Այո՛, Տիգրան Բալայանին Ադրբեջանի դեսպանը սպառնացել, վիրավորել է. դիմել ենք ԵՄ. ԱԳ փոխնախարար
«Այո, մեզ հասած տեղեկություններով, ընդունելության ընթացքում հնչել են վիրավորանքներ և սպառնալիքներ, որի վերաբերյալ հայտնել ենք բելգիական կողմին հայտագրով, ինչպես նաև ԵՄ-ին։ Կարծում եմ՝ այս հարցով հետաքննում է տեղի ունենում»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ խոսելով ԵՄ-ում Ադրբեջանի դեսպանի կողմից Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանի նկատմամբ հնչեցրած մահվան սպառնալիքներից։
Լրագրողները փոխնախարարից հետաքրքրվեցին նաև, թե հայկական կողմն ապաշրջափակման վերաբերյալ ի՞նչ առաջարկներ է արել, պահնորդական ընկերության վերաբերյալ որևէ կետ կա՞, ինչին ի պատասխան՝ Պարույր Հովհաննիսյանն ասաց, որ թուղթը վերջնականացված չէ, մանրամասներ չի կարող հայտնել, սակայն հիմնական միտքը հենց ճանապարհների բացումն է՝ համապատասխան «խաղաղության խաչմերուկ» կոնցեպտին։
«Այստեղ որևէ արտառոց էլեմենտներ չկան, և խոսքը գնում է հաղորդակցության մաքսիմալ բացման մասին։ Հիմնական կետը բացառում է երրորդ կողմի վերահսկողությունը, անվտանգության կամ այլ ձևով պահպանվում է Հայաստանի ինքնիշխանությունը։ Ադրբեջանի հետ վերջին շրջանում շատ ինտենսիվ հանդիպումներ են եղել, սակայն արդյունքների մասին խոսել չեմ կարող»,- շեշտեց նա։
Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, Պարույր Հովհաննիսյանն ասաց, որ հայկական կողմը ներկայացրել է առաջարկները, սպասում է ադրբեջանական կողմի արձագանքին։
Խոսելով Արարատ Միրզոյանի հայտարարության մասին, որ իրենց համար Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից չէ, փոխնախարարն ասաց, որ դրա մասին արդեն խոսվել է՝ խոսքն առաջնահերթությունների մասին է, բայց քայլեր անում են, օրինակ, ցեղասպանությունների կանխարգելման համար։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում