Բաժիններ՝

Տարոն Մարգարյան. Ես թույլ չեմ տա, որ այլանդակեն քաղաքը

Երևանի քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի հարցազրույցը՝ «Newmag» ամսագրին:

– Ինչպիսի՞ն պետք է լինի Երեւանի քաղաքապետը:

– Երևանի քաղաքապետ լինելը մեծագույն պատիվ է և պարտավորություն: Քաղաքի հանդեպ սերն ու բնակիչների հոգսը սեփական ուսերի վրա տանելը, իմ համոզմաբ, պարտադիր պայմաններ են այս պաշտոնում արդյունավետ աշխատանքի համար:

– Ձեր պաշտոնավարման ընթացքում որո՞նք են եղել Ձեր գործունեության գերակայությունները:

-Երկու կարևոր խնդիր կառանձնացնեի, որ այս տարիների ընթացքում համարել եմ գերակա, և հուսով եմ` հնարավորություն կունենամ այդ ուղղությամբ շարունակել աշխատանքը: Առաջին հերթին` փոքր կենտրոնից դուրս թաղամասերի ու վարչական շրջանների զարգացումը: Պետք է այնպես անել, որ Երևանում հավասարապես հարմարավետ լինի և՛ կենտրոնում, և՛ մնացած բոլոր շրջաններում: Այդ իմաստով նախադեպային կարող են համարվել Դավիթաշենը և Ավանը: Լինելով համեմատաբար երիտասարդ թաղամասեր՝ հենց հարմարավետ ենթակառուցվածքի, համայնքային հոգատար վերաբերմունքի շնորհիվ այսօր շատերը նախընտրում են ապրել հենց այդ թաղամասերում: Մեր աշխատանքի գլխավոր նպատակներից մեկը պետք է լինի ավելացնել այդպիսի շրջանների քանակը: Այդ դեպքում մենք կլուծենք նաև կենտրոնի գերծանրաբեռնվածությունից թոթափելու խնդիրը:

Ավելին, հարմարավետ արվարձաններն այսօր ավելի գրավիչ են ապրելու համար: Այնտեղ աղմուկն ավելի քիչ է, օդը` մաքուր: Երևանի փոքր կենտրոնը պետք է լինի ավելի շատ բիզնես կենտրոն, իսկ դրան շրջապատող ու կից շրջանները՝ բնակվելու համար: Անշուշտ, այս փոխակերպումը պետք է լինի տարիների ընթացքում:

Երկրորդ խնդիրը քաղաքային իշխանության հանդեպ երևանցիների վստահությունն է: Մենք փորձեցինք այն վերականգնել: Հուսով եմ՝ փոխվստահության փոխվստահության մթնոլորտը և քաղաքապետարանի ՝քաղաքացուն ուղղված աշխատանքն ավելի շոշափելի կդարձնեն ավելի լավ քաղաք ունենալու մեր նպատակների ու ծրագրերի արդյունքը:

– Ո՞րն է լինելու Ձեր ամենամեծ խոստումը, եթե կրկին դառնաք քաղաքապետ: Խնդրում ենք նշել հստակ մեկ բան:

– Մենք կունենանք ավելի լավ Երևան: Իրենց լուծումները կստանան քաղաքային կյանքի բազմաթիվ խնդիրներ:

Մասնավորապես, ես թույլ չեմ տա, որ այլանդակեն քաղաքը: Մենք նախապատրաստել ենք փոքր կենտրոնի կառուցապատման հատուկ հայեցակարգ, որը չափազանց խիստ պայմաններ ու վերահսկողություն է սահմանում նոր կառուցապատողների համար:

Ես խոստանում եմ, որ Երևանն աստիճանաբար դուրս կգա իր որոշ բարդույթներից` լինեն հնամաշ ավտոբուսներ, թե տգեղ շենքեր:

Քաղաքային տնտեսության հիմնախնդիրների մեջ օրակարգային է մնում աղբահանության հարցը: Այս առումով մենք համալիր ծրագիր ենք իրականացնում, որը կավարտենք առաջիկայում, և Երևանը վերջապես կունենա արագ և պարբերաբար մաքրվող աղբահավաք ծառայություն:

– Ինչպե՞ս է քաղաքապետարանը որոշում, թե որ նախագիծն էճաշակով, իսկ որը` ոչ:

– Ճաշակի հարցում, հայտնի է, չեն վիճում, այդ իմաստով մենք մեզ ապահովագրել ենք սխալվելուց: Օրինակ, քաղաքապետին կից գործող քաղաքաշինության, գեղարվեստական խորհուրդները, կազմակերպվող հանրային քննարկումները հենց մեկ նպատակի են ծառայում` կայացնել այնպիսի որոշումներ, որոնք ընդունելի կլինեն հասարակության մեծամասնության համար: Ամեն դեպքում, չկա որևէ լայնամասշտաբ ծրագիր, որի որոշումը միանձնյա կայացվի:

Դուք խոստացել էիք, որ սեփականատերերի ձեռքից կվերցնեք ձզձգվող շինությունների սեփականության վկայականները և կտաք ուրիշին:

– Այո՛, քաղաքում կան անավարտ շինություններ, որոնք անհարմարություններ են ստեղծում երևանցիների համար, աղավաղում քաղաքի ճարտարապետական դիմագիծը: Այդ շինություններն ունեն տարբեր պատմություններ: Իհարկե, մեր սահմանադրությունը պաշտպանում է մասնավոր սեփականության իրավունքը, բայց ընդգծեմ, որ պետության առջև իրենց ներդրումային պարտավորությունները չկատարող անբարեխիղճ կառուցապատողները պետք է նաև պատասխանատվություն կրեն օրենքով:

– Ժամանակին խոսակցություններ կային, որ մայրաքաղաքը պետք է դառնա փոքր կենտրոնը, իսկ Երևանի շրջանները` արբանյակ քաղաքներ: Գաղափարը դեռ կա՞:

– Այդ խոսակցությունը տրամաբանական կլիներ, եթե Երևանի բնակչությունը գերազանցեր 2.5 միլիոնի սահմանը: Այսօր դեռ այդ սահմանագիծը չենք հատել: Երբ քաղաքի բնակչության թիվն ավելանա, այդ ժամանակ կմտածենք քաղաքային տնտեսությունը կառավարելու ավելի արդյունավետ վարչատարածքային լուծումների մասին: Այս պահին դրա կարիքը չկա:

– Ի՞նչ փուլում է Երևանն օղակող անտառային գոտիներ ստեղծելու ծրագիրը: Փոշեբեր քամիներից պաշտպանվելու ի՞նչ առաջարկներ եք ստացել, որքա՞ն գումար կպահանջվի, և ե՞րբ է դա հնարավոր իրականացնել:

Նախատեսում ենք իրականացնել անտառվերականգնման լայնամասշտաբ ծրագիր: Այն ընդգրկելու է Եռաբլուրի և Փարոսի բլուրի տարածքները, Հաղթանակ զբոսայգու և Ծիծեռնակաբերդի անտառպուրակային հատվածները: Երևանը շրջապատող մարզերի հետ համատեղ նույնպես լրացուցիչ քայլեր կձեռնակրվեն:

Ձեր ճանաչած մայրաքաղաքներից ի՞նչը կցանկանայիք տեղայնացնել ճանապարհաշինության, տրանսպորտի, մաքրության հարցերում:

– Ինձ դուր են գալիս եվրոպական միջին ու փոքր քաղաքները, հատկապես Արևմտյան Եվրոպայի քաղաքները: Ինձ դուր է գալիս, թե որքան ներդաշնակ են այգիները ինտերգրված քաղաքային միջավայրին, հին ճարտարապետությունը` նորին, և գլխավորը` որքան հարմարավետ են քաղաքային ծառայությունները բնակիչների և հյուրերի համար: Եվ ապահով: Հենց այդ եվրոպական հարմարավետությունն ու ներդաշնակությունը կուզենայի ոչ այնքան տեղայնացնել, որքան ստեղծել նաև Երևանում:

Ձեր ո՞ր գործերով կհպարտանան Ձեր երեխաները 10-15 տարի անց:

Իմ կյանքի և աշխատանքի բանաձևն է՝ հարգել մարդկանց, սրտացավ աշխատել և խղճիդ առաջ ազնիվ ու մաքուր լինել… Ես հաշվետու եմ նաև իմ հոր և իր հիշատակի առջև…

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս