Բոլիվիայում 90 ոստիկան է վիրավորվել Մորալեսի կողմնակիցների հետ բախումների ժամանակ
Ավելի քան 90 ոստիկան է վիրավորվել Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսի կողմնակիցների հետ բախումների հետևանքով։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարար Կառլոս դել Կաստիլիոյին։
Ցուցարարներն արդեն ավելի քան 20 օր փակել են երկրի ճանապարհները։
«Ցավոք, 21 օրվա ընթացքում տուժել է ոստիկանության 92 աշխատակից: Վերջին գործողության ընթացքում վիրավորվել կամ վնասվածքներ է ստացել ոստիկանության 44 աշխատակից», – ասել է դել Կաստիլիոն Bolivia TV հեռուստաալիքի եթերում։
Ներքին գործերի նախարարի խոսքով՝ կարգուկանոն պահպանելու գործում ներգրավվել է ավելի քան 11 000 իրավապահ։
Դել Կաստիլիոն նաև հայտնել է, որ 35 լրագրող հարձակումների է ենթարկվել բողոքի ակցիաները լուսաբանելիս։
«Ցավոք, մեր երկրի համար այս մութ օրերն սկսվելու պահից ձերբակալվել է 164 մարդ: Այդ մարդկանց, ըստ էության, հանցավոր գործողություններ կատարելու համար փողոց դուրս գալ է պարտավորեցրել պարոն Մորալեսը», – ասել է Բոլիվիայի ՆԳՆ ղեկավարը։
Հոկտեմբերի 30-ին Բոլիվիայի նախագահ Լուիս Արսեն հայտնել է, որ կառավարության քաղաքականության դեմ բողոքող Մորալեսի կողմնակիցների գործողությունների պատճառած վնասը գերազանցել է 1,7 միլիարդ դոլարը:
Նոյեմբերի 1-ին իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ ոստիկանությունը զինվորականների օգնությամբ սկսել է ճանապարհների մաքրման գործողությունը Կոչաբամբայում։ Բախումների ընթացքում Մորալեսի կողմնակիցները դինամիտի պայթագլանիկներ են կիրառել իրավապահների դեմ, գրավել են երեք զորամաս, որոնցից երկուսը մինչև նոյեմբերի 3-ը հետ են գրավվել։
Մորալեսն Արսեին աջակցել է 2020 թվականի հոկտեմբերին պետության ղեկավարի ընտրություններում։ Սակայն հետագայում քաղաքական գործիչների միջև տարաձայնություններ են ծագել, այդ թվում այն բանի պատճառով, թե հաջորդ տարի ով պետք է դառնա նախագահի թեկնածուն իշխող «Շարժում դեպի սոցիալիզմ» կուսակցությունից: