Գլխավոր դատախազությունը բանակում մահվան դեպքերի վերաբերյալ 2 անգամ սխալ տվյալներ է ներկայացրել. Պաշտպանության նախարարի խոսնակը ճիշտ է
Հոկտեմբերի 28-ին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հայտնել էր.
«2024 թվականի հաշվետու ժամանակաշրջանում և այս պահի դրությամբ 2023 թվականի նկատմամբ բանակում մահվան դեպքերը գրեթե կրկնակի նվազել են: Արձանագրվել է 33 մահվան դեպք, որից 5-ը դժբախտ պատահարի հետևանքով է, 2-ը՝ ավիավթարի, 5-ը՝ հիվանդության, 11-ը ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով է, որից 7-ը կապված չէ ծառայության հետ»:
Հոկտեմբերի 15-ին էլ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած ուժային, քննչական և իրավապահ մարմինների մասնակցությամբ լսումների ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն օգտվելով իր ձեռքի տակ եղած գրավոր վիճակագրությունից՝ նշել է.
«2023 թվականի ընթացքում ունենք զինծառայողների մահվան 22 դեպք, այո, 22 դեպք, որից 15-ը՝ Ազատ գյուղի կացարանի հրդեհի հետևանքով»:
Այնուհետև Աննա Վարդապետյանը շարունակել է. «2024 թվականի հունվարից մինչ օրս զինվորական ծառայության հետ առնչվող մահերի թիվը 26 է, որից 6-ը՝ սպանություն, 4-ը՝ հակակառակորդի կողմից սպանություն, 4-ը՝ ավտովթար, ինքնասպանության և ինքնասպանության հասցնելու դեպքերը 5-ն են, մարտական ավոմեքենա վարելու կանոնները խախտելու 1 դեպք ունենք, թռչող սարքերի կամ թռիչքների նախապատրաստման շահագործման կանոնները խախտելու հետևանքով մահվան 2 դեպք է գրանցվել, գրանցվել է նաև դժբախտ պատահարի 1 դեպք և հիվանդության 3 դեպք»:
Եվ երեկ ԱԺ-ում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակի հայտարարությունից հետո, թե՝ «2023 թվականի նկատմամբ բանակում մահվան դեպքերը գրեթե կրկնակի նվազել են», «Փաստերի ստուգման հարթակը», հիմնվելով Գլխավոր դատախազի հոկտեմբերի 15-ին խորհրդարանում ներկայացրած տվյալների վրա, որ՝ «2023 թվականի ընթացքում ունենք զինծառայողների մահվան 22 դեպք», պնդել է, որ ՊՆ խոսնակը սխալ թիվ է ներկայացրել:
Ավելի ուշ, սակայն, ինչպես գրել է fip.am-ը՝ «հոդվածի հրապարակումից հետո գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը Fip.am-ին ներկայացրել է պարզաբանում՝ նշելով, որ Աննա Վարդապետյանն Ազգային ժողովում վրիպակ է թույլ տվել. 2023 թվականի ընթացքում զինծառայողների՝ ծառայության հետ կապված 54 մահվան դեպք է արձանագրվել և ոչ թե 22, ինչպես նշել էր Աննա Վարդապետյանը»:
Խնդիրն այն է, որ 54-ը ևս ճիշտ թիվ չէ: ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցում նշվում է. «2023 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերում մարտական պայմաններում զոհվել է 19, իսկ ոչ մարտական պայմաններում՝ 64 զինծառայող»:
Այսինքն, արձանագրում ենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը չի տիրապետում իրական թվերին, չի կարդացել ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:
Ավելին՝ դատախազությունը չի բարեհաճել ավելի ուշ տեղեկացնել, որ տեղի է ունեցել վրիպում, և միայն «Փաստերի ստուգման հարթակի» հոդվածից հետո են արձագանքել, այն էլ՝ ոչ հաղորդագրության միջոցով:
Փաստերի ստուգման մեջ մասնագիտացված հարթակները կամ լրատվամիջոցները, թերևս, ճիշտ կլինի մի քանի աղբյուրից ստուգումներ իրականացնեն: