Ո՞ր ախտանիշներն են հուշում կրծքագեղձի քաղցկեղի մասին, հիվանդության զարգացման հետ կապ ունե՞ն աբորտները, սթրեսը, կրծքով երկար կերակրելը, հորմոնալ դիսբալանսը

Հոկտեմբերն աշխարհում նշվում է՝ որպես կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս։ Հիվանդության զարգացման պատճառների և բուժման եղանակների մասին զրուցել ենք ուռուցքաբան-մամոլոգ Ներսես Բերբերյանի հետ։

– Ինչի՞ հետևանքով է զարգանում կրծքագեղձի քաղցկեղը։

– Կրծքագեղձի քաղցկեղը հստակ զարգացման պատճառ չունի։ Հիվանդության միայն 20 տոկոսն է պայմանավորված ժառանգական մուտացիայով, որի դեպքում որոշակի տարիք հետո նույնիսկ խորհուրդ է տրվում ապահովության համար հեռացնել կրծքագեղձերը։ 80 տոկոսի դեպքում հիմնականում համարվում է առաջին անգամ ի հայտ եկող հիվանդություն։ Պատճառները զանազան են․ շրջակա մթնոլորտը, սնունդը․․․ քաղցկեղածին նյութերն այսօր շատ են և՛ մեր սննդում, և՛ օդում, ու ինչ-որ մի պահի գենային մակարդակում գնում է վնասում, և ձևավորվում են քաղցկեղային բջիջները։

Կարդացեք նաև

Կրծքագեղձի քաղցկեղն ունի որոշակի առանձնահատկություններ․ ճարպակալումը, քանի որ ճարպային շերտն արտադրում է էստրոգեն, որը վնասակար ազդեցություն է թողնում կրծքագեղձի վրա։ Հետևաբար, կյանքի վաղ փուլում ճարպակալումն արդեն ռիսկի գործոն է համարվում։ Նստակյաց կյանքը հանգեցնում է ճարպակալման, ուշ տարիքում հղիությունը, կրծքով չկերակրելը, հղիության արհեստական ընդհատումը (աբորտ), արհեստական բեղմնավորման ժամանակ հորմոնային խթանումները ևս կարող են կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը մեծացնել։

Նշեցիք կրծքով չկերակրելու արդյունքում քաղցկեղի հնարավոր զարգացումը, բայց նման վտանգի առկայություն կա նաև կրծքով շատ կերակրելու դեպքում։

– Շատ կերակրելն էլ ճիշտ չէ, որովհետև հյուծում է կրծքագեղձն ու առաջացնում է գեղձային բջիջների հիպերակտիվացիա, որը հետագայում, հնարավոր է, բերի վնասման։ Կրծքով կերակրելու համար առաջին 6 ամիսը պարտադիր է, որի ընթացքում նորածինը մայրիկից ստանում է բոլոր անհրաժեշտ վիտամինները։ Մեկ տարեկանից հետո արդեն հանգիստ կարելի է կրծքով կերակրելը դադարեցնել։ Երկու տարուց ավելի կրծքով կերակրելն արդեն խոսում է կրծքագեղձի քաղցկեղի ռիսկի մասին, որովհետև կրծքագեղձում գումարվում են քրոնիկ խնդիրներ, որոնք հետագայում իրենց հետևանքը կթողնեն։ Ինչ վերաբերում է աբորտներին, ապա այդ ամենն ուղեկցվում է հորմոնալ կտրուկ դիսբալանսով։ Իսկ կրծքագեղձի քաղցկեղը մեծամասամբ հորմոնկախյալ հիվանդություն է։ Օրգանիզմում առաջացող հորմոնային խաթարումները, սթրեսը հանգեցնում են կրծքագեղձի քաղցկեղի առաջացման։

– Մասնագետները կանանց խորհուրդ են տալիս պարբերաբար ինքնազննում իրականացնել։ Ինչպե՞ս է ճիշտ այն կատարելը և հայտնաբերվող ամեն ուռուցքի դեպքում պե՞տք է խուճապի մատնվեն։

Կրծքագեղձի քաղցկեղը տարածված է, սակայն հեշտ բուժելի է, եթե կարողանում ենք հայտնաբերել վաղ փուլում։ Հաճախ ախտանշաններ չկան, ու կինը կարող է ունենալ կրծքագեղձի քաղցկեղ, բայց չիմանա դրա մասին։ 18-20 տարեկանից սկսած՝ դաշտանային ցիկլի ավարտվելուց մեկ շաբաթ հետո պետք է կատարել ինքնազննում։ Օրացույցում այդ օրը ֆիքսում ենք, և ձեռքի երեք մատների (ցուցամատ, միջնամատ, մատնեմատ) ներսի հատվածով իրագործվում են պտուտակաձև շարժումներ՝ կրծքագեղձի վրա։ Իմաստը կրծքագեղձի ամբողջ մակերեսն ընդգրկելն է, ապա խորը շոշափում կատարելը։ Ցանկալի է այն իրականացնել և՛ կանգնած դիրքում, և՛ մեջքի վրա պառկած։ Ձախ կուրծքը շոշափում ենք աջ ձեռքով, աջը՝ ձախ։ Շատ ավելի հեշտ է, երբ այն լողանալիս են կատարում, որովհետև ջուրը հեշտացնում է շոշափման ընթացքը։ Կինը սկզբում շատ բաներ է շոշափելու․ գնդեր, կոշտացած հատվածներ։ Երբ ժամանակ առ ժամանակ այցելեն մասնագետի՝ նա կբացատրի, թե շոշափածն ի՞նչ է՝ գեղձի հյուսվա՞ծք, կիստա՞, թե՞ ֆիբրոադենոմա։ Երբ կինը ճանաչում է իր կրծքագեղձը, ավելի հեշտ է վաղ փուլում զգալ զարգացող կրծքագեղձի քաղցկեղը։ Քաղցկեղը տեղում չի նստում, և, եթե տարածվում է, ուրեմն մենք հատում ենք բուժման շեմն ու ընդամենը դեղորայքով կյանքը երկարացնում ենք։ Ինչո՞ւ հասնել այդ փուլին, եթե նախքան դա կան միջամտություններ, որոնք կարելի է իրականացնել, և կինը լիարժեք կբուժվի։ Կրծքագեղձի քաղցկեղը բուժվող քաղցկեղային հիվանդություններից մեկն է։ Առաջին և երկրորդ փուլերում հայտնաբերելու դեպքում կրծքագեղձի քաղցկեղը 100 տոկոսով բուժելի է։

Կարևոր է պարբերաբար իրականացնել սոնոգրաֆիկ հետազոտություն՝ մինչև 40 տարեկանը։ Այդ ժամանակ կհայտնաբերվեն բազում փոփոխություններ՝ գոյացություններ, կիստաներ, մաստոպատիա, որը կանանց ահ ու սարսափն է։ Բայց այդ ամենն ուղղակի կրծքագեղձի կառուցվածքի փոփոխություն է։ Ուղղակի պետք է հասկանանք՝ փոփոխությունները մնո՞ւմ են նորմայի սահմաններում, թե՞ ինչ-որ պահի այդ ֆիբրոզ-կիստոզ փոփոխությունների մեջ մի բան է ձևավորվում, որը, հնարավոր է՝ դառնա նախաքաղցկեղային վիճակ։ Դրա համար սոնոգրաֆիկ հսկում ենք։ Մինչև 40 տարեկանը մամոգրաֆիա չենք անում, որովհետև գեղձը խիտ է, և մամոգրաֆիան կարող է ինֆորմատիվ չլինել։

– Երբ սկզբնական փուլում են հայտնաբերում կրծքագեղձի քաղցկեղը, բուժումն ինչպե՞ս է իրականացվում։

– Կրծքագեղձի քաղցկեղն ունի բուժման երեք հիմնական ուղղություն․ քիմիաթերապիա, հակահորմոնալ բուժում, իմունոթերապիա։ Կախված տեսակից և փուլից՝ բուժումը տարբեր է։ Երկրորդ ուղղությունը վիրաբուժությունն է։ Ասեմ, որ ոչ բոլոր դեպքերում է կրծքագեղձը հեռացվում։ Վաղ փուլում կարող ենք իրականացնել պահպանողական վիրահատություն, որոնցից է կրծքագեղձի օնկոպլաստիկ վիրաբուժությունը, երբ ուռուցքաբանական վիրահատությունները զուգակցում ենք պլաստիկ միջամտությունների հետ՝ ապահովելով ուռուցքի լիարժեք հեռացում, կրծքագեղձի տեսքի պահպանում։ Երրորդը ճառագայթային բուժումն է։ Եթե ուռուցքը վաղ է հայտնաբերվում, կինը կարող է խուսափել քիմիաթերապիայից, դեղորայքային բուժումից։ Կմնա միայն վիրահատությունն ու, որոշ դեպքերում՝ ճառագայթային բուժումը։ Մի փոքր ուշացած դեպքերում՝ երկրորդ, երրորդ փուլերում, եթե ունենք ավելի ագրեսիվ տեսակի ուռուցքներ, սկսում ենք քիմիաթերապիայից կամ դեղորայքային բուժումից, որի նպատակն է՝ օրգանիզմը մաքրել շրջանառվող ուռուցքային բջիջներից, որոնք չենք տեսնում, և ուռուցքը չափերով փոքրացնել, որի դեպքում վիրահատությունը կլինի ավելի արդյունավետ։ Միայն չորրորդ փուլում է, որ վիրահատություն այլևս չենք կարող անել, անիմաստ է, միայն քիմիաթերապիայի հույսին է մնում է կինը։ Այս փուլում չունենք բուժման հնարավորություն։

– Կրծքագեղձի պահպանումն ուռուցքը հեռացնելու վիրահատության ժամանա՞կ է կատարվում։

Այո։ Հնարավոր է և՛ միաժամանակ, և՛ երկու փուլով կատարել վիրահատությունը։ Դա կախված է միջամտության բարդությունից։ Ձգտում ենք ամեն ինչ ավարտել մեկ փուլով, բայց կա ճառագայթ, բուժում։ Իմպլանտների դեպքում կարող է առաջին փուլից լավ չընդունի մաշկը, բորբոքային խնդիրներ լինեն և կարիք լինի բուժումն ավարտել, հետո երկրորդ փուլով վերականգնել կուրծքը։

– Պրակտիկայում շա՞տ է հանդիպում, որ կանայք հրաժարվում են հեռացնել կրծքագեղձը։

– Ցանկացած կնոջ մոտ կրծքագեղձի քաղցկեղի դեպքում սարսափ առաջացնող հարցերից մեկը մազաթափությունն է, որի համար նույնիսկ կարող է հրաժարվեն բուժումից, և մյուսը՝ կրծքագեղձի հեռացումն է։ Ոչ բոլոր դեղերն են առաջացնում մազաթափություն, բայց եթե ցուցված է այնպիսի դեղ, որը պետք է մազաթափություն առաջացնի, դրա լուծումը գտնվել է․ հատուկ գլխարկներ կան, որոնք օգտագործում են քիմիաթերապիայի կուրսի ժամանակ և, եթե մազի որակը լավն է՝ կանխում է մազաթափությունը։ Պետք է հիշել՝ ինչքան դեղը լավ է ազդում, այդքան մազաթափությունն ուժեղ է, որովհետև քիմիայի դեղերը չեն տարբերում ուռուցքային բջիջները՝ մազի արմատից։ Բուժումն ավարտելուց հետո մազերը վերականգնվում են։

Ինչ վերաբերում է վիրահատությանը, ինչքան շուտ է հայտնաբերվում ուռուցքը և ինչքան փոքր է, այնքան մեծ է կրծքագեղձը պահպանելու շանսը։ Եթե ուռուցքը մեծ է, բազմաօջախային, կրծքագեղձը չենք կարող պահպանել։ Ամբողջությամբ պետք է գեղձը հեռացվի։ Գեղձը հեռացնել՝ չի նշանակում ամբողջությամբ կուրծքը հեռացնել․ կարելի է պահել մաշկը, պտուկը, օգտագործել իմպլանտ։ Հնարավոր է նաև սեփական հյուսվածքներն օգտագործելով՝ գեղձ ստանալ։ Մենք ամեն օր բավականին բարդ զրույցներ ենք ունենում կանանց հետ, և պետք է օգնենք կնոջը՝ այս ամենը հաղթահարել։

Ասում են, եթե կուրծքը լիմոնի կեղևի նման է, այդ ախտանշանը վկայում է կրծքագեղձի քաղցկեղի մասին։ Լիմոնը հարթ, սիրուն միրգ է, ինչի՞ն պետք է ուշադիր լինել։

– Լիմոնի, նարնջի կամ թուրինջի կեղևը ծակոտկեն է, խոսքը դրա մասին է։ Մի քիչ հաստանում է մաշկը, և մի փոքր երբ հավաքում ենք կուրծքը՝ նկատում ենք, որ ծակոտկեն է․ այ դա է լիմոնի կեղևի ախտանիշը։ Այն, այո, խոսում է կրծքագեղձի քաղցկեղի մասին։ Երկրորդ ախտանշանը պտուկի ներքաշվածությունն է։ Խոսքը տարիներով կնոջ մոտ եղած պտուկի ներքաշվածության, հատկապես՝ կերակրելուց հետո առաջացման մասին չէ։ Դրանք ծորանների հետ կապված բորբոքային խնդիրներ են։ Կան նաև կանայք, որոնց մոտ կուրծքը ձևավորվում է և պտուկը ներքաշված է լինում։ Դա էլ է նորմալ։ Խոսքը կարճ ժամանակում առաջացած պտուկի ներքաշվածության մասին է։ Մյուսը՝ պտուկից արյունային արտադրությունն է։ Տարբեր բնույթի արտադրություններ կարող են դիտվել, մտահոգիչ է արյունայինը, կարող է լինել քաղցկեղ։ Հնարավոր է՝ պտուկին կամ մաշկին վերքային մակերես, որը նույնպես կարող է խոսել կրծքագեղձի քաղցկեղի զարգացման մասին։ Հաջորդ ախտանշանը կրծքագեղձի մաշկի կարմրությունն է։ Հնարավոր է՝ բորբոքային բնույթի է, բայց գուցե տակը թաքուն զարգանում է կրծքագեղձի քաղցկեղ։ Այս ախտանիշները միշտ չէ, որ ի հայտ են գալիս վաղ փուլերում, հաճախ կարող են ի հայտ գալ 4-րդ փուլում։ Ամենակարևորը՝ եթե որևէ բան եք շոշափում կրծքագեղձում և թևատակում, անպայման պետք է հետազոտվել։

– Կրծկալներն արդյո՞ք նպաստում են կիստայի, ֆիբրոադենոմայի կամ կրծքագեղձի քաղցկեղի առաջացման։

– Ոչ մի կրծկալ կիստա, ֆիբրոադենոմա չի առաջացնում, խոսքը կրծքագեղձի սեղմման, անընդհատ ճնշման մասին է, որի դեպքում գեղձի սնուցումը, ավշային հոսքը խաթարվում է։ Սա հանգեցնում է բջիջների վնասման ու կարող է ձևավորվել կրծքագեղձի քաղցկեղ։ Այնպես որ, հնարավորինս պետք է կրել բամբակյա, ոչ արհեստական նյութերից պատրաստված կրծկալ։ Կարևոր է, որ երկաթ չլինի։ Եթե առիթ կա, կարելի է սիրունանալ, գնալ, բայց ոչ առօրյայում կամ քնած ժամանակ։

– Շատ է նշվում, որ հիվանդությունը երիտասարդացել էպրակտիկայում ո՞ր տարիքի կանայք են շատ հանդիպում։

Կրծքագեղձի քաղցկեղն առավելապես դաշտանադադարի շրջանն անցնող կամ դրանից հետո կանանց հիվանդություն է։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ դեպքերի 50 տոկոսը դիտվում է 45-ից բարձր տարիք ունեցող կանանց մոտ։ Սա չի նշանակում, որ ավելի վաղ տարիքում չի հայտնաբերվում։ Այո՛, նկատվում է երիտասարդացում։ Ամեն տարի ավելի շատ թվով երիտասարդ կանանց մոտ ենք սկսել հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղ։ Իմ ամենաերիտասարդ բուժառուն եղել է գրեթե 20 տարեկան՝ հղիության ժամանակ չարորակացած ֆիբրոադենոմայի դեպքով։

– Միշտ ասում են, որ ֆիբրոադենոման բարորակ է, կարծեմ մի տեսակն է չարորակացման հանգեցնում, այո՞։

Ֆիբրոադենոմաները բարորակ գոյացություններ են, որպես կանոն՝ անվնաս։ Ուղղակի կարող են մեծանալ, սեղմել հյուսվածքը, ցավ պատճառել։ Կա ֆիբրոադենոմայի տեսակ, որը սահմանային է, դա ֆիլոիդ ուռուցքն է, որը կարող է չարորականալ։ Ընդհանրապես, ցանկացած գոյացություն չարորականալու շատ փոքր վտանգ և ռիսկ ունի՝ ինչ-ինչ պատճառներով․ տրավմա, արտաքին ազդեցություն, սթրեսային իրավիճակ, իմունիտետի կտրուկ անկում, այնպիսի հիվանդություն, ինչպիսին կորոնավիրուսն է, որի վնասները հետագայում կպարզենք։ Նկատել ենք, որ կորոնավիրուսի ժամանակ սրվել են այս երևույթները և երիտասարդ կանանց մոտ ավելի շուտ է ի հայտ եկել քաղցկեղային հիվանդությունը, որը կարող է մի 10 տարի հետո ձևավորվեր։

Ֆիբրոադենոմայի, կիստայի դեպքում ախտանշաններ կա՞ն, օրինակ, արտադրություն, և այլն։

– Հիմնական ախտանշանը շոշափվող գոյացությունն է։ Ֆիբրոադենոման պինդ հյուսվածք է, իսկ կիստան՝ հեղուկ պարունակող գոյացություն և ավելի փափուկ։ Երբ ֆիբրոադենոման մեծանում է, սկսում է կողքի հյուսվածքը սեղմել, և հատկապես դաշտանային ցիկլի ժամանակ, երբ կուրծքն այտուցվում է, ցավոտ է դառնում։ Նույնն էլ՝ կիստան։ Պտուկից արտադրությունը ծորանների հետ է կապված, այն լինում է քրոնիկ բորբոքային պրոցեսների, ծորաններում աճող գոյացությունների՝ պապիլոմաների դեպքում։ Եթե արտադրությունը թափանցիկ է, կաթնային, կանաչավուն-շճային, պղտոր՝ սա դեռևս բարորակ խնդիրների մասին է խոսում, սակայն, երբ արյուն է նկատվում, ուրեմն կա կամ պապիլոմա, որը քայքայվում է, բայց համարվում է նախաքաղցկեղային վիճակ, կամ կա քաղցկեղ, որը ծորանի մեջ քայքայվում է, և դիտվում է արյունային արտադրություն։

– Եթե ուռուցքը աջ կամ ձախ կողմում է՝ այդ կողմի վրա քնելը վնա՞ս է։

– Վնաս չկա։ Բնականաբար, կրծքագեղձի երկարատև սեղմումը կարող է հանգեցնել վնասման, բայց դրա հետ կապված ապացույց չկա։ Կինը պետք է նայի, թե իրեն ո՞ր դիրքում է հարմար քնել։ Փորի վրա քնելը լավագույն դիրքը չէ, որը կփաստեն նաև ողնաշարաբանները։

– Ո՞ր դեպքում են վիրահատում ֆիբրոադենոմաները, և արդյո՞ք շատանում են դրանից հետո։

– Վիրահատելուց չէ, որ շատանում են։ Չվիրահատեին էլ՝ կշատանար, որովհետև ֆիբրոադենոման ևս կախված է օրգանիզմում կնոջ հորմոնալ փոփոխություններից։ Ֆիբրոադենոմաներ նկատվում են սեռահասունացման տարիքում։ Ֆիբրոադենոմաներ ձևավորվում են 18-20 տարեկան աղջիկների և այն կանանց մոտ, ովքեր կամաց-կամաց գնում են դեպի դաշտանադադար։ Որպես կանոն՝ մինչև 2սմ ֆիբրոադենոմաները չեն վիրահատվում, հսկում ենք։ Եթե 2սմ-ից ավելի է, այդ ժամանակ հեռացնելու հարց է դրվում։ Այսօր ունենք նոր մեթոդ, որը կոչվում է վակուումային եղանակով ֆիբրոադենոմայի հեռացում։ Սա կատարվում է այն դեպքում, երբ մինչև 2սմ է ֆիբրոադենոման, բայց աճող է։ Չենք թողնում հասնի 2սմ-ի, տեղային անզգայացմամբ, փոքր կտրվածք անելով՝ հեռացնում ենք։

Քանի կա գեղձը, կարող է առաջանալ և՛ կիստա, և՛ ֆիբրոադենոմա, և՛ չարորակ ուռուցք։ Կինն ազատվում է այս ամենից, երբ գեղձ չի ունենում, այնպես որ՝ պետք չէ ֆիքսվել այս ամենի վրա, պարզապես անհրաժեշտ է պարբերաբար հետազոտվել։

Շատ են վախենում բիոպսիայից՝ ասելով, որ հենց բիոպսիա արեցին, ուռուցքը տարածվեցի՞նչ է բիոպսիան։

– Բիոպսիան հատուկ՝ տրեպան ասեղով միջամտություն է։ Տեղային անզգայացմամբ, սոնոգրաֆիկ հսկողությամբ ուռուցքից նմուշ ենք ստանում։ 3-4 նմուշ ուղարկում ենք լաբորատորիա, հետազոտվում է, որի հիման վրա որոշվում է քաղցկեղի տեսակը։ Շատ կարևոր հետազոտություն է։ Քաղցկեղի ճիշտ բուժումը սկսվում է ճիշտ արված բիոպսիայից։ Եթե քաղցկեղը տարածվի, առանց բիոպսիայի էլ կատարծվի։ Կան մեղմ, դանդաղ աճող քաղցկեղի տեսակներ և ագրեսիվ, որոնք կարճ ժամանակում հասցնում են տարածվել։ Մեղքը պետք չէ բարդել բիոպսիայի վրա։

Եթե որևէ մեկի տատիկի մոտ հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղ, սերնդեսերունդ առաջանալո՞ւ է։

– Եթե առաջին կարգի հարազատների մոտ կա կրծքագեղձի ուռուցք, բնականաբար, ռիսկը բարձր է։ Որպեսզի հստակ որոշենք, որ այս կնոջ մոտ կա ժառանգական մուտացիա, պետք է արվի ժառանգական անալիզ։

Մայրության դպրոց նախագիծ եք մշակել, ի՞նչ է այն։

– Այն կկայանա։ Ներառված են կրծքագեղձի առողջության պահպանման և հիվանդությունների հաղթահարմամբ զբաղվող մասնագետները։ Հիմա շատ են կերակրման հետ կապված խնդիրները։ Մեր աղջիկների մեծ մասը, հատկապես՝ նրանք, ովքեր առաջին անգամ են հղիանում և կերակրում, չգիտեն՝ դա ինչպե՞ս պետք է արվի։ Էլ չասեմ՝ մեծ մասը ոչ մի անգամ կրծքագեղձը չի ստուգել։ Ստեղծելու ենք կանանց կրթելու հարթակ, որ իմանան՝ ինչպե՞ս հետազոտել կրծքագեղձը, ինչպե՞ս կերակրել, ի՞նչ անել խնդիրների դեպքում։

– Դուք սիրում եք նկարել, նվագել ու երգել։ Վիրահատությունից առաջ կամ հետո արվեստի ո՞ր ճյուղն եք նախընտրում։

– Վիրահատության ժամանակ շատ բարձր երաժշտություն լսելը, երբ հաճախ կողքի վիրահատարանից գալիս ու ասում են՝ մի քիչ ցածրացրեք։

– Դասական երաժշտությո՞ւն եք լսում։

– Տարբեր, ավելի շատ ջազ։

– Խեղճ հիվանդ։

– Հիվանդը քնած է։ Ինքը միայն դրա լավ հուշերի ներքո կարթնանա (ծիծաղում է։- Ա․Կ.)։ Խոսքը որակյալ երաժշտության մասին է, առանց որի՝ հնարավոր չէ։ Ինչ վերաբերում է նկարչությանը, հատկապես, եթե կրծքագեղձի պահպանման վիրահատություն է, միշտ նկարչությունով է սկսվում։ Այնպես որ, մենք էլ ենք նկարչություն անում նախքան վիրահատությունը։

Տեսանյութեր

Լրահոս