Խաչից վախեցան, փախան. Կաթողիկոսի խոսքը լուտանք էր՝ ուղղված իշխանությանը. եկեղեցին պետք է դիմի ազգին

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը հոգեբան Կարինե Նալչաջյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Վեհափառի և մեր հոգևոր դասի համար մյուռոնօրհնությանը և Մայր տաճարի վերաօծման արարողությանը գործող իշխանությանը հրավիրելը ծանր որոշում է եղել։ Չհրավիրելու կողմնակիցների փաստարկները հուզական դիրքերից գուցե և ճիշտ էին, բայց երբ լսեցինք Կաթողիկոսի ուղերձը, շատ բան փոխեց։ Կաթողիկոսի խոսքը լուտանքի էր նման՝ ուղղված իշխանությանը։ Որքան էլ նրանք ինքնագոհ կերպով եկել, նստել էին, այնուամենայնիվ լսեցին այն, ինչ իրենց համար հասկանալի էր։ Ժողովուրդն ասում է՝ ճիշտ խոսքը հայտնի կենդանուն են ասում։ Այնպես որ, թերևս ճիշտ էր նրանց հրավիրելը։
  • Եկեղեցու դեմ պայքարն այս իշխանության համար ռազմավարական նշանակություն ունի։ Կաթողիկոսը հրավիրելով՝ նրանց զրկեց «տեսեք, չհրավիրեցին» կռվանից։ Այնպես որ, կարծում եմ՝ պետք էր հրավիրել, որ այդ սուրբ Մայր տաճարում, սուրբ խորանի ներքո լսեին իրենց ուղղված խոսքը։
  • Սրանք ամոթ չունեն, այն են, ինչ կան։ Ես համաձայն չեմ Միքայել սրբազանի հետ, ով ասում էր՝ «թող գան, գլխիկոր գնան»։ Սրանք գլխիկոր չեն գնա, այդքան ամոթ չունեն, բայց էլի եմ ասում, Մայր տաճարում Վեհափառից լսեցին այն, ինչ չէին ցանկանա լսել։
  • Շատերը կգնային Մայր տաճար, եթե դեմ չլինեին սրանց հետ նույն տեղում նույն օդը շնչել։ 
  • Կարևորը՝ Մայր տաճարը վերաօծվեց։

Կարդացեք նաև

  • Մենք չպետք է ընկնենք սրանց հակաքարոզչության ծուղակը, մեծ բաժանարար գիծ չպետք է քաշենք մեր միջև։ Այս էջն ուղղակի պետք է փակել։ Մենք շատ գոհ պետք է լինենք այն խոսքից, որն ասվեց նրանց։ Իրենք գիտեն իրենց ասվածը, չէին կարող չհասկանալ։ Մեր էներգիան չպիտի վատնենք անպտուղ խոսակցությունների վրա ու շեղվենք գլխավորից։ Իսկ գլխավորն այն արհավիրքն է, որ սրանք ժամ առ ժամ բերում են մեր առաջ։
  • Մենք ասում ենք՝ ես հայ քրիստոնյա եմ։ Մեր էության մեջ դա ներծծված է։ 
  • Այս իշխանությունները եկեղեցուն հանգիստ չեն թողնելու։ Այն, ինչ արել են՝ սկսած խաչը սղոցելուց՝ մինչև Վեհարանը պղծելը, շարունակելու են։ Սրանք կանգ չեն առնելու, որովհետև միայն եկեղեցին ոչնչացնելով՝ կարող են մեզ ոչնչացնել։ Մենք իրավունք չունենք չկանգնել մեր եկեղեցու թիկունքին։ Եկեղեցին իր ազգակենտրոն, պետականակենտրոն դիրքերում է գտնվում։ Մենք հոգևոր դասին պետք է խնդրենք կանգնել առաջին շարքերում։

Հիշեցնենք, որ 2018 թվականի հեղափոխությունից օրեր անց՝ ապրիլի 29-ին, մի մարդ, բարձրանալով Մայր տաճարի վրա, փորձել էր տաճարի խաչը սղոցել՝ խաչի փոխարեն երկաթյա վարդ տեղադրելու նպատակով:

