Բաժիններ՝

Հետազոտողները պոտենցիալ դեղամիջոց են հայտնաբերել վտանգավոր համախտանիշի դեմ

Հայտնաբերվել է կարճ աղիի համախտանիշի (ԿԱՀ) բուժման հնարավորություն, սա հազվադեպ, բայց հյուծիչ հիվանդություն է։

ԿԱՀ-ով տառապում է մոտ 10 000-20 000 մարդ միայն ԱՄՆ-ում, ներառյալ երեխաները եւ մեծահասակները, այն առաջանում է բարակ աղիի վնասվելու կամ դրա մի մասի վիրաբուժական հեռացման հետեւանքով, ինչը հանգեցնում է թերսնվելու եւ այլ լուրջ առողջական խնդիրների։ Չնայած երեխաները կարող են ծնվել այս հիվանդությամբ, այն ավելի հաճախ առաջանում է այլ հիվանդությունների հետեւանքով, ինչպիսին է նեկրոզվող էնտերոկոլիտը, հատկապես վաղահաս նորածինների մոտ, գրել է ScienceDaily-ն։

ԿԱՀ-ի դեպքում պացիենտների մոտ նվազում է սննդարար նյութերը մարսելու ունակությունը, ինչը հաճախ հանգեցնում է ներերակային դիետոլոգիական աջակցության անհրաժեշտության, տեղեկացրել է «Ֆոկուսը»։ Բուժման առկա մեթոդները սահմանափակ են եւ կարող են հանգեցնել այնպիսի բարդությունների, ինչպիսին են վարակները եւ երկարատեւ հոսպիտալացումը։

Ջոն Հոփկինսի մանկական կենտրոնի գլխավոր վիրաբույժ եւ Nature Communications ամսագրում հրապարակված հետազոտության ավագ հեղինակ Դեւիդ Հեքեմը նշել է ԿԱՀ-ի ազդեցությունը պացիենտների եւ ընտանիքի վրա՝ ընդգծելով բուժման ավելի արդյունավետ մեթոդների որոնման անհրաժեշտությունը։ Նրանց հետազոտության կարեւորությունը կապված է ցինկի դերի հետ աղիների վերականգնման գործում։ Գիտնականներն օգտագործել են մկան մոդելը ԿԱՀ-ի նմանակման համար եւ հետեւել են աղիների բնական ադապտացմանը, երբ փոքրիկ մազանման կառույցները դարձել են ավելի երկար՝ փորձելով բարելավել սննդարար նյութերի ներծծումը։

Միայն այդ բնական ադապտացիան բավական չի եղել լիակատար ապաքինման համար։ Թիմը պարզել է կոնկրետ գենային ուղիները, որոնք պատասխանատու են այդ ադապտացման համար եւ օգտագործել են մարդու ցողունային բջիջները մկների վրա, որպեսզի վերարտադրեն մարդու աղիների վիճակը։ Մի բջջի ՌՆԹ սեքվենավորման միջոցով նրանք հայտնաբերել են, որ որոշակի գեներ, մասնավորապես SLC39A4-ը եւ SLC39A5-ը, որոնք օգնում են տեղափոխել ցինկն օրգանիզմում, զգալիորեն ավելի ակտիվ են եղել ԿԱՀ ունեցող մկների մոտ։ Դա թույլ է տվել հիպոթեզ առաջարկել այն մասին, որ ցինկի ավելացումը կարող է նպաստել հիվանդության բուժմանը։

Ցինկի բարձր պարունակությամբ դիետան մկների մոտ հանգեցրել է ողջ մնալու ցուցանիշների բարելավման, քաշի պահպանման եւ աղիների աշխատանքի լավացման վերահսկիչ խմբի համեմատ։ Հետազոտողները նաեւ ուսումնասիրել են մարդու հյուսվածքների նմուշները եւ հաստատել ցինկի տեղափոխման գեների բարձր մակարդակը ԿԱՀ ունեցող պացիենտների մոտ։

Նրանց հետազոտության արդյունքները վկայում են այն մասին, որ ցինկի հավելումները կարող են օգտագործվել որպես թերապեւտիկ ռազմավարություն, չնայած անհրաժեշտ են հետագա ուսումնասիրություններ բուժման այս մեթոդի անվտանգությունը եւ արդյունավետությունը պարզելու համար։ Հեքեմը եւ նրա գործընկերները ընդգծում են, որ մարդկանց մոտ ԿԱՀ-ի բուժման գործում ցինկի դերի հաստատման համար անհրաժեշտ են լրացուցիչ փորձեր, այդ թվում կլինիկական։ Բայց հաջողության դեպքում ցինկով հավելումները կարող են զգալիորեն բարելավել այդ հիվանդությամբ տառապող հազարավոր մադկանց կյանքի որակը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս