Փաշինյանն ու Ալիևը Կազանում քննարկել են հայ գերիների հարցը. Ալեն Սիմոնյան

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը Կազանում կայացած ԲՐԻԿՍ գագաթնաժողովի շրջանակում կայացած հանդիպմանը խոսել են հայ գերիների մասին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլը գրել էր, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, թե Բաքվու կայանալիք COP29 գագաթնաժողովին կմեկնի, եթե Ադրբեջանը Հայաստանին գերիներ վերադարձնի, ինչն, ըստ էության, փաստացի հաստատեց Ալեն Սիմոնյանը։

Նրա խոսքով` Փաշինյանն ու Ալիևը լիագումար նիստում զրուցել են մոտ մեկ ժամ։

«Հետո երևի զգացել են, որ խանգարում են մյուսներին և որոշել են առանձին հանդիպել։ Պայմանավորվածությունները նույնն են` խաղաղության հաստատում, ապաշրջափակում, գերիների վերադարձ»,- ասաց նա։

Սիմոնյանի խոսքով՝ եթե COP29-ի մասնակցության քննարկման պարագայում կա հնարավորություն գերի վերադարձնելու կամ որևէ այլ ձևով ՀՀ-ի համար դրական քայլ անելու, ապա Հայաստանը պետք է չհապաղի այդ հարցում։ Սիմոնյանը հավելեց, որ ժամանակը ցույց կտա, թե Հայաստանը ինչ որոշում կկայացնի։

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի կողմից սահմանազատման կանոնակարգի հաստատմանը` Սիմոնյանը նշեց, որ դա մեծագույն հաղթանակ է թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի համար։

«Սա երկկողմ հաղթանակ է, սա Հայաստանի ու Ադրբեջանի միջև միջպետական առաջին փաստաթուղթն է, դրա իրագործումը երկու երկրների անկախության ու տարածքային ամբողջականության ամենակարևոր հիմնաքարից մեկն է»,- ասաց նա։

Նա ասաց, թե այս պահին որոշում չկա՝ որտեղից պետք է շարունակվի սահմանազատումը։

«Այս պահին քննարկումներ են գնում, թե որտեղից շարունակվի»,- ասաց Սիմոնյանը։

Ըստ նրա՝ Հայաստանն ու Ադրբեջանը բազմաթիվ չլուծված հարցեր են թողել, քաղաքական կամքի պարագայում բոլոր հարցերը լուծելի են։

Տեսանյութեր

Լրահոս