  • Սրանք դեմ են մեր ինքնությանը, մեր ազգայինին։ Ես չգիտեմ՝ սրանց դավանանքը ո՞րն է… Պատարագը չավարտված՝ արագ փախան, վախեցան խաչից, թողեցին ու գնացին։
  • Լավ կլինի, որ եկեղեցին դիմի ազգին ու բացատրի՝ ինչո՞ւ հրավիրեց իշխանությանը, որովհետև այնտեղ, որտեղ կա կիսատություն, անորոշություն, այնտեղ միշտ խնդիրներ են առաջանում։ Երբ դա հիմնավորված ներկայացվի ժողովրդին, մարդիկ նախ իրենց հարգված կզգան, կցրվի այս անորոշության-դժգոհության մթնոլորտը, ու մենք կազատվենք այդ տարանջատումից։ 
  • Եթե մենք եկեղեցու նկատմամբ բաժանարար գծեր ունենանք, դա մեզ շատ արագ կտանի ոչնչացման։ Սա խայծ է, մենք այն չպետք է կուլ տանք։ Ես հասկանում եմ մարդկանց վրդովմունքը, որ դրանք եկեղեցում չպետք է լինեն, բայց եկեք դրան շատ ուշադրություն չդարձնենք։ Կարծում եմ, որ այսուհետ եկեղեցու պահվածքը շատ ավելի ազատ պետք է լինի։ Եկեղեցին պետք է սերտացնի իր հարաբերությունները ժողովրդի հետ։ Հոգևոր դասը հզոր ուժ է։ Ես կարծում եմ՝ նոր փուլ է սկսվելու, վերջին կռիվն ենք տալու։
  • 2 տարի առաջ էլ մարդիկ, սովորականի պես, Արցախում խանութ էին գնում, աշխատանքի… չէին սպասում, որ կկորցնեն Արցախը, իրենց տները, ամեն ինչ… Այնպես որ, որևէ մեկը թող վստահ չլինի, որ մեզ հետ նույնը տեղի չի ունենալու։ Եթե մենք չձերբազատվենք այս իշխանություններից, իրավունք չենք ունենալու բաց ճակատով նայել միմյանց։ Եկել է բոլորիս անձնական պատասխանատվության ժամանակը։
  • Գերտերությունների ղեկավարները տեսնում են, որ այս մարդը՝ Նիկոլ Փաշինյանը, աշխատում է իր երկրի շահերի դեմ։ Ոչ թե անկարող է, այլ աշխատում է ընդդեմ հայկական շահի։
  • Այո՛, մեր ժողովուրդը խաբվել է, ընկել է ծուղակը, մի մասն էլ չի ընդունում, որ ընկել ենք այս իրավիճակի մեջ, բայց եթե մենք շարունակենք մեզ ստորացնել, նվաստացնել, մենք այնքան արագ կընկնենք անդունդը։ Չպետք է թուլացնենք մեր հավաքական իմունիտետը։ Եկեք չմոռանանք մեր արժանիքների մասին, չծռենք մեր վիզը։ Հայ զինվորը լավագույնն է։ Ամոթալի է այս վարքագիծը։ Ինքնագնահատականն իջեցրած մարդը չի կարողանա պայքարել, դրա համար էլ ամեն ինչ անում են, որ հայ ժողովրդի բարձր ինքնագնահատականն ընկնի: Մեր ժողովրդի հավաքական ինքնագնահատականը պետք է նորից բարձրացնել։ Կաթողիկոսի խոսքն ինչ-որ տեղ դրան էր ուղղված։ Հայ ժողովուրդ, մի հատ ոտքի կանգնիր, նայիր քո պատմությանը, դու սա չես եղել… Այս մարդիկ՝ գործող իշխանությունները, հայրենիքի դավաճաններ են, իրավունք չունեն քո ճակատագիրը որոշել…

  • Պետք է հասկանալ, որ հայ տղամարդու կերպարը Նիկոլ Փաշինյանը չէ, հայ կնոջ կերպարը նրա կնոջ կերպարը չէ։ Մենք դա չե՛նք։
  • Սրանք հասել են նրան, որ հայ մարդկանց, հայ մասնագետների ձեռքով աղավաղվում, կեղծվում է հայոց պատմությունը… Մենք այս աստիճանի նվաստացման մեջ ենք հայտնվել։ Զարմանում ես՝ պատմաբա՛ն, դու ո՞նց ես սրանց հետ համագործակցում։ 
  • Քարոզչությունը մի բան է, որ երբեք չպետք է դադարի։ Փոխվում են գործիքակազմերը, բայց քարոզչությունը միշտ կա։ Փաշինյանի հեծանվային վոյաժները քարոզչական լուրջ նպատակներ ունեն։ Նախ, նրանք այդպիսով փորձում են շեղել գլխավորից, կարևորից և տակից իրենց սև գործն են անում: Երկրորդ, նրանք մեզ ծաղրում են՝ տեսե՛ք, երկիրը կործանել ենք, ձեր զավակներին տարել, կոտորել ենք, բայց մենք զվարճանում ենք… Մեզ բոլորիս նյարդայնացնելու համար են դա անում։ Մտածված է ամեն ինչ։ Եվ, երրորդ, նրանք դա նաև դրսի համար են անում՝ մեզ՝ որպես պետություն, ժողովուրդ, վարկաբեկելու համար։ Աշխարհին ներկայացնում են, որ պետությունն իրենց հոր դուքյանն է, ինչ ուզեն՝ կանեն, գյադեք, էս կողմ, գյադեք, էն կողմ, ու դա շատ վիրավորական է հայ մարդու համար:
  • Այսօր շատերը վախենում են «Արցախ» բառն արտաբերել, որովհետև վախենում են հալածանքներից։
  • Շատ ճնշող էր տեսնել, որ քո երկրի ղեկավարը քո թշնամու հետ, ով դեռ վերջերս ասում էր՝ հայերը թուրքական սրի վրա մնացած մսի կտորներ են, լայն ժպիտով, Էրդողանի գիրքը կրծքին սեղմած՝ կանգնած է։ Նվաստացուցի՛չ էր։ Նիկոլն արդեն բաց է խաղում, ցույց է տալիս, որ նրանց ծառան է, ճորտը։ Սա մեր ամոթն ու խարանն է… Մենք սրան արժանի չէինք։ 
  • Երբ նայում ենք Էրդողանի կնոջ՝ Էմինե Էրդողանի հետ Աննա Հակոբյանի նկարին, տպավորություն է, որ երեխան մոր գիրկն է ընկել։ Իրենք նույն նպատակները կրող մարդիկ են, համագործակցողներ։ Իրենց պահվածքն այնպիսին է, որ մենք գիտենք՝ իրենք թուրքական շահի համար են աշխատում։

  • Մի օր հայ ժողովրդի համբերության բաժակը կլցվի, ու հայրենիքը ծվատելու պատասխանն իրենք ստանալու են։ Դավաճաններն օգտագործվելու համար են։ Հարվածը գալու է նրանցից, ում հետ այսօր խանդավառ հանդիպում են, ում ծառայում են՝ դավաճանելով մեր երկիրը։
  • Հենց ազգային պայքարի օջախ է սկսվում, անմիջապես սկսվում են վարկաբեկումները։ Իշխանությունը դրա համար ֆեյքերի ֆաբրիկաներ ու այլ գործիքակազմ ունի։ Ժամանակին սկսում են իրենց հակաքարոզչությունը։ Չպետք է տրվել սրանց քարոզչությանը, որոնց սխեմաները լավ մտածվում են դրսում:
  • Մարդկանց այսօրվա տրամադրություններն անհամեմատելի են նույնիսկ 2020թ․ի հետ համեմատած։ Մարդիկ հասկանում են՝ ինչ է կատարվում: Այստեղ ընդդիմությունը մեծ պատասխանատվություն ունի՝ կոորդինացնել ընդդիմադիր տրամադրություններ ունեցողներին։
  • 2018-ից շրջանառվող «նախկիններ-ներկաներ» քարոզչական թեզերի և ներկայումս շրջանառվող «ոչ նախկիններ-ոչ ներկաներ» քարոզչական թեզերի մասին. դրանք ծուղակներ են, որոնց չպետք է տրվել:

Ծուղակներն իսկապես շատ են: Ես երբ մտովի վերադառնում եմ 2018թ., նորից նայում եմ սրա ելույթները, հասկանում եմ, որ շատերի համար դժվար է եղել չընկնել այդ ծուղակը: 2018-ին քիչ էին այն մարդիկ, ովքեր ասում էին՝ սա աղետ է: Այո, հիմա նույն արտաքին ուժերը, նույն քարոզչական գործիքներով պատրաստում են Նիկոլ-2՝ հասկանալով, որ ընկել է սրանց վարկանիշը: Շուտով սա արդեն իրենց պետք չի լինելու, օգտագործեցին՝ դեն են գցելու: Ազգային ուժերը պետք է ուշադիր լինեն ու ճիշտ քարոզչական գործիքներ՝ հակաթույն օգտագործեն սրանց քարոզչության դեմ: Մարդիկ պետք է տեսնեն, հասկանան՝ էդ ովքեր են, ոչ նախկին-ոչ ներկաները, որ նորից մարդիկ խայծեր կուլ չտան, ռեցիդիվ ձևով չընկնեն այս նույն, սակայն այլ փաթեթավորմամբ ծուղակի մեջ: Երկրորդ հարվածին արդեն չենք դիմանա: Վերլուծական կենտրոնները պետք է հասկանան՝ ով է գալիս, որտեղից, ինչ ծագում ունի, և ճշգրիտ քարոզչություն տանեն մարդկանց հետ: Գրագետ աշխատանք է պետք մարդկանց հետ: Բոլոր դեպքերում գիտակից հատվածը զգուշավոր կլինի: Ես հույս ունեմ՝ մեր ժողովուրդն էլ արդեն ավելի զգուշավոր կլինի:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս