Իշխանությունը սովոր է պահել իր իշխանությունը փողոցային պայքարից. պետք է պայքարի ռազմավարությունը փոխեն. Քաղտեխնոլոգ

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով՝ այսօր ՀՀ ներքին քաղաքական դաշտում տեղի է ունենում այն, ինչ նախորդ 32 տարիներին էր տեղի ունենում՝ սկսած 1992 թվականի աշնանից, երբ այն ժամանակվա ընդդիմությունը հայտարարում էր, որ շուտով լինելու է թեժ աշուն, հետո՝ գարու,ն և այդպես շարունակ։

«Հիմա տեղի է ունենում հերթական՝ 33-րդ թեժ աշնան խոստումները, որի արդյունքում որևէ բան չի լինելու։ Եթե այսքան ժամանակ կատարում են նույն գործողությունները և որևէ բան չի փոխվում, ո՞վ է ասում, որ նույն քայլը կատարելով՝ թեժ աշուն կլինի ու փոփոխություններ կլինեն։

Նախկինում եթե թեժ աշնան ու ակնկալիքների մասին բարձրաձայնում էին աշխարհիկ գործիչները, հիմա փոխվել է՝ դրա մասին բարձրաձայնում է հոգևորական՝ ի դեմս Բագրատ սրբազանի։

Երբ Բագրատ սրբազանը հայտարարում է, որ իր պայքարը քաղաքական չէ՝ նոնսենս է, քանի որ քաղաքական իշխանությունների դեմ պայքարը չի կարող չլինել քաղաքական։ Ամբողջ աշխարհում քաղաքական իշխանությունների դեմ պայքարը կոչվում է քաղաքական»,- 168.am հետ զրույցում նշեց Արմեն Բադալյանը՝ խոսելով Հայաստանի քաղաքական դատշտում տեղի ունեցող իրադարձությունների ու հնարավոր զարգացումների մասին։

Կարդացեք նաև

Ըստ քաղտեխնոլոգի, երբ որևէ շարժում պահանջում է իշխանության հրաժարականը, սակայն հայտարարում, որ պայքարը քաղաքական չէ, հասարակության կողմից այն լուրջ չի կարող ընկալվել։

«Շարժումը կարող է չլինել կուսակցական, բայց երբ այն դնում է քաղաքական նպատակներ, կոնկրետ այս դեպքում իշխանությունների հեռացում, արդեն իսկ քաղաքական շարժում է, այս շարժումը չի կարող լինել կրոնական կամ սպորտային, անկախ նրանից, թե այդ քաղաքական շարժումն ովքեր են առաջնորդում։

Քաղաքական գործընթացներին չի կարելի անլուրջ վերաբերվել, ուղղակի չի կարելի»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է իշխանություններին, ապա, քաղտեխնոլոգի բնորոշմամբ՝ նրանք Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կիրառում են տարբեր տեխնոլոգիաներ, որոնցից մեկը և ամենաթարմը Նիկոլ Փաշինյանի հեծանիվն է, երբ նա կնոջ ու մի խումբ անձանց հետ հեծանիվ է վարում։

«Սրանով Նիկոլ Փաշինյանն իր ընտրազանգվածին, նաև դրսին փորձում է հեծանիվով ցույց տա, թե՝ տեսեք, Հայաստանում կյանքն այնքան է լավացել, որ արդեն հեշտությամբ կարելի է նույնիսկ հեծանիվ քշել, ինչպես քշում են, օրինակ, Եվրոպայում։ Այսինքն՝ սա մեթոդ է իրենց ընտրազանգվածին իրենց մոտ պահելու համար, բայց այս տեխնոլոգիայով միայն այդ ընտրազանգվածին են կարողանում պահել»,- շեշտեց Արմեն Բադալյանը։

Հնարավոր արտահերթ ընտրությունների վերաբերյալ խոսակցություններին էլ մեր զրուցակիցը հետևյալ կերպ արձագանքեց՝ մինչև 2026 թվականը Հայաստանում այնքան արտահերթ խնդիրներ կարող են առաջ գալ, որ հնարավոր չէ ուղղակի հստակ որևէ բան ասել։

«Առջևում Վրաստանի ընտրություններ կան, որոնք չգիտենք, թե ինչ արդյունքն կունենա, այդ ամենն էականորեն ազդելու է Հայաստանի վրա։ Շատ բան կախված է նաև Միացյալ Նահանգների նախագահակական ընտրություններից և անցնող ուժի վերաբերմունքից, թե նրանք ինչպես կվերաբերվեն Իրանին ու Հարավային Կովկասին Այսինքն՝ կան իրադարձություններ, որոնք կարող են ազդել ՀՀ-ում ընտրություններ անցկացնելու ժամկետների վրա, դրա համար ամեն ինչ կախված է իրադարձությունների զարգացումներից ու դրանց արդյունքներից»,- շեշտեց Արմեն Բադալյանը։

Խոսելով հնարավոր իշխանափոխության մասին, Արմեն Բադալյանն ասաց՝ հասարակությունն ուժ չունի իշխանափոխություն անելու, իսկ 2018 թվականին տեղի ունեցածը ոչ թն իշխանափոխություն էր, այլ Արևմուտքի պահանջով իշխանության հանձնում։

«Հասարակության արտագաղթի պայմաններում ամեն ինչ ազդում է նրա սոցիալ-հոգեբանության վրա։ Փոխվել է նաև հասարակության ժողովրդագրական կազմը։ Բազմաթիվ մեծ կարողություններով, ինտելեկտուալ զանգվածի մեծ մասը Հայաստանից հեռացել է։ Այս գործոնով պայմանավորված որևէ ընդդիմություն չի կարողանում իրականացնել իշխանափոխություն այն մեթոդով, որով վերջին 30 տարիների ընթացքում փորձում են։ Կրկնում եմ՝ 2018 թվականին տեղի ունեցածը իշխանափոխություն չէր։

Իշխանությունը մշտապես սովոր է պահել ու պահպանել իր իշխանությունը փողոցային պայքարից, դրա համար ցանկացած փողոցային պայքար պարտվում է։ Այդ պատճառով էլ պետք է պայքարի ռազմավարությունը փոխեն՝ հաջողություն ունենալու համար»,- եզրափակեց Արմեն Բադալյանը։

Տեսանյութեր

Լրահոս