Նիկոլը գար «Եռաբլուր»՝ ի՞նչ ասեր. Գա ասի՝ ձեր նվաճած անկախությունն ուղղակի նվիրել եմ թուրքի՞ն. Վահիդ Սահակյան

Այս տարի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ ամյակին, ՀՀ իշխանության որևէ ներկայացուցիչ «Եռաբլուր» չայցելեց։ Միայն Նիկոլ Փաշինյանի անունից ծաղկեպսակ դրեցին «Եռաբլուրում»։

Տարիներ շարունակ ՀՀ ղեկավար կազմը՝ նախագահի, վարչապետի գլխավորությամբ, այցելել է «Եռաբլուր», հարգանքի տուրք մատուցել երկրի անկախությունը ձեռք բերած և այն իրենց կյանքի գնով պահպանած հերոսների հիշատակին։

Սեպտեմբերի 20-ին Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված զինվորներից շատերի ծնողները հայտարարել էին, որ գիշերելու են «Եռաբլուրում», որպեսզի թույլ չտան Նիկոլ Փաշինյանի մուտքը «Եռաբլուր»։ Այդպես էլ արեցին՝ գիշերեցին այնտեղ։

2022 թվականին որդեկորույս ծնողները կրկին գիշերել էին «Եռաբլուրում», սակայն Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտյան անվտանգության աշխատակիցներով, կարմիր բերետավորներով շրջապատված՝ այցելել էր զինվորական պանթեոն, ծնողներին բերման էին ենթարկել և ապահովել նրա մուտքը «Եռաբլուր»։

Կարդացեք նաև

44-օրյա պատերազմում նահատակված Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը, համոզված է՝ այս տարի Նիկոլ Փաշինյանի «Եռաբլուր» չայցելելն այնտեղ գտնվող որդեկորույս ծնողների ներկայությամբ չէր պայմանավորված, այլ նրանով, որ Նիկոլ Փաշինյանն այլևս ասելիք չունի։

«Ես այդ մարդու անունը չեմ ուզում տամ, հասկանո՞ւմ եք, դրա անունը լսելուց սթրես եմ ապրում, բայց դա գար «Եռաբլուր»՝ ի՞նչ ասեր։ Այն ժամանակ ոստիկանական ու անվտանգության շքախմբով եկան, մեզ քաշքշեցին, հանեցին, թողեցին դա մտնի, որովհետև Արցախի մի մասն ունեինք դեռ, բնակչություն ունեինք այնտեղ, բայց այսօր այդ ամենը չունենք։

Լավ, ենթադրենք՝ եկավ ու գնաց Սպարապետ Վազգեն Սարգսյանի կամ Մոնթեի շիրիմին, ի՞նչ ասի, ասի՝ ձեր նվաճած անկախությունն ուղղակի նվիրել եմ թուրքի՞ն։ «Եռաբլուր» այցելում են ասելիք ու պատվախնդրություն ունեցող մարդիկ, բայց այս մարդը ո՛չ նա ունի, ո՛չ նա։ Ինքս այսօր «Եռաբլուրում» ունեմ երեք արյունակից՝ միակ քույրս, ով զոհվել է 1993 թվականին՝ 23 տարեկան էր, 2020 թվականին կորցրեցի մինուճար որդուս, 2023-ի սեպտեմբերի 19-ին զոհվեց աղջկաս նշանածը։ Հիմա այդ արարածը գա՝ ինձ ու ինձ նման հազարավոր մարդկանց ի՞նչ ասի, սա իր հոժար կամքով գնաց թուրքին ասեց՝ Արցախը մերը չէ, վերցրեք»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Վահիդ Սահակյանը։

Ըստ նրա, պատմություն ուսումնասիրած որևէ մի հայ չի կարող ասել, որ Արցախն Ադրբեջանինն է եղել,  Արցախը կա՛մ անկախ է եղել, կա՛մ ցարական Ռուսաստանի կազմում է եղել։ Միայն Լենինի օրոք է Արցախն այսօրվա նման կրկին նվիրվել Ադրբեջանին, բայց  այն ազատագրվել էր։

«Նորմալ մարդն այս կարգի թրքասեր ղեկավար տեսնելուց հետո գոնե պետք է սեփական կարծիքը կազմի։ Էրդողանի հետ օրերս հանդիպման ժամանակ, լայն ժպիտը դեմքին, ամբողջ մարմնով կանգնել ու փակել էր Եռագույնը, տպավորություն էր, որ հանդիպումը կայանում է Թուրքիայի դրոշի ներքո։ Կանգնել, Էրդողանի գիրքը սեղմել էր կրծքին ու հրճվում էր, պաշտոնական արարողությունների ժամանակ, երբ նվեր են ստանում, փոխանցում են սպասարկող անձնակազմին, չեն սեղմում կրծքին ու լայն ժպտում։ Երևի գրքում Էրդողանը հատուկ սրա համար գրել է, որ ճիշտ է արել, որ Արցախը նվիրել է Թուրքիային ու Ադրբեջանին։

Իմ ուսումնասիրած պատմության մեջ հայ ազգը երբևէ չի ունեցել այսքան թրքասեր ղեկավար, որը թուրքին այսքան գրկաբաց է ընդունում, սրա անունը չեմ տալիս։ Նախորդ անգամ դրա կինը Մեհրիբանին հրավիրում էր Շուշի թեյ խմելու ու մուղամ լսելու, այս անգամ էլ գնացել է, Էրդողանի կնոջն է հրավիրում Երևան, չգիտեմ, գուցե առաջիկայում Երևան գա։

Ես վստահ եմ՝ մի օր ամեն ինչ պարզվելու է, Նիկոլն իմանալու է, որ այս կորուստների և՛ պատասխանատուն, և՛ մեղավորն ինքն է, ինքն է տղերքի սպանողը»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Տեսանյութեր

Լրահոս