«Սա ազգային ամոթ է. չենք կարող սպասել, որ Նիկոլ 1-ին փոխարինեն Նիկոլ 2-ով». Մարգարիտ Եսայան

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Մարգարիտ Եսայանն ամեն անգամ սարսափում է, երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է խաղաղությունից:

«Ինքն ամեն անգամ երբ խոսում է խաղաղությունից, մեզ տանում է պատերազմի, հայ ժողովրդի զավակների գլխատման, Արցախի և Հայաստանի կորստի: Էլեկտրաշոկը պարտադիր է բոլորիս համար: Չեմ ուզում հավատալ, որ հայ ժողովրդի ինքնապաշտպանական բնազդները վերջնականապես գոյություն չունեն. հայ ժողովուրդը մի օր ոտքի է կանգնելու՝ ինքնապաշտպանություն իրականացնելու համար: Դա միանշանակ մի օր պայթելու է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Մարգարիտ Եսայանին չի զարմացրել ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանի այն հայտարարությունը, թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն ԱԳՆ թիվ մեկ առաջնահերթությունը չէ:

«Այդ մարդը թուրքական գործակալ է, դեռ 2018 թվականին այդ մասին գրվեց, և որևէ մեկը հոդաբաշխ և տրամաբանական դա չի հերքել: Թուրքերն ուղղակի հիացած են, որ այսօր Հայաստանում իշխանության են գտնվում մարդիկ, որոնք իրենք են ուրանում Հայոց ցեղասպանությունը: Երբ Փաշինյանն էրդողանի գիրքը գուրգուրանքով սեղմել էր կրծքին և Ցեղասպանության մասին հազարավոր վավերագրական, փաստավավերագրական, գեղարվեստական գրքերից որևէ մեկը ի պատասխան չնվիրեց Էրդողանին, դա նույնպես քայլերից մեկն էր, որ այս մարդիկ ուրանում են Ցեղասպանությունը: Ինչպես ուրացան Արցախի Հանրապետությունը, պատմական Հայաստանի ամբողջ պատմությունը, իրենք ուրանում են նաև Ցեղասպանությունը: Սրանք թուրքերից ավելի շատ են պաշտպանում թուրքական շահը, դրա համար են թուրքական լրատվամիջոցները զարմացած, որովհետև նույն թուրք գիտնականներն իրենք ունեն գրականություն այն մասին, որ եղել է Հայոց ցեղասպանություն: Ազգանվամբ հայեր եկել և ուրանում են իրենց պատմությունը»,- ընդգծեց նա:

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ հայ ազգը հիմա գտնվում է ազգային ընկճախտի մեջ. «Սա ազգային խայտառակություն է, սա ազգային ամոթ է, որևէ ժողովուրդ այս կարգի ինքնախայտառակման չի գնացել՝ այսպես ուրախ և զվարթ: Այսօր հայ ժողովուրդն ինքնուրույն գնում է ինքնախայտառակման ճանապարհով:

Սա ողբերգական իրողություն է մի ամբողջ ժողովրդի համար: Բացատրում են, թե մենք հին ժողովուրդ ենք, դարեր շարունակ պետականություն չենք ունեցել, չունենք պետականության հիշողություն, ես կտրականապես դեմ եմ այս պնդմանը, որովհետև առանց պետականության, ցեղասպանվելուց հետո եկանք և հասանք 21-րդ դար, մենք 21-րդ դարում ապրող և պետականություն ունեցող ժողովուրդ ենք, որն ուներ 2 հայկական պետականություն: Այդ նույն ժողովուրդն է այդ ամենը ստեղծել, և չեմ ուզում հավատալ, որ համաշխարհային տեխնոլոգիաներն այնպես են ազդել մեր ժողովրդի ուղեղի վրա, որ չենք կարող սրանից սթափվել: Մենք պարտավոր ենք այս ամենից դուրս գալ»:

Ըստ նրա՝ ամենավտանգավոր բանը կլինի, եթե Փաշինյանին իշխանության բերած արտաքին խաղացողները նրան հեռացնեն իշխանությունից. «Դա նշանակելու է, որ մենք՝ որպես ժողովուրդ, որպես ազգ՝ ոչ մի բա՞ն ենք: Այդպես չէ: Այնպես չէ, որ հայ ժողովրդի արգանդը չորացել է և միայն նիկոլներ է ծնում: Քաղաքական միտքը մեռած չէ, խորքային պրոցեսներ են տեղի ունենում: Տա Աստված, որ այդ խորքային պրոցեսներն առաջին հերթին տեղի ունենան մեր ժողովրդի միջից, և դա զուգահեռ լինի միջազգային հանրության տրամադրություններին: Չենք կարող սպասել, որ Նիկոլ 1-ին փոխարինեն Նիկոլ 2-ով»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս