Ադրբեջանը 44-օրյա պատերազմին առնչվող զեկույց է պատրաստել՝ հիմնավորելու պատերազմ սկսելու որոշումը. կօգտագործի՞ Հայաստանն Ադրբեջանի ինքնախոստովանությունը

Մինչև Հայաստանում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցի ներկայացման քաղաքական առումով հարմար պահի են սպասում, Ադրբեջանում արդեն անգլերեն լեզվով 44-օրյա պատերազմին առնչվող զեկույց են մշակել և հրապարակել՝ ի դեմս երկրում գործող միջազգային հարաբերությունների վերլուծական կենտրոնի, բնականաբար, երկրի ղեկավարության իմացությամբ, եթե ոչ՝ հանձնարարությամբ:

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, առանձին բաժիններով վերլուծվել և ներկայացվել են 2020 թվականի 44-օրյա պատերազմը պայմանավորող գործոնները, հիմնական գործընթացների խրոնոլոգիան, այդ թվում՝ պատերազմի ընթացքում, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարությունը և միջազգային հանրության արձագանքը:

Ընդ որում, առանձին բաժին է հատկացվել՝ հիմնավորելու ռազմական ուժի գործադրմամբ Արցախի հարցի լուծման անխուսափելիության թեման:

Նշվում է, որ Հայաստանում և միջազգային հանրության մոտ սխալ պատկերացում էր ձևավորվել, թե Ադրբեջանը չի փորձի «ազատագրել իր տարածքները ռազմական ճանապարհով», և, որ կային կոնկրետ պատճառներ ռազմական ճանապարհով հակամարտությունը լուծելու համար: Այս համատեքստում շեշտվում է ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության «ագրեսիվ հռետորաբանությունը» և «սադրանքները սահմանին»:

Կարդացեք նաև

Ադրբեջանական կողմը, մասնավորապես, նշում է, թե իշխանության գալուց հետո սկզբնական շրջանում Նիկոլ Փաշինյանը տպավորություն էր ստեղծել, որ պատրաստակամ է հակամարտության կարգավորմանը, սակայն իր դիրքերն ամրապնդելուց հետո ռադիկալ դիրք է գրավել:

Զեկույցի հեղինակ Վ.Հուսեյնովը պատերազմի ճանապարհով Արցախի խնդրի լուծման ևս մեկ գործոն է համարել միջազգային հանրության համապատասխան արձագանքի բացակայությունը «Հայաստանի ագրեսիվ գործողություններին»:

Խոսքը, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների մասին է, որոնք, ըստ ադրբեջանական կողմի, պատժամիջոցներ չեն կիրառել Հայաստանի նկատմամբ՝ որպես «օկուպանտ երկիր», չեն կանխել նրա «ագրեսիվ հռետորաբանությունն ու գործողությունները», և շարունակել են պնդել, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի բանակցային ճանապարհով:

Այսինքն, Ադրբեջանը խոստովանում է, որ 44-օրյա պատերազմն ինքն է սանձազերծել, այս խոստովանությունը Հայաստանը պետք է օգտագործի միջազգային հարթակներում, քանի որ ինչ էլ հայտարարած լիներ, օրինակ, ՀՀ ռազմական ղեկավարությունը, որը, ըստ էության, պատասխան էր այդ ժամանակ ադրբեջանական սպառնալիքներին (սա առանձին քննարկման թեմա է), Արցախը գտնվում էր միջազգային իրավունքի պաշտպանության ներքո և նրա դեմ Ադրբեջանն ուժ կիրառելու իրավունք չուներ:

Ավելին, միջազգային հանրության համար հայկական կողմը 44-օրյա պատերազմին առնչվող լուրջ զեկույց պետք է պատրաստեր Ադրբեջանի դեմ՝ միջազգային իրավունքի տեսանկյունից ապացուցելու վերը նշվածը:

Իսկ ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանը: Պատերազմի հրձիգի իր փնտրտուքներում Ադրբեջանի վրայից սլաքն աստիճանաբար ուղղեց իր ընդդիմախոսների դեմ, մինչդեռ Ադրբեջանն այս անգլերեն զեկույցով փորձում է կանխել այսօր և հետագայում Ադրբեջանի դեմ տեղեկատվական և քարոզչական արշավն ու գործողությունները, հատկապես, երբ նոր պատերազմի հավանականությունը ոչ ոք չի չեղարկել, եթե չասենք հակառակը:

Ըստ էության, նախկիններին, բանակին մեղադրելու տրամաբանության մեջ է նաև 44-օրյային առնչվող Քննիչ հանձնաժողովի զեկույցը, որի ներկայացման համար, ինչպես Անդրանիկ Քոչարյանը գրավոր հայտնել էր 168.am-ին, որ առայժմ չի դիմել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, նամակը կուղղվի դեկտեմբերի առաջին տասնօրյակին, երբ զեկույցը կուղարկվի համապատասխան գերատեսչություններ:

Հիշեցնենք, որ ինչպես Քննիչ հանձնաժողովի ստեղծման ժամանակ հայտարարվել էր, հանձնաժողովի շրջանակում քննության առարկա էր հանդիսանալու 7 ուղղություն`

– 2020 թվականի սեպտեմբերի 27-ի ռազմական գործողությունների սանձազերծման նախադրյալները, պատճառներն ու պայմանները, պատերազմի ժամանակագրությունը, հայկական կողմի կրած կորուստները,
– Արձանագրված անհաջողությունների քաղաքական և ռազմական պատճառները և դրանց նպաստող պայմանները,

– Պաշտպանության ոլորտի ղեկավարման և կառավարման համակարգը, պատերազմին նախորդող ժամանակահատվածում պաշտպանության ոլորտում սահմանված նախապատրաստական գործողությունների ընթացքը, 

– Զինվորական ղեկավար մարմինների ու պաշտոնատար անձանց գործողությունների, ընդունված որոշումների օպերատիվությունը, դրանց համապատասխանությունը և համարժեքությունը ստեղծված օպերատիվ ռազմական իրավիճակին,

– Ռազմական գործողությունների ընթացքում և դրանից հետո հարուցված քրեական գործերում ռազմական իրադարձությունները հաստատող կամ հերքող փաստական հանգամանքների ուսումնասիրություն, 

– Զինված ուժերի ապահովման, թիկունքային սպառազինության, մարտական պատրաստության, մարտական հերթապահության կրման կանոնների կատարման, զորքերի համալրման, զորքերի ծառայության, հետախուզական գործունեության վիճակի ուսումնասիրություն:

 Բանակցային գործընթացը, 44-օրյա պատերազմի ավարտը: 

Դժվար թե բանակցային գործընթացին առնչվող բաժնում անդրադարձ կատարված լինի Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելու, այսպես ասած, իրավական հիմքերին՝ զուտ միջազգային հանրության համար և ընդդեմ Ադրբեջանի, և ինչո՞ւ չէ՝ ընդդեմ Թուրքիայի, որն ուղիղ ներգրավածություն է ունեցել 44-օրյա պատերազմում: Այս համոզման ենք եկել՝ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի հորդորները՝ մոռանալու թուրքական գործողություններն ու Ադրբեջանին աջակցությունը 44-օրյա պատերազմում, քանի որ որդեգրել են հարաբերությունների կարգավորման ճանապարհը:

Իսկ այ նախկիններին, բանակին մեղադրելու հարցում Փաշինյանը նման մոտեցումներ,  բնական է, չունի: Թե ինչ զարգացումներ կլինեն 44-օրյա պատերազմի զեկույցը ներկայացնելուց հետո՝ հայտնի չէ:

Տեսանյութեր

Լրահոս