Համբերությանս բաժակը լցվել է, ոնց որ քյասիբի ռադիո լինեմ. Փաշինյանը՝ դատական և իրավական համակարգին

Նիկոլ Փաշինյանի համբերության բաժակը լցվել է, և նա իրավապահ համակարգից կոնկրետ արդյունքներ է պահանջում։ Այս մասին նա այսօր հայտարարեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ, երբ ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ներկայացնում էր ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունը և դրանից բխող 2024-2026թթ. գործողությունների ծրագիրը։

Նա նախ հայտարարեց, որ իրենց հարցումների արդյունքները ցույց են տվել, որ մարդկանց մոտ 62 տոկոսը գոհ է ոստիկանության աշխատանքից։

Փաշինյանն արձագանքեց` ասելով, որ ուժային կառույցները օրինականության սահմաններում, ըստ պատեհության կարող են ուժ կիրառել, սակայն դրա համար կոնկրետ ստանդարտ ու ոստիկանի վարքականոններ պետք է լինեն։

Նա նշեց` կոնկրետ դեպքերի ուսումնասիրման ժամանակ տեսել են, որ երբեմն ոստիկանն ուժ է կիրառել, քանի որ իր հասցեին հնչել է այն կարգի հայհոյանք, որը մեր իրականության մեջ համարվում է մարդու սրբությունը պղծել։

Կարդացեք նաև

Այնուհետև Փաշինյանը անցավ դատավարություններին, որոնք 7 և ավելի տարի են տևում։

«Այստեղ ամենամեծ խնդիրն այն է, որ մարդիկ չեն հավատում, որ այդ բոլոր բեմականացումների, սցենարների տակ ես չեմ ստորագրում։ Սա լրջագույն քաղաքական խնդիր է։ Ես չեմ ուզում հասնել նրան, որ մենք գնանք, նորից շենքեր շրջապատենք։ Կոռուպցիոներներն այսօր էլ սրճարաններում քեֆ են անում։ Ես իսկապես ուզում եմ հասկանալ` ի՞նչն եմ սխալ անում, ի՞նչ չենք տվել մեր իրավապահ համակարգին, որ ավելի ակտիվ աշխատեն։ Հանրապետությունում ճռիկ-վռիկներ անող նույն մարդիկ այդ նույն բանն անում են հիմա էլ…

Նրանք, ովքեր մյուսներին վերևից էին նայում, էլի նույն բանն անում են։ Սա չի կարող շարունակվել»,- հայտարարեց Փաշինյանը։

Այս հայտարարություններից հետո Փաշինյանի զայրույթը գնալով ավելի ուժեղացավ։

«Հարգելի՛ իրավապահ, դատական համակարգի նեկայացուցիչներ, իմ համբերության բաժակը լցվել է, ոնց որ քյասիբի ռադիո լինեմ. գալիս եմ ձեր բոլորի միջոցառումներին, ելույթ եմ ունենում, խոսում եմ, դուք էլ ծափ եք տալիս, ես թողնում, գնում եմ, հետո հաջորդ տարի էլի գալիս եմ, նույն ելույթն եմ ունենում, դուք ավելի ուժեղ եք ծափ տալիս, ես թողնում, գնում եմ։ Ուզում եմ հասկանալ` ո՞վ ա ում ձեռ առնում։

Ես ուղիղ եմ ասում` սրա վերջը եկել է։ Ինձնից ինչ ուզել եք, ես տվել եմ, էլ բան չունեմ տալու։ Չեմ միջամտել որևէ մեկի գործին։ Սա նշանակում է, որ ՀՀ-ում թույլ իշխանությո՞ւն է։ Ո՛չ, թույլը ոստիկանությունն է. ես թույլ չեմ տա որևէ մեկին` ինձ թույլ անվանի։ Ո՞նց կարող է լինի, որ պետության մեջ ընդհանրապես որևէ մեկը թպրտա։ Ես որևէ մեկին նման հիմք եմ տվել, որ նման բան ասի՞»,- բորբոքվեց նա։

Փաշինյանն ասաց, որ այլևս խորհրդակցություններ չի անելու, այլ միայն որոշումներ է կայացնելու։

Տեսանյութեր

Լրահոս