ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ԻՀՊԿ-ի և հութիների հետ կապված ընկերությունների, ֆիզիկական անձանց և նավերի դեմ
ԱՄՆ վարչակազմը պատժամիջոցներ է սահմանել 26 ընկերությունների, ֆիզիկական անձանց և նավերի նկատմամբ, որոնք կապված են սիրիական ալ Քաթիրջի կոնգլոմերատի հետ։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունն ընկերությանը մեղադրում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և Եմենի հութիների համար հարյուր միլիոնավոր դոլարի եկամուտ ստեղծելու մեջ։ Գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ եկամուտները ստեղծվել են իրանական նավթը Սիրիային և Չինաստանին վաճառելու միջոցով։
Մասնավորապես, պատժամիջոցների տակ են հայտնվել մեկ տասնյակից ավելի լցանավեր, որոնց մի մասը նավարկում է Իրանի, Պանամայի, Գայանայի և Բարբադոսի դրոշների ներքո։
«Ֆինանսների նախարարությունը կշարունակի ձեռնարկել բոլոր հասանելի միջոցները՝ սահմանափակելու իրանական ռեժիմի հնարավորությունն՝ օգուտ քաղելու անօրինական սխեմաներից, որոնք նպաստում են նրա վտանգավոր տարածաշրջանային օրակարգին», – նշել է Ահաբեկչության և ֆինանսական հետախուզության հարցերով ֆինանսների փոխնախարարի պաշտոնակատար Բրեդլի Թ. Սմիթը: