«Էռատո» ջոկատի «ինստրուկտորի» կամ 5-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատարի դեմ քրեական վարո՞ւյթ է հարուցվել. Ի՞նչ հոդվածներով է նա մեղադրվում

Սեպտեմբերի 6-ին ՀՀ նախագահի հրամանագրով Սասուն Բադասյանն ազատվել է ՀՀ ԶՈՒ 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից՝ «համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, ինչպես նաև համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի»:

168.amգրել էր, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետում նշվում է, որ պայմանագրային զինծառայողը զինվորական պաշտոնից ազատվում է հետևյալ հիմնավորմամբ.

«Վեց ամիսը գերազանցող ժամկետով ռազմաուսումնական (կամ առկա ուսուցմամբ ոստիկանական ուսումնական) հաստատություններ, համապատասխան սպայական կամ սերժանտական դասընթացներ, ասպիրանտուրա, դոկտորանտուրա, կլինիկական օրդինատուրա կամ ինտերնատուրա ընդունվելու կամ Հայաստանի Հանրապետության կամ այլ պետության ռազմաուսումնական կամ այլ հաստատությունում վերապատրաստման գործուղվելու դեպքում»:

Մեր հոդվածում նկատել էինք, որ հրամանագրում նշված պատճառը կարող է ընդամենը հարմար պատրվակ հանդիսանալ գնդապետ Բադասյանի ազատման համար, կամ՝ իշխանությունները փորձում են կանխել տարբեր վարկածների և հարցադրումների առաջքաշումը, հատկապես, երբ Բադասյանը, ըստ էության, իշխանությունների հետ խնդիրներ չի ունեցել մինչ այդ պահը:

Կարդացեք նաև

168.am-ը գրել էր, որ 44-օրյա պատերազմի օրերին Բադասյանը եղել է Աննա Հակոբյանի՝ «Էռատո» ջոկատի, այսպես ասած«ինստրուկտորը»։ 

Նշենք, որ գնդապետ Սասուն Բադասյանը 5-րդ բանակային կորպուսի հրամանատար էր նշանակվել 2023 թվականի փետրվարի 17-ին, այսինքն՝ նա նույնիսկ 2 տարի չպաշտոնավարեց, թեև, այլ հարց է՝ որքանով էր համապատասխանում այդ պաշտոնին ի սկզբանե:

Մեր տեղեկություններով, Սասուն Բադասյանի ազատման իրական պատճառը կապված է ատեստավորման գործընթացի հետ. 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնում գնդապետը, այսպես ասած, «խախտում» է թույլ տվել, ինչը, թերևս, չի ներել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ում օրոք ներդրվել է ատեստավորման այս գործընթացը զինված ուժերում:

Ըստ այդմ՝ 168.am-ը հոկտեմբերի 30-ին գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու՝ արդյո՞ք ՀՀ ԶՈւ 5-րդ բանակային կորպուսի արդեն նախկին հրամանատար Սասուն Բադասյանի նկատմամբ քրեական վարույթ կա, եթե այո, ապա ծառայողական ի՞նչ խնդրով, դա առնչություն ունի՞ ատեստավորման գործընթացի հետ, կամ դրան առնչվող, այսպես ասած, ծառայողական դիրքի չարաշահման հետ:

Նոյեմբերի 12-ին մեզ ուղարկած իր պատասխան գրության մեջ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել են.

«Ի պատասխան Ձեր՝ 2024 թվականի հոկտեմբերի 30-ի հարցման առաջին կետի՝ տեղեկացնում ենք, որ 2024 թվականի հոկտեմբերի 4-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 549-րդ հոդվածի (Իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելը.- Մ.Պ.) 2-րդ մասի 2-րդ կետով և 445-րդ հոդվածի (Պաշտոնեական կեղծիքը.- Մ.Պ.) 1-ին մասով (Պաշտոնատար անձի կողմից պաշտոնական շրջանառության մեջ գտնվող կամ շրջանառության ենթակա փաստաթղթի բովանդակությունը աղավաղելը, դրա մեջ կեղծ տեղեկություն մտցնելը, փաստաթուղթն այլ եղանակով կեղծելը, կեղծ փաստաթուղթ կազմելը կամ տրամադրելը կամ փաստաթղթերի գրանցման տեղեկատվական համակարգում կեղծ տեղեկություն մուտքագրելը.-Մ.Պ.) Նախաքննության ընթացքում քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ: Նախաքննությունը շարունակվում է»:

Այսինքն, Սասուն Բադասյանն ատեստավորման գործընթացին առնչվող տեղեկություննե՞ր է կեղծել:

Իսկ ՀՀ գլխավոր դատախազությանը մենք նաև այլ հարցեր էինք ուղարկել՝ կապված 2023 և 2024 թվականներին բանակում մահվան դեպքերի վիճակագրության հետ, այդ թվում՝ մարտական և ոչ մարտական պայմաններում արձանագրված, ինչպես նաև, թե՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմին առնչվող քանի՞ քրեական գործ է հարուցվել, քանի՞ անձի նկատմամբ, քանի՞սն է գտնվում նախաքննության փուլում, քանիսի՞ դեպքում է նախաքննությունն ավարտվել, քանի՞սն է դատարան ուղարկվել, քանի՞ գործ է կարճվել, դրանցից քանի՞սն արդարացման հիմքով և քանի՞սը՝ ոչ արդարացման հիմքով, և այլն:

Մեր այս հարցադրումներին ՀՀ գլխավոր դատախազությունը պատշաճ պատասխան տալու փոխարեն, նշել է. «Ըստ տարիների և ըստ ՀՀ զինվորական դատախազությունում վարվող ձևաչափի՝ հայցվող տեղեկությունը հասանելի է ՀՀ դատախազության պաշտոնական կայքում»:

Նախ՝ մեր հարցադրումների պատասխանները, հատկապես՝ 44-օրյա պատերազմին առնչվող, իրականում հնարավոր չէ բաց տարբերակով գտնել, եթե անգամ այդպես լիներ, ՀՀ գլխավոր դատախազությունը պարտավոր էր պատշաճ պատասխանել մեր գրավոր հարցմանը, հատկապես, եթե, ըստ իրենց, արդեն պատրաստ վիճակագրություն կա, և ընդամենը պետք էր «քոփի անել»:

Ինչ վերաբերում է բանակում մահվան դեպքերին, ապա ՀՀ գլխավոր դատախազությունը սխալ թվեր էր նշել, ինչը մամուլին սխալ եզրահանգումների առիթ էր տվել: Բացի այս, բանակում մահվան դեպքերին առնչվող վիճակագրություն խնդրել էինք նաև ՀՀ քննչական կոմիտեից, ինչին վերջիններս մանրամասն պատասխանել էին։ 

Իսկ թե ինչու Աննա Վարդապետյանը դա չի արել՝ դրսևորելով անգործություն, մնում է ենթադրել։ Գուցե վախեցե՞լ է նորից սխալ թվեր հրապարակել և նախընտրել է, այսպես ասած՝ շառից և փորձանքից հեռո՞ւ լինել…

Տեսանյութեր

Լրահոս