Կալլասը Եվրախորհրդարանում իր թեկնածությունը հաստատելու շուրջ լսումներին կոչ է արել շարունակել աջակցությունը Կիևին
Եվրոպական խորհրդարանում լսումներ են կայացել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի պաշտոնում Էստոնիայի նախկին վարչապետ Կայա Կալլասի թեկնածությունը հաստատելու շուրջ։ Լսումների ընթացքում Կալլասը կոչ է արել շարունակել աջակցությունն Ուկրաինային և հայտարարել է Եվրամիության համար այդ խնդրի առաջնահերթության մասին: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Ուկրաինայի հաղթանակն առաջնահերթություն է բոլորիս համար…. Մենք պետք է տրամադրենք այնքան ռազմական, ֆինանսական և մարդասիրական օգնություն, որքան անհրաժեշտ է», -ասել է քաղաքական գործիչը։ Կալլասի կարծիքով՝ Կիևին աջակցելու Եվրամիության ջանքերը «պետք է ամրապնդվեն Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու հստակ ուղու նշմամբ»:
Բացի այդ, Կալլասը հայտարարել է Ռուսաստանից, Չինաստանից և մի քանի այլ երկրներից բխող սպառնալիքների մասին և կոչ արել միավորվել դրանց դեմ պայքարելու համար։«Այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը, Չինաստանը, Հյուսիսային Կորեան, Իրանը, ձգտում են փոխել աշխարհակարգը: Ես տեսնում եմ, թե ինչպես են Չինաստանն ու Ռուսաստանը փոխկախվածությունը զենք դարձնում և մեր հասարակությունների անկեղծությունն օգտագործում մեր դեմ: Մենք պետք է հասկանանք, թե որն է սպառնալիքը և համապատասխան ձևով արձագանքենք», – ընդգծել է Կալլասը:
Կալլասը հրաժարական է տվել Էստոնիայի վարչապետի պաշտոնից, որպեսզի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի պաշտոնում փոխարինի Ժոզեպ Բորելին։