ոչ մի պարզ հայ իրավունք չունի ասել, ուր մնաց՝ երկրի ղեկավարը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Հարութ Սասունյանի խոսքով՝ Անկախության հռչակագրի վերաբերյալ Փաշինյանի հայտարարություններն ավելի հեռու են գնում, քան Ալիևի որևէ պահանջ. «Այն բազան, որի վրա հիմնված՝ Փաշինյանն ասում է, որ հռչակագիրը Հայաստանի չգոյության է տանում, այդպիսի խոսք նույնիսկ Ալիևը չի ասել: Ինքն ավելի հակահայ է, քան Ալիևը: Փաշինյանը նաև ասում է, որ հռչակագրի հետ կապ չունի խաղաղության պայմանագիրը, որովհետև այնտեղ գրված է մի հոդված, որով այդ պայմանագիրը գերադաս է, քան որևէ ներպետական օրենք: Մի կողմից դա է ասում, մյուս կողմից ասում է՝ նոր Սահմանադրություն կպատրաստենք: Փաշինյանի իրական նպատակը խաղաղության հասնելը չէ. նա էլ գիտի, որ խաղաղության պայմանագիր ստորագրելը ոչ մի արժեք չունի Ալիևի համար:
Ալիևը կարող է այդ թուղթը ստորագրել և հաջորդ օրը հարձակվել Հայաստանի վրա: Փաշինյանն ուրիշ խաղ ունի իր մտքի մետ. Եթե Ալիևին համոզի, որ խաղաղության պայմանագիր ստորագրի, ինքը դա ամեն տեղ կարող է ցույց տալ, ժողովրդին ասել՝ նայեք, ես հաջողեցի ձեզ խաղաղություն բերել առնվազն առաջին շրջանին, մինչև Ադրբեջանը հարձակվի: Եթե Փաշինյանը բախտավոր դուրս գա, այդ փաստաթուղթը կօգտագործի մինչև 20126 թվականի ընտրությունները: Դա է նրա իսկական նպատակը: Նրան չի հետաքրքրում խաղաղությունը, նա ամեն ինչ անում է աթոռը պահելու համար»:
Հարութ Սասունյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տա. «Նա որոշել է, որ այդ աթոռի վրա պետք է մինչև իր մահը մնա, և ոչ մեկը չի կարող իրեն համոզել, որ դուրս գա: Փաշինյանը սիրում է իր աթոռը: Վաղը, եթե ազերիները մտնեն Հայաստան, և Հայաստանը դառնա «Արևմտյան Ադրբեջան», Ալիևը Փաշինյանին ասի՝ Նիկոլ ջան, քեզ պահում եմ քո աթոռի վրա՝ որպես Հայաստան վիլայեթի կառավարիչ, Փաշինյանը մեծ հաճույքով կմնա իր աթոռին: Թեև հայրենիքը կորցնում ենք, դա ոչինչ իր համար, կարևորը՝ իր աթոռը պահում է: Ես այստեղ ավելի շատ մեղադրում եմ մեր ժողովրդին, որովհետև հարցումները ցույց են տալիս, որ առնվազն 60 տոկոսն ասում է, որ չի քվեարկելու, չի զբաղվում քաղաքականությամբ, մեր ժողովուրդը խորը թմբիրի մեջ է: Տեսնելով, որ մենք հայրենիք ենք կորցնում, ժողովուրդը պետք է արթնանա և եթե 100-200 հազար ժողովուրդ հրապարակ գա, ստիպեն, որ Փաշինյանը հրաժարվի, իսկ եթե չհրաժարվի, կարող են ներխուժել վարչապետի շենքը և իրեն դուրս շպրտել, դա է միակ ձևը, ուրիշ ձև չկա»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում