Ինքնիշխանություն՝ ըստ նպատակահարմարության․ կարմիր գծից մինչև կարմիր լաթ
2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության տխրահռչակ 9-րդ կետի մասին խոսելիս Հայաստանի իշխանություններն անընդհատ շեշտում են, որ այդ փաստաթղթով նախատեսված ճանապարհների վերահսկողությունը պետք է իրականացնի բացառապես Հայաստանը՝ այնպես ու այնքան, որ որևէ կերպ չվնասվի ՀՀ ինքնիշխանությունը։ Ճիշտ են անում, քանի որ Հայաստանի ինքնիշխանության պաշտպանությունը նրանց սահմանադրական պարտականությունն է։
Բայց ինքնիշխանությունը փաշինյանական իշխանության համար անսակարկելի արժեքից ու սահմանադրական պարտականությունից վերածվել է քարոզչական մեգափուչիկի և ինչպես պրոպագանդիստական ցանկացած միջոց՝ կիրառվում է ըստ քաղաքական նպատակահարմարության։ Այսինքն՝ մի դեպքում ինքնիշխանությունը ներկայացվում է՝ որպես «սրբության սրբոց», կարմիր գիծ, որից նահանջելը հավասարեցվում է դավաճանության, մեկ այլ դեպքում՝ նույն ՀՀ իշխանությունը Հայաստանի ինքնիշխանության հետ վարվում է այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանի սիրած ցլերը՝ կարմիր կտորի պարագայում։
Եթե ավելի պարզ ասենք, ապա իրականում անսակարկելի, անվերապահ ինքնիշխանությունը Հայաստանի իշխանության համար «կարմիր գիծ է», երբ վերաբերում է, օրինակ, Ռուսաստանի հետ հարաբերություններին, բայց այն վերածվում է ցլի դեմ գցված կարմիր լաթի, երբ խոսքն Արևմուտքի մասին է։
Օրինակ, ԱԺ-Կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հարց ուղղվեց՝ Եվրամիության դիտորդական առաքելության ժամկետի (այն ավարտվում է 2025թ․ փետրվարին) երկարաձգման մասին։ Ի պատասխան՝ ԵՄ դիտորդական առաքելությունը որպես Հայաստանի անվտանգության ապահովման տիեզերական երաշխիք ներկայացնող իշխանության արտգործնախարարը հայտարարեց․
«Եվրոպական միության քաղաքացիական առաքելությունը, վստահաբար, զբաղվում է այն գործունեությամբ, որով օժտված է ԵՄ համապատասխան որոշմամբ, այդ մանդատից դուրս գալ չի կարող։ Որքանով ես տեղեկացված եմ՝ Եվրոպական միությունը լրջորեն դիտարկում է այսօր արդեն այդ առաքելության մանդատի երկարաձգման հարցը»,- ասել է նա։
Այս պատասխանում որևէ արտառոց միտք չկա, ստանդարտ դիվանագիտական ձևակերպում է, որը, սակայն, ոչ միայն ԵՄ առաքելության գոյության, որքան Հայաստանի ինքնիշխանության չգոյության մասին է։
Բանն այն է, որ ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում տեղակայվել է ոչ թե Ուրսուլա ֆոն Դեր Լայենի յոգայի սրահում կամ Շառլ Միշելի ֆիթնես ակումբում կայացված միակողմանի որոշման, այլ ՀՀ-ԵՄ համաձայնագրի հիման վրա, որը Հայաստանի խորհրդարանը վավերացրել է այս տարվա մարտի 20-ին։
Իհարկե, ԵՄ դիտորդները Հայաստան էին ժամանել դեռևս 2023-ի սկզբից, բայց նրանց ներկայությունը մեր երկրի տարածքում՝ որպես դիտորդական առաքելություն, իրավականորեն ամրագրվեց հենց ՀՀ-ԵՄ համաձայնագրով։ Այսինքն՝ որքան էլ այդ առաքելությունը ԵՄ ինստիտուցիոնալ կարողությունների արտահայտությունն է, որքան էլ այն գործուղվել է եվրոպացիների քաղաքական որոշման արդյունքում, նրա ներկայությունն ինքնիշխան երկրի՝ Հայաստանի տարածքում իրավականորեն ամրագրվել է հենց վերը նշված համաձայնագրով։ Թեև դրանով հայկական կողմը եվրոպացիներին տվել է հսկայական լիազորություններ (անձեռնմխելիությունից մինչև ֆինանսական արտոնություններ), այդուհանդերձ դա երկկողմանի փաստաթուղթ է, որով ինքնիշխան պետությունը ունի կամ պետք է ունենա ոչ միայն պարտականություններ, այլ նաև իրավունքներ։
Խնդիրը, տվյալ դեպքում, իրավական նրբությունները չեն, այլ այն, որ ԵՄ դիտորդական առաքելության՝ Հայաստանում գտնվելու իրավական հիմքը ՀՀ-ԵՄ համաձայնագիրն է, որը 2024թ. մարտին վավերացրեց Ազգային ժողովը։
Հայաստանի արտգործնախարարը, սակայն, խոսելով այդ դիտորդական առաքելության մասին՝ ոչ միայն որևէ հղում չի անում Հայաստանի օրենսդրության մաս հանդիսացող այդ համաձայնագրին, չի մեջբերում դրա որևէ հոդված կամ կետ կամ պայման, այլ իր խոսքում ընդհանրապես չի էլ հիշատակում այդ համաձայնագրի գոյությունը՝ որպես դրա առարկա հանդիսացող օբյեկտի՝ Հայաստանում ԵՄ դիտրոդական առաքելության գործունեությունը շարունակելու իրավական կառուցակարգ։
Միրզոյանն ընդամենն ասում է․ «Մեր տեսանկյունը կարող եմ ասել՝ քանի դեռ մենք չունենք ստորագրված, վավերացված Խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, քանի դեռ չունենք առաջ գնացող, եթե չասեմ՝ ավարտված սահմանազատման գործընթաց, կայունություն, երկարատև կայունություն, մենք ունենք մտավախություններ Ադրբեջանի հավանական գործողությունների վերաբերյալ։ Եվ ըստ այդմ էլ մենք ունենք կարիք չեզոք երրորդ կողմի, ինչպիսին է ԵՄ դիտորական առաքելությունը, օբյեկտիվ գնահատականների, սահմանի երկայնքով մշտադիտարկման եւ կեղծ լուրերի փարատման»։
Այսինքն՝ Հայաստանն այս անչափ կարևոր հարցի վերաբերյալ ներկայացնում է ոչ թե ինստիտուցիոնալ հիմք՝ օրենսդրության վրա հիմնված դիրքորոշում, այլ ընդամենը տեսանկյուն և կենաց հիշեցնող ցանկություն՝ նաև այս կերպ ցույց տալով, որ Արևմուտքի համար Հայաստանը ոչ թե ինքնիշխան պետություն է, այլ տարածք, որում դիտորդական առաքելություն տեղակայելու համար բավարար է, պատկերավոր ասած՝ Ուրսուլայի յոգայի սենսեյը կամ Շառլ Միշելի ֆիթնեսի մարզիչը։
Հարություն Ավետիսյան