Բաժիններ՝

Հյուսիսային Կորեան յոթ բալիստիկ հրթիռ է արձակել

Հյուսիսային Կորեան նոյեմբերի 5-ի առավոտյան արձակել է փոքր հեռահարության յոթ բալիստիկ հրթիռ։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից, այդ մասին թարմացված տվյալներ է ներկայացրել Ճապոնիայի պաշտպանության նախարար Գեն Նակատանին։

«Առնվազն յոթ հրթիռ թռել է 400-ական կմ՝ թռիչքի 100 կմ բարձրությամբ», – մեջբերել է նրա խոսքը FNN հեռուստաալիքը:

Հրթիռների արձակման մասին ավելի վաղ հայտնել էր Ճապոնիայի առափնյա պահպանության ծառայությունը: Հրթիռներն ընկել են Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտու սահմաններից դուրս։Ճապոնիայի կառավարությունը դիվանագիտական ​​ուղիներով բողոք է ներկայացրել Փհենյանին։

Հոկտեմբերի 31-ին Հյուսիսային Կորեան արձակել էր «Հվանսոն-19» նորագույն միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը։

ԱՄՆ պետքարտուղարությունից ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել են, որ ըստ ԱՄՆ վարչակազմի՝ Հյուսիսային Կորեայի հրթիռային  արձակումներն սպառնում են ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի խաղաղությանը և կայունությանը։ 

«Միացյալ Նահանգները դատապարտում է ԿԺԴՀ-ի կողմից նոյեմբերի 4-ին (խմբ.՝ Վաշինգտոնի ժամանակով) մի քանի բալիստիկ հրթիռների արձակումները: Այս արձակումները, ինչպես անցյալ շաբաթ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակումը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բազմաթիվ բանաձևերի խախտում են: Դրանք սպառնալիք են ներկայացնում տարածաշրջանային և միջազգային խաղաղության և անվտանգության համար և խախտում են միջուկային զենքի չտարածման գլոբալ ռեժիմը», – ասել է ամերիկացի դիվանագետը՝ պատասխանելով Փհենյանի արձակումները մեկնաբանելու խնդրանքին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս